ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կորոնավիրուսը գտավ երկրորդ վարչապետին՝ Միխայիլ Միշուստինին

Կորոնավիրուսը գտավ երկրորդ վարչապետին՝ Միխայիլ Միշուստինին
02.05.2020 | 11:42

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով: Իր հիվանդանալու մասին նա տեսակապով հաղորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Միշուստինն ասաց, որ ինքնամեկուսանալու է և փոխարինող առաջարկեց առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին: Միշուստինը հավաստիացրեց Պուտինին, որ կառավարությունը շարունակում է ակտիվ աշխատել, և ինքն էլ կապի մեջ է լինելու: Պուտինը նրան արագ ապաքինում մաղթեց և համաձայնեց Բելոուսովին նշանակել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: ՌԴ դաշնային պաշտոնյաներից պաշտոնապես հաստատվել է կորոնավիրուսի վարակման մի քանի դեպք միայն: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ վարակված են Պետդումայի պատգամավորներ Դմիտրի Նովիկովն ու Լեոնիդ Կալաշնիկովը: Երկուսն էլ ասել են, որ կորոնավիրուսի իրենց տեստերը բացասական են եղել, ախտորոշումն արվել է համակարգչային տոմոգրաֆով: Կալաշնիկովը բարձր ջերմություն ունի, Նովիկովը՝ ոչ: Երկուսն էլ հիվանդանոցում են, ասել են, որ վարակվել են իրենց վարորդներից: Պետդումայի 4 վարորդներ հիվանդ են: Մարտի վերջին Պետդումայում պատգամավորներին տեստավորել են, հիվանդության մասին չի հաղորդվել: Ապրիլի սկզբին կորոնավիրուսով զանգվածային վարակում եղավ Մոսկվայի քաղաքային դումայում՝՝ և պատգամավորների, և աշխատակիցների: Ապրիլի 18-ին 63 տարեկանում կորոնավիրուսից վախճանվեց Մոսկվայի շրջանային դումայի պատգամավոր Իվան Ժուկովը: Մարտի վերջին կորոնավիրուսի երկու դեպք արձանագրվեց նախագահի աշխատակազմում: Մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը այն ժամանակ տեղեկացրեց, որ նախագահի հետ հանդիպումների բոլոր մասնակիցները, նրա մերձավոր շրջապատում գտնվողները նախապես տեստավորվում են:

BBC

Հ.Գ. Մայքլ Կարպենտերը The Washington Post-ում գրում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արժանիորեն վայելում է խորաթափանց քաղաքական գործչի ու տակտիկի հեղինակություն, բայց վերջին մի քանի շաբաթներին նա սխալներ է անում ռուսաստանցիների վերաբերմունքի կառավարման մեջ: Հիմա նրա առաջ իր կառավարման տարիների ամենալուրջ խնդիրներն են ծագել, և՝ այն պահին, որ նա համարում էր ամենաանվտանգը իր կառավարման ժամկետը սահմանադրական փոփոխություններով երկարացնելու համար:

Կրեմլի առաջին սխալը մարտի սկզբին էր, երբ մերժեց Սաուդյան Արաբիայի հորդորները՝ կրճատել նավթի հանույթը: Նավթի գերկուտակմանը նպաստելու Ռուսաստանի որոշումը սխալ էր: Պուտինը, հավանաբար, հույս ուներ, որ անակնկալ գնանկումը կսնանկացնի թերթաքարային նավթի ամերիկացի անկախ արդյունահանողներին: Բայց այն, ինչ Պուտինը ծրագրում էր իբրև նոկաուտ, ավելի շուտ ինքնագոլ էր սեփական դարպասը: Թեպետ ԱՄՆ թերթաքարային ինդուստրիան իրոք տուժեց, համախմբման ռաունդը նրան ավելի ճկուն էր դարձրել, քան կարող էր լինել այլ դեպքերում: Ապրիլին, երբ արձանագրվել էին նավթի բացասական գներ, հենց նախագահ Դոնալդ Թրամփը Պուտինին փրկօղակ նետեց՝ նպաստելով սաուդցիների հետ հանույթի կրճատման համաձայնությանը: Ռուսական էներգետիկ հատվածում շատերը դա որակեցին ստորացուցիչ զիջում: Սակայն խաղասեղանին դրված է ոչ միայն Ռուսաստանի՝ իբրև շուկայական խաղացողի հեղինակությունը: Նավթի գինը էական հարց է պուտինյան նավթային պետության համար, որտեղ բյուջեն ու տարադրամը սերտ կապված են ածխաջրածինների համաշխարհային շուկաների հետ: Տնտեսական կանխատեսումները Ռուսաստանի համար անուրախ են՝ տարադրամի անվտանգության բարձիկը բավականին արագ կարող է հալվել դժվարություններ ունեցող ընկերություններին բյուջետային աջակցության, պանդեմիայի ժամանակ վճարվող արձակուրդի պատճառով՝ առանց ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրման, որ կարող է հանգեցնել համազգային գործազրկության աճի ու սնանկացումների ալիքի:

Կրեմլի երկրորդ մեծ սխալը իր քարոզչական մեքենային թույլ տալն էր, որ անհաղթության աուրա սփռի, երբ Covid-19-ի ցունամին արդեն տարածվել էր ամբողջ Ռուսաստանում: Հունվարի 31-ին Կրեմլը փակեց Չինաստանի հետ սահմանի մի մասը, բայց ոչ ամբողջ սահմանը, որ հանգեցրեց անվտանգության կեղծ զգացումի: Ցուցադրելով իրենց մեծամտությունն ու անգրագիտությունը, մարտի վերջին զինվորականները լայնամասշտաբ զորավարժություններ անցկացրին Ուկրաինայի սահմանին: Փետրվարին ու մինչև մարտի կեսը տեստավորում արվում էր Սիբիրի միակ լաբորատորիայում: Դա նշանակում է, որ Covid-19-ի դեպքերի մեծ մասը ամբողջ Ռուսաստանում՝ իր 11 ժամային գոտիներով, սխալմամբ ախտորոշվում էին պնևմոնիա, բրոնխիտ, գրիպ և այլն: Չօգնեց, որ իշխանությունները քրեական պատասխանատվություն սահմանեցին «կեղծ տեղեկատվության» տարածման համար, որ ձերբակալեցին հայտնի բժշկին պաշտոնական վիճակագրությունը վիճարկելու համար, երբ նա փորձում էր դիմակներ տանել նահանգային աղքատ հիվանդանոցին:

Հիմա, երբ սոցցանցերի օգտատերերը տեսանկարահանումներ են փոխանակում՝ ինչպես են շտապ օգնության մեքենաները բազմակիլոմետրանոց հերթեր կանգնում, որ պացիենտին տեղավորեն մոսկովյան գերլեցուն հիվանդանոցներում, այլևս անհնար է պնդել, որ ամեն ինչ վերահսկողության տակ է:

Պանդեմիայի քաղաքականության որոշումների ընդունումը նահանգապետերին պատվիրակելը կարող է Պուտինին պաշտպանել քաղաքական հետևանքներից առաջիկա հեռանկարում, բայց հազիվ թե հանգեցնի լավ կառավարվող քաղաքականության երկարաժամկետ հեռանկարում: Այդ ամենը սպառնալիք է Սահմանադրության փոփոխության Պուտինի ծրագրին, որ նա մտադիր էր հանրաքվեի դնել՝ ապրիլի 22-ին, բայց հիմա հետաձգել է անորոշ ժամանակով: Այս շաբաթ հրապարակված հարցումը ցույց է տալիս, որ վստահությունը Պուտինի նկատմամբ 14 տարվա նվազագույնին է հասել: Մեկուսացման հրահանգներին հակառակ՝ բողոքի ակցիաներ եղան Վլադիկավկազում ու Ռոստովում, ավելի փոքր քաղաքներում, որտեղ ընդդիմադիր ցույցեր սովորաբար չեն լինում: Դժվար է կանխատեսել՝ ինչ կլինի հետո, բայց ակնհայտ է, որ Պուտինի իշխանության լեգիտիմությունը տեստավորվելու է ինչպես երբեք նախկինում:

Ահա այսպես: Փորձագետների հաշվարկներով՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից մեկը Ռուսաստանում կարող է դառնալ 9 միլիոն գործազուրկը: Ցավոտ իրականություն է՝ կորոնավարակը տեստավորում է բոլոր երկրների իշխանություններին, ոչ բոլորն են դրական արդյունք ունենում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ