ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ռուսական ճգնաժամը 13 միլիարդ դոլարի դրամական փոխանցում սպառնալիքի տակ է դնում

Ռուսական ճգնաժամը 13 միլիարդ դոլարի դրամական փոխանցում սպառնալիքի տակ է դնում
15.04.2020 | 08:44

Խորացող տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում ցավոտ հարվածելու է այն երկրներին, որոնց տնտեսությունը շատ ուժեղ կապված է արտասահմանից դրամական փոխանցումների հետ: Խորհրդային նախկին հանրապետությունների աշխատանքային միգրանտներն ամեն տարի տուն են ուղարկում 13 միլիարդ դոլար Ռուսաստանից, որտեղ թույլատրված է աշխատել առանց վիզաների: Հիմա դրամական այդ հոսքը կարող է կտրվել, որովհետև Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում մեկուսացման խիստ կարգեր են գործում, դադարեցված է շինարարությունը և ընկել է տաքսիների պահանջարկը: Լոնդոնի
M&G Investments ներդրումային ընկերությունում աշխատող, ձևավորվող շուկաների վերլուծաբան Էլդար Վախիտովի խոսքով՝ այս տարի Ռուսաստանից փոխանցումների ընդհանուր ծավալը կարող է կրճատվել 30-40% և նույնիսկ ավելի: Կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ ինքնամեկուսացման միջոցառումները 2020-ին կարող են 1,5-2% նվազեցնել տնտեսական աճը, եթե իրականանան վատագույն սցենարները, որ մարտին քննարկում էր ՌԴ կառավարությունը, աճի նվազումը կարող է լինել 5-10%: «Ռուսաստանից փոխանցումների ծավալի նվազումը հնարավոր չէ ոչնչով փոխհատուցել,-գտնում է Վախիտովը:- Երկրները ստիպված են օգտագործել սեփական ռեզերվները կամ դիմել լրացուցիչ օգնության համար ԱՄՀ-ին ու այլ պետությունների»: Այս տարի ռուբլու կուրսը դոլարի համեմատ ընկել է 16%-ով, այսինքն՝ հետխորհրդային ցանկացած տարադրամից ավելի: Դա նվազեցրել է այն գումարների արժեքը, որ աշխատանքային միգրանտները շարունակում են տուն ուղարկել: Էլեկտրոնային դրամական փոխանցումներ կատարող և միգրանտների նախընտրելի Յունիստրիմ բանկը հայտարարել է, որ մարտին վճարումների ծավալը 2019-ի համեմատ նվազել է 30%: Մարտի վերջին նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգեց տանն աշխատել, իսկ վերջերս կարանտինը երկարացրեց մինչև մայիսի 1-ը: Վրաստանի Կենտրոնական բանկը, որ աշխատանքային միգրանտներ է ուղարկում Իտալիա, գտնում է, որ 2020-ին փոխանցումների ընդհանուր ծավալը 1/3-ով կկրճատվի: ԱՄՀ-ը Ղրղզստանին կտրամադրի 121 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ օգնելու ծածկել 400 միլիոն դոլարի վճարումների բալանսի պակասորդը, որ մասնակի հարուցվել է նաև դրամական փոխանցումների կրճատումով: Հավանաբար՝ ավելի լավ վիճակում է Ուզբեկստանը, որ ունի ոչ մեծ պարտք և ոսկու ու տարադրամի պահուստներ: Ամենից շատ տուժելու է Տաջիկստանը՝ ամենաաղքատ երկիրը խորհրդային նախկին հանրապետություններից: Դոլարային պարտատոմսերի դրուքաչափը այդ երկրում անցել է 16%-ը՝ ներդրողները զգուշանում են, որ պետությունը չի կարող այդ պարտատոմսերը գնել: «Ռուսաստանի տնտեսության դանդաղումը լուրջ խնդիրներ է առաջացնելու Տաջիկստանում ու Ղրղզստանում: Ծագում է բանկային հատվածում լիկվիադայնության կորստի ռիսկ և զանգվածային գործազրկության սպառնալիք,-ասել է Քենանի ինստիտուտի գիտաշխատող Էդվարդ Լեմոնը:-Ճեղքը փակել նրանք չեն կարող: Նրանց համար շատ դժվար է բավարար աշխատատեղեր ստեղծել»:
Էն Քուին, Նաուբետ Բիսեենով, Հելենա Բեդուել, Bloomberg


Հ.Գ. Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՀ-ը հավանություն է տվել 25 աղքատ պետության պարտքի ծավալի անհապաղ կրճատման առաջարկին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աջակցելու նպատակով: ԱՄՀ-ին պարտքային բեռը մասամբ թեթևացվել է նաև Տաջիկստանի համար: ԱՄՀ-ի տնօրեն Կրիստալինա Գեորգիևան մանրամասնել է, որ այս բոլոր պետությունների՝ ԱՄՀ-ին պարտքի սպասարկման և մարման համար կօգտագործվեն ԱՄՀ-ի հատուկ թրասթային հիմնադրամի միջոցները: Այդ ֆինանսական միջոցների հաշվին երկրների պարտքային պարտավորությունները կսպասարկվեն կես տարի: ԱՄՀ-ը Հայասատանի հարցով որևէ որոշում չի ընդունել: Բայց Ռուսաստանից տրանսֆերտների կրճատումը և աշխատանքային միգրանտների զանգվածային ու հախուռն վերադարձը վերաբերում է նաև Հայաստանին: Հատկապես աշխատատեղերի ստեղծման հարցով: Հայաստանի իշխանությունները 21-րդ դարի առաջին տասնամյակից խոսում էին տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտության մասին, բայց դա թուլացնելու էր կախումը Ռուսաստանից ու այդպես էլ մնում թղթի վրա: Հուսանք, որ գոնե կորոնավարակը կօգնի հասկանալ, որ Հայաստանի տնտեսության կառուցվածքը պետք է փոխվի՝ հօգուտ արտադրության մեծացման ու աշխատատեղերի ստեղծման, ու դա զուգահեռ լուծելու է ժողովրդագրական խնդիրը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ