ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Կուսակցություն, որտեղ ավարտվում է ՀԱԿ-ը

Կուսակցություն, որտեղ ավարտվում է ՀԱԿ-ը
07.02.2013 | 15:41

Փետրվարի 7-ը փայլուն օր է` հեռագնա հայտարարությունների համար: Շաբաթվա կես, ամսի 7, ընտրություններից 11 օր առաջ` ճիշտ ժամանակն է հայտ ներկայացնելու հետընտրական քաղաքական դաշտում սեփական ներկայացվածության ձևաչափի մասին: Առավելևս, որ այդ թեմայով լռությունն արդեն պարզապես անպատշաճ էր դառնում ու սահմանակցում էր կողմնորոշման բացակայությանը: Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց և գործնականում կարդաց ՀԱԿ-ի դատավճիռը` «Հասկանալի է, որ Կոնգրեսն այլևս չի կարող պահպանվել նույն կազմով ու կառուցվածքով», գնահատական տվեց նախորդ հինգ տարիների գործունեությանը` «Որպես տարբեր քաղաքական ուժերի և անկուսակցականների հոծ զանգվածի դաշինք, Կոնգրեսը լիովին կատարել է ավազակապետության դեմ անհաշտ պայքարի ելած ընդդիմադիր շարժման իր անուրանալի դերը, բայց այդ դերակատարությունը շարունակելու և պայքարը մինչև հաղթական ավարտ հասցնելու համար կարիք ունի լուրջ ինստիտուցիոնալ փոփոխության», ավելին` իրեն բնորոշ լակոնիզմով ուրվագծեց հետագան` «նկատի ունենալով առաջիկա տարիներին քաղաքական զարգացումների միտումները, կարծում եմ, արդեն ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության»:

Արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանին չի դավաճանում իր պատմական պրագմատիզմը: ՀԱԿ-ի` Կոնգրեսից կուսակցության անցումը նա համեմատում է Համաժողովրդական շարժումից ՀԱԿ-ի անցման հանգրվանի հետ, իսկ ավելի խորքը նայելով` կարող էր համեմատել նաև Հայոց համազգային շարժման` կուսակցության վերածվելու գործընթացների հետ, որոնք ՀՀՇ-ի վերջի սկիզբը դարձան: Նոր կուսակցության տեղը քաղաքական դաշտում Լևոն Տեր-Պետրոյանը բնորոշում է իբրև սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսության կրող, «որի էությունը լիակատար լիբերալ տնտեսական համակարգի և ժողովրդի սոցիալական պահանջների լիարժեք բավարարման ներդաշնակումն է` պետության չւսփավոր վերահսկողության շրջանակներում», իսկ քաղաքական ծրագիրը «չի վերաբերվելու ,Հայ Ազգային Կոնգրեսե դաշինքի ծրագրին, այն է ավազակապետության կազմաքանդում և սահմանադրական կարգի վերականգնում, ինչը նշանակում է բոլոր այն նպատակների իրականացումը, որոնք մեր ժողովրդի կամքով ամրագրված են ՀՀ Սահմանադրության մեջ»: Լևոն Տեր-Պետրոսյանը չի ասում, բայց բնական է, որ առաջադրված նպատակին անցումի շրջանում ՀԱԿ-ում կլինեն կազմի նոր փոփոխություններ: Ոչ բոլոր կուսակցությունները կհամաձայնեն միավորվել նոր կուսակցության մեջ` դադարեցնելով իրենց գործունեությունը: Թեպետ` ՀԱԿ-ում այսօր դեռ գոյություն ունեցող բոլոր կուսակցություններն էլ ունեն իրենց տեղի ու դերի ճշտման, առավելևս` հետագա ճակատագրի որոշարկման անհրաժեշտություն: Առաջին նախագահը պատրաստ է ղեկավարել նոր կուսակցությունը` այս փաստը կարող է միավորիչ գործոն դառնալ, բայց վերապահումներով: Ակնհայտ է, որ ՀԱԿ-ում այլևս իրենց աշխատանքները համակարգողի, համարյա թե Աստծո քարտուղարի կարիք չեն զգում, չեն զգում բոլորը, բայց բարձրաձայնում են ոչ բոլորը, ուստի շատ կարևոր են կազմակերպական խնդիրները և նոր ձևավորվող կուսակցության ներսում փոխհարաբերությունների կառուցման հարցերը: Ինչ անուն կունենա կուսակցությունը, առայժմ չի ասվում: Եթե պահպանվի ՀԱԿ-ի բրենդը, շատ մեծ հարց է առաջանալու անվան և բովանդակության համապատասխանության վերաբերյալ, որովհետև այս փուլում ակնհայտ է, որ 2007-ին սկսված, 2008-ին գագաթնակետին հասած ու աստիճանաբար վայրէջք ապրած համազգային շարժումը ընդամենը մեկ կուսակցության դերին է այժմ հավակնում, մեկ կուսակցության, որ դեռ պիտի կայանա ու նորից հիմնավորի իր գոյության իրավունքը: Բազմակուսակցական համակարգի կայացման ու գործունակության ընդհանրական գործընթացներում հաջողություն կունենա նոր կուսակցությունը, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Հաջողության և ձախողման երաշխիքները գրեթե հավասար են: Ամեն ինչ կորոշեն ճշմարտության հետ փոխհարաբերությունները, ժողովրդի, թե քաղաքական դաշտի հետ աշխատելու նախընտրությունները, ասելիքի համապատասխանությունը թափուր մնացած Ազատության հրապարակի սպասումներին:
Բոլոր դեպքերում` բարի ճանապարհ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ