ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Մուստաֆա Ադիբը՝ Լիբանանի նոր վարչապետ

Մուստաֆա Ադիբը՝ Լիբանանի նոր վարչապետ
02.09.2020 | 10:28

Օգոստոսի 31-ին Մուստաֆա Ադիբը նշանակվեց Լիբանանի վարչապետ: Նույն օրը Բեյրութ է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մուստաֆա Ադիբը Լիբանանի դեսպանն էր Գերմանիայում: Խորհրդարանական խորհրդակցություններում նրա թեկնածությանն աջակցել են պատգամավորների մեծ մասը և գլխավոր կոալիցիաները: Բայց Ադիբի թեկնածությունը կարող է վեճեր հարուցել հասարակության մեջ՝ նա քաղաքական համակարգի ներկայացուցիչ չէ: Նախորդ վարչապետ Հասան Դիաբը հրաժարական տվեց օգոստոսի 10-ին՝ հայտարարելով, որ «կոռուպցիայի համակարգն ավելի ուժեղ դուրս եկավ Լիբանանի պետությունից»: AFP-ն փոխանցում է, որ Ադիբը նշանակումից հետո գնացել է Բեյրութի նավահանգիստ, որտեղ օգոստոսի 4-ին հզոր պայթյուն եղավ: Նա դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ ուզում է նրա վստահությունը վաստակել: Օգոստոսի 30-ին նախագահ Միշել Աունը կոչ արեց փոխել քաղաքական ղեկավարման ձևավորման կոնֆեսիոնալ սկզբունքը՝ հիմա վարչապետ կարող է լինել սունիտը, նախագահ՝ մարոնիտ քրիստոնյան, խորհրդարանի նախագահ՝ շիայականը: Միշել Աունը հանձնարարել է նոր վարչապետին առաջիկայում ձևավորել նոր կառավարություն և բարեփոխումների նոր նախագիծ: Երկրում բարեփոխումների անցկացումը պնդում է միջազգային հանրությունը՝ այս մասին Լիբանանի նախագահին հիեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ օգոստոսի 6-ին իր այցի ժամանակ: Նա պահանջեց Լիբանանի իշխանություններից «սկսել բարեփոխումները, փոխել համակարգը, վերջ դնել Լիբանանի բաժանմանը և պայքարել կոռուպցիայի դեմ»: Մակրոնը պնդում էր, որ արագ պետք է ձևավորել նոր կառավարություն, որն ի վիճակի կլինի երկիրը դուրս բերել քաղաքական ու տնտեսական ճգնաժամից: Օգոստոսի 31-ի երեկոյան Լիբանան է մեկնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա օրակարգում հանդիպումն է հայտնի երգչուհի Ֆեյրուզի հետ, որ հանդես է գալիս Լիբանանի միասնության օգտին: Երեքշաբթի նա եղավ Բեյրութի նավահանգստում ու հանդիպեց քաղաքական ղեկավարությանը: Այցի նախօրեին՝ օգոստոսի 28-ին Ելիսեյան պալատը նշել է, որ Լիբանանի քաղաքական համակարգի ձևավորման կոնֆեսիոնալ սկզբունքը կարող է խանգարել բարեփոխումներին:


Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պայթյունը 188 մարդու կյանք խլեց, 6500-ը տուժեց, 300 000 բեյրութցիներ զրկվեցին տնից: Պայթյունի հիմնական պատճառ հետաքննությունը դիտարկում է նավահանգստի պահեստներից մեկում 2750 տոննա ամիակային սելիտրայի պահպանության անվտանգության կանոնների չպահպանումը: Օգոստոսի 4-ից պայթյունի գործով ձերբակալության 6 օրդեր է տրվել, այդ թվում՝ մաքսատան պետ Բադրի Դահերի, նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Կորայտեմի, Բեյրութի մաքսային ծառայության ղեկավար Հաննա Ֆարեզի և ինժեներ Նայլի ալ Հաջի, որ աշխատում է այն ընկերությունում, որն ապահովում է բեռների անվտանգությունը նաև այն պահեստներում, որտեղ հետաքննության վարկածով, եղել է պայթյունը: Գործով 25 մարդ է հետաքննվում:
RFI


Հ.Գ. Օգոստոսի 31-ին՝ Բեյրութ այցից առաջ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լուրջ ճնշում է գործադրել Լիբանանի քաղաքական էլիտայի վրա՝ կոչ անելով իրականացնել վաղուց հասունացած բարեփոխումները՝ հաղորդում է Reuters-ը: Մակրոնը գլխավորում է Լիբանանի քաղաքական ու տնտեսական ճգնաժամերի հաղթահարման համար միջազգային ջանքերը, որ ուժեղացել են օգոստոսի 4-ի պայթյունից հետո: Լիբանանի տնտեսությունը կազմալուծված է, երկրում միջկրոնական լարվածությունը մեծանում է, Ֆրանսիայի նախկին պրոտեկտորատը բախվում է 1975-90-ականներից հետո իր կայունության ամենամեծ սպառնալիքին: Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաները անանունության պայմանով Reuters-ին տեղեկացրել են, որ վերջին 48 ժամում Մակրոնի միջնորդությունը կարևոր նշանակություն ունեցավ, որ Ադիբի թեկնածության հարցում կոնսենսուս ձևավորվի: Դեռ անցյալ շաբաթ Լիբանանի քաղաքական ուժերը լիակատար փակուղում էին վարչապետի թեկնածության հարցում: Ադիբի անունը հայտնի դարձավ կիրակի, երբ նրան առաջադրեցին նախկին վարչապետերը, նրանց թվում՝ Սաադ Հարիրին, որ նախագահում է Լիբանանի սունիական կուսակցությունը: Լիբանանի Սահմանադրությամբ՝ վարչապետը պետք է սունի լինի: Մուստաֆա Ադիբը 2013-ից դեսպանորդ էր Բեռլինում, մինչ այդ՝ վարչապետի խորհրդական: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը օգոստոսի 27-ին հայտարարել է, որ Լիբանանը պարզապես անհետանալու ռիսկի առաջ է՝ քաղաքական էլիտայի անգործության պատճառով, որ պետք է արագ ձևավորի նոր կառավարություն կարևորագույն բարեփոխումներ իրականացնելու համար: «Միջազգային հանրությունը ֆինանսական օգնությունը ցույց չի տա, եթե Լիբանանի իշխանությունները բարեփոխումներ չանեն: Նրանք պետք է դա անեն արագ, որովհետև վտանգը Լիբանանի անհետացման մեջ է»՝ ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը RTL-ի ռադիոխմբի հետ զրույցում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջին նախագահն էր, որ Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո այցելեց Լիաբանան: «Առանց այս պայթյունի էլ՝ ճգնաժամը ծանր էր՝ թե քաղաքական, թե բարոյական, թե տնտեսական, թե ֆինանսական առումով»՝ արձանագրել է Մակրոնը իր այցի ժամանակ: Նրա խոսքով՝ առանց լուրջ բարեփոխումների Լիբանանը անդունդ է գլորվելու: Երեկ Լիբանանը նշում էր պետականության 100-ամյակը: 1920-ի սեպտեմբերի 1-ին է ստեղծվել Dawlat Lubnān al-Kabīr-ը՝ «Մեծ Լիբանանի պետությունը»: Բնավ այսպիսի հարյուրամյակ չեն երազել Լիբանանում՝ ուրախ հոբելյանի փոխարեն աղքատություն, սոցիալական ու տնտեսական ծանրագույն ճգնաժամ, գրեթե զրոյական վստահություն իշխանության նկատմամբ, քաղաքական քաոս և օգոստոսի 4-ի պայթյունից հետո՝ աներևակայելի հուսահատություն: Պայթյունից հետո առաջինն օգնության է հասել Ֆրանսիան: Երեկ Մակրոնը նորից Բեյրութում էր: Նա ասել է, թե իր տպավորությամբ` քաղաքական գործընթացը մեկնարկել է: «Արդեն հայտնի է նոր վարչապետի անունը, ես չպետք է տամ իմ գնահատականը կամ օրհնեմ, այդ իրավունքը վերապահված է բացառապես Լիբանանի ժողովրդին: Անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, կարող եմ վստահեցնել՝ եթե դրանք իրականացվեն, միջազգային համայնքն ու, իհարկե, նախևառաջ Ֆրանսիան ըստ ամենայնի կաջակցեն Լիբանանին և Լիբանանի ժողովրդին»,- ասել է Մակրոնը: Լիբանանի նախագահ Միշել Աունն առաջարկում է ամբողջությամբ փոխել գոյություն ունեցող համակարգը, հռչակել աշխարհիկ երկիր և հրաժարվել միջհամայնքային փոխհամաձայնության հայեցակարգից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ