ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մենք հիվանդ որբ չենք, ում ոչ ոք չի ուզում որդեգրել

Մենք հիվանդ որբ չենք, ում ոչ ոք չի ուզում որդեգրել
01.11.2020 | 09:43

Ժնևում բանակցություններից հետո, որտեղ ձեռքբերված պայմանավորվածությունները ևս մի քանի ժամվա կյանք ունեցան, երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ նամակում ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որ Ռուսաստանը կարող է հատկացնել ՀՀ անվտանգության ապահովման համար:

«Հաշվի առնելով մարտական գործողությունների ՀՀ սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը ՌԴ-ն կարող է հատկացնել ՀՀ-ին՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը», - ասված է հաղորդագրությունում:


Երեկ հայտնի դարձավ նաև ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը՝ «Ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումի՝ սկսել խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ անվտանգության ապահովման նպատակով, վերահաստատում ենք հավատարմությունը ՀՀ նկատմամբ դաշնակցային պարտավորություններին, այդ թվում՝ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի շրջանակում: Այս պայմանագրի որոշ հոդվածներ մեկը մյուսի տարածքի նկատմամբ զինված հարձակման սպառնալիքի առաջացման դեպքում ենթադրում են հստակ գործողություններ: Պայմանագրի համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե մարտական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:


Ղարաբաղյան հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունն ու վերադառնալ առարկայական բանակցություններին՝ նպատակ ունենալով հասել հարցի խաղաղ կարգավորման՝ հիմնված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հոկտեմբերի տասին Մոսկվայում ձեռք բերած պայմանավորվածությունների հիմնարար սկզբունքների վրա»:
Շատերն ընդունեցին իբրև մերժում: Օրինակ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը շտապեց արձանագրել. «Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է. «Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացեք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։ Սուպերպրագմատիկ նախագահի սուպերպրագմատիկ արձագանք՝ ոչ ավելին: Որևէ հայտնություն Լևոն Տեր Պետրոսյանը չի արել:


Իսկ ի՞նչ է ասում պայմանագիրը. «Բարեկամության համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է` «Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում: Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով: Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին»:


Փաստացի՝ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի վրա օդայինհարձակումները ՀՀ վարչապետին լիովին իրավունք են տալիս դիմել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը՝ նկատի ունենալով ագրեսիայի սպառնալիքը: Հրապարակային քաղաքականությունը միշտ ունենում է իր ենթատեքստերը, որ գուցե ինքնին հասկանալի են, բայց պարտադիր չէ հրապարակայնացնել: Իլհամ Ալիևը, օրինակ, արագ հասկացավ վտանգն ու արձագանքեց. «Մենք չենք ցանկանում, որպեսզի որևէ երրորդ երկիր ներգրավվի ղարաբաղյան հակամարտության մեջ: Մենք որևէ երկիր ներգրավելու հնարավորություն չենք տեսնում: Քանի որ մեզ շրջապատող երկրները մեր գործընկերներն ու ընկերներն են: Մենք գիտենք, որ հայկական կողմը փորձում է նրանց ներգրավել այս մարտերում, սակայն համոզված եմ, որ դա տեղի չի ունենա», - ասել է Ալիևը գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում: Իհարկե, նրա հայտարարությունից մնում է եզրակացնել, որ Ադրբեջանն իբրև պետություն արդեն գոյություն չունի ու միացել է Թուրքիային, այլապես Ալիևը չի կարող խոսել երրորդ երկրի ներգրավվածության անցանկալիության մասին, որովհետև երրորդ երկիրը Թուրքիան է, բայց կա՞, թե՞ չկա Ադրբեջանը, նրա համար երևի արդեն մանրուք է: Իսկ ՌԴ ԱԳՆպաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24»-ին հարցազրույցում ասել է, որ ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումն է, որ Մոսկվան կկատարի դաշնակից Երևանի նկատմամբ իր պարտականություններն այն դեպքում, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջականորեն ՀՀ տարածք: «Ինչ վերաբերում է օգնության հստակ ձևաչափերին, այդ հարցը կքննարկվի հավելյալ»,-ասել է Զախարովան: Չբացատրեմ, թե դա ինչ է նշանակում: Այնպես որ հանգստացեք՝ հայերը վաղուց ու բոլորին ապացուցել են, որ հիվանդ որբ չեն, ում ոչ ոք չի որդեգրում, քանի դեռ չի ապացուցել, որ չի մեռնելու: Մենք ապացուցել ենք, որ մեր բառարանում կապիտուլյացիա բառը վերաբերում է միայն մեր թշնամուն, հարցը ժամանակն է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։ Բունդեստագում նախարարն ասել է. «Մեր կարևոր նպատակներից է մարդասիրական հրադադարի հասնել։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողություններն առանց նախապայմանների, և դա միայն մեր պահանջը չի, այլ նաև միջազգային հանրության։ Ես ու կանցլեր Անգելա Մերկելը հակամարտության բոլոր խաղացողներին, այդ թվում՝ Թուրքիային, այդ մասին զգուշացրել ենք։ Մենք ՄԱԿ ԱԽ-ում կոչ ենք արել դադարեցնել մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին, որի միջոցով ու նրա կենտրոնական դերակատարմամբ պիտի ընթանա կարգավորումը»,- ասել է Մաասը։ Նա նշել է, որ չնայած միջազգային հանրության հստակ ու վճռական ուղերձներին՝ կողմերը շարունակում են մարտական գործողությունները։ «Մեզ այլ բան չի մնում, քան ուժեղացնել միջազգային ճնշումը բոլոր կողմերի վրա, որպեսզի նրանք հասկանան, որ միջազգային հանրությունը չի ընդունելու այս խնդրի ռազմական լուծումը։ Բանակցային գործընթացում ամուր դիրքերը մարտադաշտում չեն գտնվելու։ Բանակցություններն այլընտրանք չունեն, և դա պետք է հասկանան ինչպես հակամարտող կողմերը, այնպես էլ այնտեղ դեր խաղացող մյուս երկրները։ Թուրքիան, ԵԱՀԿ անդամ երկրին համապատասխան, պետք է գիտակցի իր պատասխանատվությունը հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը։
Սա էլ համենայն դեպս՝ ի հավելումն չհասկացողների համար:

Դիտվել է՝ 9167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ