ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ընդդեմ Պեկինի, ընդդեմ Մոսկվայի

Ընդդեմ Պեկինի, ընդդեմ Մոսկվայի
30.07.2020 | 09:27

Բորիս Ջոնսոնի կառավարությունը միաժամանակ վեճի մեջ է մտել երկու մեծ տերությունների հետ: Լոնդոնի արտաքին նոր քաղաքականությունը հետևում է իդեալիզմի ու պրագմատիզմի ինքնատիպ համադրման՝ գրում է Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Ջոնսոնի կառավարությունը Ռուսաստանին անվանում է «ազգային անվտանգության սպառնալիք», միակողմանի պատժամիջոցներ է սահմանում մոսկովյան պետծառայողների նկատմամբ ու խոստանում է, ըստ ԱԳ նախարար՝ «վճռականորեն պաշտպանել Մեծ Բրիտանիան ու ժողովրդավարությունը թշնամական նման երկրներից»: Միաժամանակ՝ Լոնդոնը դեմ է Պեկինի անվտանգության մասին նոր օրենքին՝ ապաստան առաջարկելով 3 միլիոն հոնկոնգցիներին, մերկացնում է Սինցզյան նահանգում մարդու իրավունքների խախտումները և բրիտանական շուկայից դուրս է մղում չինական ընկերություններին հեռահաղորդակցության ոլորտում՝ ինչպես Huawei-ին, գուցե և Byte Dance-ին (Tik-Tok): Վերջին անգամ պայքարը երկու ճակատով մղվել էր, երբ 19-րդ դարում բրիտանացիները կռվում էին Ռուսաստանում Ղրիմի, իսկ Չինաստանում՝ առևտրական ճանապարհներ բացելու համար: Բայց այն ժամանակ Բրիտանական կայսրությունը իր իշխանության զենիթում էր, իսկ Չինաստանն ինքն իր ստվերն էր: 21-րդ դարում Բրիտանիան պաշտպանում է արդեն ոչ հեգեմոնիկ շահեր, այլ ճնշման ենթարկվող արժեհամակարգ: Պատերազմ չկա ծրագրում, բայց ռազմական մկանները լարված են: Լոնդոնը համառորեն պնդում է ՆԱՏՕ-ի ներկայությունը Մերձբալթյան երկրներում, իսկ վերջերս կառավարությունը հայտարարեց, որ «Թագուհի Ելիզավետա» ավիակիրն ուղարկել է Հարավ-Չինական ծով:


Ցինիկները կարող են Ջոնսոնի կառավարության համարձակ գործողությունները համարել ներքաղաքական բազում խնդիրներից ուշադրություն շեղելու փորձ, բայց բրեկզիտի շատ պաշտպաններ թագավորությունը համարում են արևմտյան արժեքների հուսալի պաշտպան: Բրեկզիտի մասին համարյա ամեն ելույթ Ջոնսոնը համեմում էր «իրականում գլոբալ Բրիտանիա ստեղծելու» խոստումներով, որ ԵՄ-ից դուրս գալուց հետո վճռականորեն պաշտպանելու է ժողովրդավարությունը, իրավական պետության սկզբունքները և մարդու իրավունքները: ԵՄ-ի հետ դաշինքում ազատության ու ավտոկրատիայի դեմ բրիտանական արշավն ավելի արդյունավետ էր, բայց ճշմարտություն է, որ ԵՄ 27 երկրները հազվադեպ են կարողանում պայմանավորվել համաձայնեցված արտաքին քաղաքականության վերաբերյալ: Այս պահին վճռական գործողությունների հասնել Ռուսաստանի դեմ, ենթադրաբար դժվար է, և ոչ միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պատճառով, կասկածներ կան և Բեռլինում: Ավելի մեծ դժվարություններ Գերմանիան՝ լինելով արտահանող երկիր, զգում է Չինաստանի հետ առավել կոշտ վերաբերմունքից, արդեն չասած ԵՄ երկրների մասին, որ կիսով չափ Պեկինի կողմնակից են իր նոր Մետաքսի ճանապարհին: Այդ պատճառով Բրիտանիայի տեսակետից իրավիճակն այսպիսին է՝ ավելի լավ է մենք մենակ գործենք, քան միասին ոչինչ չանենք:


Այդ շատ իդեալիստական դրդապատճառը, որ Հոնկոնգի դեպքում ուղեկցվում է պատմական պատասխանատվության զգացումով, ձայնակցում է բրիտանական նոր շահերով ԱՄՆ-ում: Որքան ավելի անորոշ է ԵՄ-ի՝ Լոնդոնի կարևորագույն տնտեսական գործընկերոջ հետ, առևտրական բանակցությունների ելքը, այնքան կշիռ են ստանում զուգահեռ բանակցությունները ԱՄՆ-ի՝ Լոնդոնի կարևորությամբ երկրորդ գործընկերոջ հետ: Դոնալդ Թրամփը դա գիտի և օգտագործում է իբրև ճնշման միջոց: Երբ վերջերս պետքարտուղար Մայք Պոմպեոն Լոնդոնում էր, գոհունակություն էր հայտնում Լոնդոնի քաղաքականության փոփոխությամբ Չինաստանի նկատամբ և կոչ էր անում առավել խստացնել: Վլադիմիր Պուտինի Ռուսաստանը վերածվել է պատժի Եվրոպայի համար, որոշ չափով նաև սպառնալիքի: Բայց Սի Ձինպինի աշխարհաքաղաքականորեն առավել տոլերանտ, ուժեղ և 10 անգամ ավելի շատ բնակչություն ունեցող ժողովրդական Չինաստանը Արևմուտքը դնում է մեծ խնդիրների առաջ: Երկար տատանումներից հետո Մեծ Բրիտանիան, հաշվի առնելով ենթադրաբար ցավոտ պատասխան քայլերը, անդամակցեց հակաչինական կոալիցիային, որտեղ ԱՄՆ-ից բացի արդեն կան Ճապոնիան, Հնդկաստանը և Ավստրալիան: Կօգնի՞ առճակատման ուժեղացումը տեղը նստեցնել Պեկինին, ցույց կտա ժամանակը: Բայց աճում է ճնշումը Գերմանիայի ու ԵՄ-ի վրա, որ արդեն պետք է հայտարարեր իր դիրքորոշումը:
Frankfurter Allgemeine Zeitung


Հ.Գ. Դեռ բրեկզիտի համաձայնագրի Համայնքների պալատում վավերացումից առաջ՝ Լոնդոն այցի ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ջոնսոնին միլիարդների պայմանագրեր էր խոստանում՝ աննախադեպ ու հզոր, բայց խոստումն ու առաջարկը տարբեր են՝ իրականում նրան պետք էր Լոնդոնին պոկել ԵՄ-ից ու իր կարծիքով՝ թուլացնել ԵՄ-ն, ուժեղացնել ԱՄՆ-ը: Բացառիկ, աննախադեպ, հզոր՝ դրանք բառեր են, որ գործնականում կարող են զրոյանալ առևտրային ու տնտեսական հարաբերություններում, առավելևս, որ կորոնավարակի հարուցած տնտեսական ճգնաժամը հիանալի վերապահում է, որ Թրամփը չկատարի իր խոստումը՝ իրավիճակ է փոխվել, բայց այս փուլում նա դեռ մնալու է խոստումների դաշտում, որ Լոնդոնը Բրյուսելի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նախկին մակարդակին պահելու փորձեր չանի: Իսկ ԵՄ-ն չունի Ռուսաստանի ու Չինաստանի հետ ԱՄՆ-ի ունեցած խնդիրները, Ռուսաստանը ԵՄ-ին պետք է համաեվրոպական անվտանգության ապահովման համար, Չինաստանը՝ տնտեսական զարգացման: Աստիճանաբար՝ ԵՄ-ում գերակայելու են այն երկրները, որ դուրս են գալու ԱՄՆ ազդեցության դաշտից ու ներգրավվելու են Եվրոպա-Ասիա առանցքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 23907

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ