ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կոնֆլիկտի քաղաքական լուծում չի ուրվագծվում

Կոնֆլիկտի քաղաքական լուծում չի ուրվագծվում
25.07.2020 | 10:59

Բեռլինի «Գիտություն ու քաղաքականություն» հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Ուվե Հալբախը Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականությունը միանգամայն իրական է համարում: Die Tageszeitung-ի լրագրող Տիգրան Պետրոսյանը զրուցել է փորձագետի հետ:

Խոսելով հետխորհրդային տարածքի կոնֆլիկտների մասին, մասնավորապես՝ Հարավային Օսեթիայի ու Վրաստանի, Ուկրաինայի արևելքի կոնֆլիկտի մասին՝ Հալբախը նշել է. «Մինչև Ուկրաինայի արևելքում, Դոնբասում կոնֆլիկտի սկիզբը՝ բոլոր այդ կոնֆլիկտներն անվանում էին սառեցված: Բայց Լեռնային Ղարաբաղը ցույց տվեց, որ դրա վրա հույս դնել չի կարելի: Կոնֆլիկտը քանիցս նորից բռնկվել է, օրինակ, 2016-ի ապրիլին: Հիմա էլ նույնն է կատարվում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը չի կարելի համարել սառեցված: Հետխորհրդային տարածքի մյուս կոնֆլիկտներից ևս մեկ տարբերություն է արտաքին ուժերի շահերի տարբերակվածությունը»: «Ռուսաստանը ռազմաբազա ունի Հայաստանում և զենք է մատակարարում երկու կողմերին էլ: Սակայն Մոսկվան, ի տարբերություն Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի իրավիճակի, ուղղակի ներկա չէ Լեռնային Ղարաբաղում: Կրեմլը այս կոնֆլիկտում ունի ավելի շուտ չեզոք դիրք: Դա է վկայում, որ վերջին էսկալացիայի ժամանակ Ռուսաստանը երկու կողմերին էլ զսպվածության կոչ էր անում»՝ նշել է Ուվե Հալբախը: «Կոնֆլիկտում ռուսական դիրքորոշումն այնքան էլ հեռու չէ ԱՄՆ-ի և արևմուտքի մյուս գործող անձանց դիրքորոշումից, օրինակ՝ Ֆրանսիայի: Դա նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում մենք գործ ունենք Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ավելի քիչ աշխարհաքաղաքական մրցակցության հետ, քան Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում»՝ գտնում է Հալբախը: Նրա խոսքով՝ Թուրքիան միակ արտաքին ուժն է, որ կոնֆլիկտում անցել կողմերից մեկի պաշտպանության դիրքեր՝ հայտարարելով, որ պատերազմի դեպքում մտադիր է աջակցել Ադրբեջանին: «Իբրև սկիզբ՝ պետք է խուսափել վատագույնից: Դա նշանակում է՝ պետք է մշտապես կողմերին կոչ անել զսպվածություն դրսևորել և պատերազմի մեջ չմտնել: Սակայն այդ վտանգը միշտ կա: Քաղաքական լուծում նախկինի պես չի ուրվագծվում: Կողմերի միջև կան էական հակասություններ: Ադրբեջանը կոնֆլիկտի լուծման պայման է դնում Հայաստանի զորքերի դուրս բերումը նվազագույնը 7 շրջաններից Լեռնային Ղարաբաղի շուրջը: Հայկական կողմը պնդում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների վրա, որ ներկա պահին ներկայացված չեն»:
Տիգրան Պետրոսյան, Tageszeitung


Հ.Գ. Աշխարհի ամենահեշտ գործը փորձագետինն է՝ ինչ ուզում ասում են, ոչնչի համար պատասխանատվություն չեն կրում, բոլոր դեպքերում կա՝ «Իրավիճակն անկանխատեսելի զարգացումներ ունեցավ»՝ վերապահում-արդարացումը: Մինչդեռ փորձագիտական տեսակետ արտահայտելու համար նվազագույնը պետք է տեղյակ լինել հարցի պատմությանը: Եվ այս մակերեսային պատկերացումները ձևավորում են հասարակական կարծիք, որտեղ Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը դրվում են նույն հարթության վրա: Ժամանակակից տեխնոլոգիաները չօգտագործելը տեղեկատվական պատերազմում, մեղմ ասած, ընկալելի չէ: Բայց խնդիրն այն է, որ ոչ Հայաստանում, ոչ Արցախում չկա պետական որևէ կառույց, որ զբաղվի ոչ միայն կոնֆլիկտի ճիշտ ներկայացման, այլև արտաքին աշխարհին Հայաստանի ու Արցախի լիարժեք ներկայացման ու մեր ազգային շահերի քարոզչության համար: Իրականում դա ԱԳՆ-ի գործը չէ, կամ շատ քիչ է ԱԳՆ-ի գործը, որ քիչ էլ արվում է: Հընթացս կամ իրավիճակային, մինչդեռ պետք է լինի ամենօրյա ու բազմավեկտոր: Չենք անում ու ստանում ենք մակերեսային կամ կողմնակալ պատկերացումներ և բողոքում ենք, որ աշխարհը մեզ չի հասկանում ու չի պաշտպանում, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ աշխարհը մեզ ճանաչի ու գնահատի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ