ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Զոհրաբ Մնացականյանն ասաց գլխավորը

Զոհրաբ Մնացականյանն ասաց գլխավորը
13.10.2020 | 09:29

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկվանից պաշտոնական այցով Մոսկվայում է: Այցը ծրագրված էր վաղուց, բայց՝ պատերազմը փոխել է օրակարգը: Հիմա օրակարգում պատերազմը կանգնեցնելն է: «Անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է Զոհրաբ Մնացականյանը: Ու Սերգեյ Լավրովը նրա հետ միանգամայն համաձայն էր:


Հանդիպման ժամանակ Զոհրաբ Մնացականյանը թվարկել է, թե ինչ վնասներ է հասցրել շարունակվող պատերազմը Արցախին՝ չնայած հումանիտար հրադադարը: Զոհվել են խաղաղ բնակիչներ, հարյուրից ավելին վիրավորվել են, մեծ վնաս է հասցվել Արցախի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։ ՌԴ ԱԳ նախարարը արձանագրել է. «Մենք տեսնում ենք, որ հրադադարի պայմանավորվածությունը ամբողջովին դեռ չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ շփումները մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում նաև ՊՆ գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն»:


Հավարտ հանդիպման՝ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարը նշեց՝ Ռուսաստանը առաջին օրից ջանք է ներդրել Լեռնային Ղարաբաղի տարածքում դեէսկալյացիայի ապահովման ու բանակցային սեղանին վերադառնալու ուղղությամբ: «Մենք հույս ունենք, որ ընդունված որոշումները անվերապահ կկատարվեն երկու կողմերից։ Մենք այսօր այդ մասին մանրամասն խոսել ենք։ Նաև մտքերով ենք փոխանակվել, թե ինչպես պետք է առաջ շարժվենք։ Դա չի նշանակում, որ բոլոր հարցերը կլուծվեն արագ ու միանշանակ, մենք հասկանում ենք, որ գործընթաց է լինելու։ Բայց քաղաքական բանակցության գործընթացը ձգձգելը մենք ճիշտ չենք համարում»՝ նշեց Լավրովը: «Նախագահ Պուտինի՝ Բաքվի ու Երևանի գործընկերների հետ հեռախոսային խոսակցությունների ժամանակ շոշափվել է նաև վերահսկողության մեխանիզմների հարցը, թե ինչպես է հնարավոր վերահսկել կրակի սպասվող դադարեցումը։ Ինչպես դուք գիտեք, մեր համատեղ հայտարարությունում նշվում է, որ վերահսկողության մեխանիզմի ու կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում ու դրա շուրջ ստեղծված սուր իրավիճակը, հաշվի առնելով գերիների, դիերի փոխանակման հարցը, չի կարելի ձգձգել այդ մեխանիզմների մշակման հարցը։ Այդ ուղղությամբ աշխատանք ներկայում տարվում է, Ռուսաստանի Դաշնությունը դրան մասնակցում է, համանախագահներն են ներգործություն ունենում»,- ասաց Լավրովը։
«Հայաստանը եղել ու շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Եվ այդ ուղղությամբ Հայաստանը ջանքեր կներդնի» ասուլիսում ասաց Զոհրաբ Մնացականյանը։ «Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հասնել կրակի դադարեցմանը։ Միայն կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման դեպքում մենք կարող ենք բոլոր հարցերում արդյունավետ առաջ շարժվել»,- ասաց Մնացականյանը։ Հայաստանն ու Արցախը, նրա խոսքով, միշտ կողմ են արտահայտվել վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, Արդբեջանն է մերժել։ «Ես ևս պնդում եմ, որ կրակի դադարեցման նկատմամբ հսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է»,-ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա անդրադարձավ հարցին, թե ինչ դեր է խաղալու Ռուսաստանը ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում։ «Մենք այս հարցով ակտիվ կզբաղվենք և որպես համանախագահ երկրներից մեկը, և որպես Ռուսաստան՝ ուղղակի մեր հարևանների շատ մոտ դաշնակից, ռազմավարական գործընկեր։ Եվ ես կարծում եմ, որ այստեղ ձեռք բերված մեր գիշերային պայմանավորվածություններն իզուր չէին»,- ասաց նա։


Պատասխանելով Անդրադառնալով Ադրբեջանի հայտարարությունների մասին հարցին, որ Թուրքիան պետք է ներգրավվի միջնորդական առաքելությունում՝ ինչպես առանձին, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, Լավրովն ասաց. «Համատեղ հայտարարությունում վերահաստատվում է բանակցային գործընթացի անփոփոխ լինելը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը բազմաթիվ երկրներից բաղկացած խումբ է, բայց միջնորդության լիազորություն տրված է երեք համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։ Եվ համաշխարհային մայրաքաղաքներից վերջին օրերին արված բոլոր հայտարարությունները հաստատում են հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատին, ինչով մենք հիմա զբաղված ենք մեր ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի գործընկերների հետ»։ Ըստ Լավրովի՝ Ադրբեջանի նախագահը ողջունել է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Լավրովը նշեց, որ հեռախոսեել է Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուիի հետ, տեղեկացրել, որ ակնկալում են նրանց աջակցությունը համանախագահների ջանքերի ուղղությամբ։ Չավուշօղլուն մեկ այլ զանգով հաստատել է իրենց աջակցությունը մոսկովյան համաձայնագրերին: «Եվ հիմա պետք է, որ դրանք կյանքի կոչվեն, ինչով մենք հիմա զբաղվում ենք»,- ասաց նա։


«Երբևէ կասկած չի հարուցել, առավելևս հիմա, որ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միակ ձևաչափն է, որ իրականացնում է խաղաղ կարգավորման գործընթացը, մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել այդ ձևաչափով» ասուլիսում ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահն ասել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա կարգավորման հարցում, համաձա՞յն է, որ Թուրքիայի մասնակցությունը Մինսկի խմբում կամ այլ ձևաչափերում կարող է նպաստել կարգավորմանը: «Մեր դիրքորոշումը եղել և մնում է, որ չկա այլընտրանք խաղաղ կարգավորմանը, եթե Ադրբեջանը ընտրել է ուժի գործադրման ճանապարհը՝ որպես մեթոդ հասնելու պայմաններին կամ առավելապաշտական դիրքերին, չի լինելու խաղաղ կարգավորում և նման մեթոդը ժխտվել և ժխտվում է շատ կտրուկ»,-ասաց նա: Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ տվյալ պահին Թուրքիայի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանում դրսևորվում է ահաբեկիչների ներկայությամբ, որը չի կարող որևէ ձևով ողջունվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հրադադարը չի պահպանվում, և այդ փաստը երեկ քննարկել են նաև Ռուսաստանի ու Թուրքիայի ՊՆ նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը: Reuters-ը հաղորդել է, որ Թուրքիայի ՊՆ նախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանը չի կարող 30 տարի սպասել ղարաբաղյան խնդրի լուծմանը։ Թուրքիան պաշտպանում է սեփական տարածքի վերադարձի նպատակով Ադրբեջանի սկսած գործողությունը»:


Շոյգուի պատասխանը չի նշվում: Իլհամ Ալիևը ևս կրկին պնդում է, որ Թուրքիան պետք է համալրի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարքը։ «Թուրքիան Մինսկի խմբի անդամ է։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան չպետք է լինի նաև Մինսկի խմբի համանախագահների թվում, - թուրքական Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարել է նա: - Եթե անգամ արևմտյան շատ երկրներ չեն ցանկանում ընդունել այդ փաստը, միևնույն է՝ Թուրքիան լուրջ ասելիք ունի և լիովին անկախ է»։
Այսինքն՝ Էրդողանը չի ընդունում իր պարտությունը: Երեկ նաև Ֆրանսիան դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարդասիրական հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ կողմերին կոչ է արել խստագույնս պահպանել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, լիարժեքորեն պատրաստ է նպաստել առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը՝ հակամարտության խաղաղ կարգավորման հանելու նպատակով»,- նշել է նա:


Երեկ Զոհրաբ Մնացականյանը խնդիրը քննարկել է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հոկտեմբերի 8-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում է լինելու մինչև հոկտեմբերի 14-ը: Կլինի՞ նոր հանդիպում համանախագահների ու Բայրամովի հետ: Ամեն ինչ կախված է իրավիճակից ռազմադաշտում:

Դիտվել է՝ 7043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ