Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

«Մեր քաղաքական մշակույթն իր մեջ պարտադիր պարունակում է փողոցի ներգործությունը»

«Մեր քաղաքական մշակույթն  իր մեջ պարտադիր պարունակում է  փողոցի ներգործությունը»
06.06.2008 | 00:00

Ներքաղաքական իրավիճակի և դրա զարգացման հնարավոր հեռանկարների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում Կովկասյան լրատվամիջոցների ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ։

¬Պարոն Իսկանդարյան, Լևոն Տեր¬Պետրոսյանի վերջին ելույթից հետո հասարակության մեջ ձևավորվում է տպավորություն, որ ներկա ճգնաժամի լարվածությունը մի փոքր թուլացել է։ Մի շարք ընդդիմադիր գործիչներ ազատ են արձակվել, կան խոսակցություններ, որ մինչև հունիսի 20¬ը կալանքից կազատեն բոլորին։ Ձեր կարծիքով, որքանո՞վ է այս տպավորությունը համապատասխանում իշխանություն¬ընդդիմություն իրական հարաբերություններին։

¬Լարվածության որոշ թուլացում, իհարկե, կա։ Բայց ես չեմ կարծում, թե դա Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթի ուղղակի հետևանքն է։ Ինչպես նաև ընդդիմադիր առանձին գործիչների կալանքից ազատումը։ Ըստ իս, դրանք այլ գործընթացի ցուցանիշեր են։

¬Մասնավորապես ի՞նչ նկատի ունեք։

¬Պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ընդդիմության գործելակերպում այսօր առկա է երկու միտում։ Առաջինը մինչև ընտրությունները եղած տրամաբանության շարունակությունն է, որը ես կանվանեի իշխանությունն անհապաղ վերցնելու միտում։ Այսինքն, ընդդիմությունն ինքն իրեն դիտարկում է իբրև մեկանգամյա գործողության մեխանիզմ, խոյահարող մեքենա, որով փորձ արվեց ջարդել իշխանության պատը։ Եվ եթե փետրվարի 19¬ին դա չհաջողվեց, ապա ընդդիմության զգալի հատվածը կամ մեծամասնությունը կարծում է, որ կհաջողվի ավելի ուշ։ Այս տրամաբանությունից ելնելով` հիշյալ թևի կողմնակիցները պնդում են, որ իրենք սկզբունքորեն հաղթել են, ժողովուրդն իրենց կողմն է, Սերժ Սարգսյանն այլևս չունի որևէ աջակցություն, և մնում է միայն այդ հաղթանակը վերջնականապես ամրագրել։ Սա հետընտրական իներցիայի հիմնական շարունակությունն է։

¬Այսինքն, ինչպես ՀՀՇ¬ի գործիչներից մեկը որակեց, ընդհատված հեղափոխության իրադրություն է, ինչը ենթադրում է հեղափոխության շարունակություն հետագայո՞ւմ։

¬Այո, և սա ընդդիմության շրջանակներում գերիշխող հիմնական միտումն է, որովհետև Հայաստանում ձևավորված ավանդույթի համաձայն բոլորը հակված են հեղափոխական փոփոխությունների, ինչը բնորոշ է մեր տիպի քաղաքական մշակույթ ունեցող ժողովուրդների համար։ 1995¬ից ի վեր անցկացված բոլոր ընտրություններից հետո պարտվող կողմը երբևէ չի ընդունել դրանց արդյունքները և աշխատել է բնակչության որոշակի զանգված փողոց դուրս բերելով հակադրվել դրան։ Սա արդեն բավական խոր արմատավորված մոտեցում է մեր քաղաքական մշակույթում։

Բայց կա նաև երկրորդ միտումը, որը գուցե առաջին հայացքից ընդհանրապես տեսանելի չէ, քանզի շատ թույլ է արտահայտված։ Գուցե նույնիսկ դա զուտ իմ անձնական տպավորությունն է, սակայն այդ նոր միտման որոշակի ազդակներ ես, այնուամենայնիվ, տեսնում եմ։ Այդ միտումը ենթադրում է ընդդիմությունը, որպես այդպիսին, մեկանգամյա գործունեության մեխանիզմից վերածել երկարատև պայքարի ընդունակ կառուցվածքային ուժի։

¬Ո՞ր ուժերն են դա ցանկանում կամ ովքե՞ր են ներգրավված այդ չերևացող պրոցեսում։

¬Առայժմ ոչ մի ուժ էլ ներգրավված չէ։ Ես ուղղակի այդ միտումը նկատեցի նույն Լևոն Տեր¬Պետրոսյանի վերջին ելույթում, երբ նա հայտարարեց Հայկական ազգային կոնգրեսի ստեղծման մասին։ Իհարկե, Հնդկական ազգային կոնգրեսի հետ զուգահեռներն այս պարագայում ակնհայտ են։ Ավելորդ չէ հիշեցնել, որ այդ կոնգրեսը մի քանի տասնամյակի պայքարից հետո, ի վերջո, Հնդկաստանում եկավ իշխանության։ Բայց այս հանգամանքը կարևոր է այնքանով, որ սա այլևս հեղափոխական մոտեցում չէ, այլ այլընտրանքային իշխանության ձևավորման։

¬Այսինքն՝ երկիշխանությա՞ն։

¬Այո, մոտավորապես նույնը, ինչ տեղի ունեցավ 1988¬90 թվականներին, երբ կար «Ղարաբաղ» կոմիտեն, որն իրենից ներկայացնում էր այլընտրանքային իշխանություն՝ ընդդեմ Մոսկվայի կողմից հովանավորվող կոմունիստական վարչակարգի։ Փաստացի երկիշխանության պայմաններում կոմունիստները պնդում էին, որ նրանց չեն ճանաչում, և որ այդ այլընտրանքային իշխանությունը գոյություն չունի, բայց իրականում այն կար։ Իմ տպավորությամբ, այդ միտումը Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթում կար։ Առայժմ գուցե խիստ տեսականորեն, բայց այն կարող է դառնալ իրական ընդդիմության ձևավորման հիմք։ Իսկ իրական ընդդիմության ստեղծումը քաղաքական համակարգի առջև կանգնած գլխավոր խնդիրն է։ Լևոն Տեր¬Պետրոսյանը, փաստորեն, արձանագրեց. անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն ընդունվում է, թե ոչ, նա գոյություն ունի իբրև իրական գործոն։ Եվ ըստ այդմ կոչ արեց կողմնակիցներին` տրամադրվել նրա և գործող ռեժիմի դեմ պայքարի։ Իսկ տրամադրվելը ենթադրում է երկարաձիգ, երկարաժամկետ պայքար, երբ հարկ կլինի ստեղծել նոր կառույցներ, համախմբել նոր մարդկանց, ձևավորել փորձագիտական բազա, ձևավորել երկարաժամկետ գործունեության ընդունակ քաղաքական կառուցվածքներ երկրի ողջ տարածքում։

¬Բայց արդյոք Լևոն Տեր¬Պետրոսյանի բոլոր համախոհների ցանկություններին կամ շահերին համահո՞ւնչ է այդ թեզը։

¬Նրա ճամբարում, իհարկե, կան մարդիկ, որ անկասկած համամիտ չեն լինի այս մարտավարությանը, և տրամադրված են Հայաստանի համար արդեն ավանդական դարձած մեկանգամյա, բայց հեղափոխական ակցիայի անցկացման գործելակերպին։

¬Տեր¬Պետրոսյանից բացի այլ ընդդիմադիր ուժ կարո՞ղ է ասպարեզ գալ և լուծել այս խնդիրը։

¬Գոնե այս պահին՝ ոչ։ Եվ խնդիրն այստեղ կառուցողական կամ արմատական լինելու մեջ չէ։ Դժվար է պատկերացնել, որ երեք ամսում կհայտնվի մեկը, ով կկարողանա իր շուրջն ավելի շատ ուժեր համախմբել։ Բացի այդ, կառուցվածքային ընդդիմություն ստեղծելը բոլորովին այլ բնույթի աշխատանք է ենթադրում։ Դա նշանակում է անդադար և հետևողական գործունեություն տեղերում` ամեն մի գյուղում սեփական կառույցներ ձևավորելու ուղղությամբ։ Պարտադիր մասնակցություն տեղական ընտրություններին` անկախ արդյունքներից, համապատասխան ճնշման մեխանիզմների ստեղծում տեղական ղեկավարության և հեղինակութունների վրա՝ նրանց, ի վերջո, ընդդիմության կողմը քաշելու նպատակով։

Կառուցվածքային ընդդիմություն ստեղծելը ենթադրում է համապատասխան աշխատանք տեղեկատվական դաշտում, սեփական ԶԼՄ¬ների ստեղծում, թափանցում էլեկտրոնային լրատվության ոլորտ, աշխատանք քաղաքական էլիտայի տարբեր հատվածների հետ։ Դրա համար անհրաժեշտ է բոլորովին այլ ֆինանսական բազա, որովհետև այդպիսի ընդդիմությունն աչքի առաջ պետք է ունենա, թե իշխանության կարող է գալ, ասենք, 20 տարի հետո։

¬Շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի քաղաքական վերնախավում կարող են գտնվել այդքան երկարատև աշխատանքի պատրաստ գործիչներ։ Շատերի համար դա ուղղակի ինքնազոհաբերում կնշանակի։

¬Համաձայն եմ, որ նման քաղաքական մշակույթ երկրում ձևավորված չէ։ Այն, ինչ կա, հեղափոխական մշակույթ է, որովհետև Հայաստանի յուրաքանչյուր չափահաս քաղաքացի շատ լավ հիշում է, թե ինչպես 1988¬ին ժողովուրդը դուրս եկավ փողոց և հենց փողոցից փոխեց իշխանությունը։ Յուրաքանչյուր, նույնիսկ ոչ այնքան չափահաս քաղաքացի հիշում է, որ նույն խնդիրը համարյա հաջողվել էր լուծել 1996¬ին։ Սա է մեր քաղաքական մշակույթը, որն իր մեջ պարտադիր պարունակում է փողոցի ներգործությունը։ Այդ իմաստով մենք գերմանացիներ չենք, այլ ավելի շուտ՝ ֆրանսիացիներ, որովհետև փողոցային ակտիվությունը ֆրանսիական քաղաքական մշակույթում նույնպես պարտադիր բաղադրիչ է։ Հայաստանում իսկապես դժվար է պատկերացնել քաղաքական ուժ, որ պարտվեր ընտրություններում, երեք տարի անց նորից մասնակցեր և ստանար 4%, հետո կրկին մասնակցեր ու ստանար 4,5%, և այդպես տարեցտարի հետևողական աշխատանքի արդյունքում ընտրազանգված նվաճեր ու գար իշխանության։

Վերջերս ես հանդիպեցի Թուրքիայի քաղաքական գործիչներից մեկի հետ, որը լիբերալ ուղղվածության կուսակցություններից մեկի ղեկավարն է։ Թեպետ Թուրքիայում քաղաքական մշակույթը շատ կողմերով ավելի թերզարգացած է, քան Հայաստանում, բայց հետաքրքիրն այն է, որ նրանց մոտ ձևավորվել է հենց այդ ավանդույթը՝ ոչ ազատ ընտրությունների պայմաններում հետևողական քաղաքական գործունեության ավանդույթը։ Երբ ես այդ գործչին հարցրի, թե քանի տարի գոյություն ունի իր կուսակցությունը, պատասխանեց` 14, և այդ ընթացքում ոչ մի անգամ 1%¬ից ավելի քվե չի ստացել ու երբևէ ներկայացված չի եղել խորհրդարանում։ Երբ հարցրի, թե ընդհանրապես այդպիսի հույս կա՞, նա կարծիք հայտնեց, որ դրա համար ևս մի սերունդ կանցնի, և իր կուսակցության գործիչների հաջորդ սերունդը կարող է և պատգամավորական մանդատ ստանալու իրական հույս ունենալ։ Անկեղծ եմ ասում, ես, որպես հայ նախանձեցի այդ մարդուն, որովհետև հիանալի է, եթե երկրում կան այդպիսի չափանիշերով մտածող մարդիկ։ Պատրաստ երկարաժամկետ հետևողական գործունեության, ոչ թե ամեն ինչ կառուցելով նրա վրա, թե երկու ամսում կհաջողվի հեղափոխություն անել։ Դրա համար էլ նշեցի, որ Հայաստանում կառուցվածքային ընդդիմության ձևավորման համար միայն տեսական միտում եմ նկատում, իսկ թե ինչ կստացվի դրանից, ցույց կտա ապագան։

¬Ավելի շուտ հազիվ թե որևէ բան ստացվի։ Դուք գիտեք, որ Հայաստանում կուսակցություն կամ քաղաքական միավորում կազմելու և դրա գործունեությունը կայուն պահելու համար շատ կարևոր է լիդերի անձը։ Այսօր կա Տեր¬Պետրոսյան, բայց հազիվ թե նա տրամադրված է 20 տարի հետո էլ լինելու նույն շարժման լիդերը։ Այսինքն, եթե այդ ընթացքում նա չմնա լիդեր, հազի՞վ թե որևէ բան ստացվի։

¬Ես չէի ցանկանա, որ մենք սկսենք անձնավորել։ Ընդունում եմ, որ մեր ազգային հոգեկերտվածքի առանձնահատկություններից ելնելով՝ լիդերի հանգամանքը շատ կարևոր է։ Ի վերջո, պաշտոնական արդյունքներով յուրաքանչյուր հինգերորդ ընտրողը քվեարկեց Տեր¬Պետրոսյանի օգտին։ Եվ սա բացառապես նրա անձնական ձեռքբերումն է, ոչ ոք չի կասկածում, որ եթե ՀՀՇ¬ն այլ թեկնածուով մտներ ընտրապայքարի մեջ, 1% էլ չէր ստանա։

Բայց անկախ նրանից, թե ինչ ընդդիմադիր հակումներ ունեցող առաջնորդներ կլինեն ասպարեզում, կառուցվածքային ընդդիմություն ստեղծելու խնդիրը Հայաստանի համար մնում է առաջնային։ Իմ տպավորությամբ, աստիճանաբար, միգուցե շատ դանդաղ, բայց ձևավորվելու է այդպիսի հասարակական պահանջարկ։ Իհարկե, մեկ մարդու և նույնիսկ հազար մարդու ցանկությունը դեռևս բավարար չէ։ Հետխորհրդային տարածքում այդպիսի ընդդիմության ձևավորումը դեռ ոչ մի երկրում չի հաջողվել։ Վրաստանում դա փորձում էր անել Նինո Բուրջանաձեն, որն Էդուարդ Շեվարդնաձեի իշխանության վերջին շրջանում հանդես էր գալիս «հեղափոխություն առանց հեղափոխության» կարգախոսով։ Այսինքն, ընթանում էր իշխանությունը վերցնելու էվոլյուցիոն ուղիով։ Բայց ինչպես հաճախ պատահում է նման դեպքերում, Սաակաշվիլին շրջանցեց նրան, երբ եկավ պահը։ Նա առաջ քաշեց տվյալ փուլում հասարակության համար առավել ընդունելի արմատական կարգախոսներ և շահեց խաղը։ Հայաստանում էլ կառուցվածքային, այսինքն՝ իրական ընդդիմության ձևավորման հնարավորությունն առայժմ մնում է տեսական հարթության վրա։ Սակայն այլևս ընդհանրապես չի բացառվում։

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7228

Մեկնաբանություններ