Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Արցախի ինքնորոշման գործընթացը անշրջելի է․ Վարդան Օսկանյան

Արցախի ինքնորոշման գործընթացը անշրջելի է․ Վարդան Օսկանյան
27.12.2022 | 08:26

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման փաստացի, պատմական, քաղաքական և իրավական հիմնավորումները միշտ էլ եղել են զորեղ և անթերի։ Դա էր հիմնական պատճառը, որ հնարավոր դարձրեց Մադրիդյան փաստաթղթում ամրագրել նրա ինքնորոշման իրավունքը։
44-օրյա պատերազմը, դրան հաջորդած Ադրբեջանի ոտնձգությունները և Արցախի՝ մերօրյա այս շրջափակումը միայն առավել ամրագրել և ուժեղացրել են այդ իրավունքի արդարացիությունը և դրա իրականացման անխուսափելիությունը։


Արցախում տեղի ունեցած վերջին երկու բազմահազարանոց հանրահավաքները և ժողովրդի դրսևորած վճռականությունը՝ տեր կանգնելու իր իրավունքներին, վկայությունն են այն բանի, որ ինքնորոշման գործընթացը անշրջելի է։
Այսօրվա իրադարձությունների հիմքում ընկած է Ադրբեջանի այն համոզումը, որ ինքն արդեն լուծել է Ղարաբաղի հարցը հօգուտ իրեն և անցել է իր թելադրանքներին Արցախին և պահանջատիրությանը Հայաստանից։ Այն պահին, երբ Ալիևը հասկանա, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, և Արցախի ժողովուրդը պարզապես բացառում է որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի հավակնությունները Արցախից և Հայաստանից ոչ միայն կնվազեն, այլև կդառնան անիրատեսական։
Մեր դիրքերը ամուր են և արդար։ Եթե մենք կարողանանք դա ճիշտ ներկայացնել, աշխարհը մեզ կհասկանա և կաջակցի։ Արցախի ինքնորոշման իրավունքի պահանջատիրության քաղաքական և իրավական բոլոր նախապայմանները նախկինում և առավել ևս այսօր ամբողջությամբ բավարարված են։ Փաստը, որ Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել և եղել է միայն Խորհրդային Ադրբեջանի կազմում, իսկ այդ ժամանակաշրջանը Ադրբեջանն իր իսկ սահմանադրությամբ հռչակել է ոչ լեգիտիմ, տալիս է այն նվազագույն հիմնավորումը, որից և կարելի է ձևավորել իրավաքաղաքական փաստարկումների մի ամբողջ համալիր։


Այս համատեքստում, սակայն, մեր հիմնական խաղաքարտն այն է, որ Ադրբեջանը 1991-ին չեղարկել է Լեռնային Ղարաբաղի ինքնավարությունը և այսօր էլ հայտարարում է, որ «զրո կարգավիճակ» է նախատեսում Արցախի ժողովրդի համար։
Ադրբեջանի տարածքային ամբողջականության անքակտելիության թեզը՝ միջազգային իրավունքում այդ սկզբունքի գերակայության պնդման ամենանեղ և ամենապահապանողական մեկնաբանության դեպքում վիճելի կանխավարկած է (rebuttable presumption), որովհետև․ ա) Արցախում բնակվող հայերը ոչ թե Ադրբեջանի կազմում ինչ-որ փոքրամասնություն են, այլ իրենց պատմական հողի վրա ապրող ժողովուրդ, որը էթնիկապես, կրոնով, ավանդույթներով տարբերվում է «մետրոպոլիայից» և ունի ինքնորոշման հավաքական ու աներկբա ձգտում, բ) Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզումից հետո, առավել ևս՝ 44-օրյա պատերազմի ու վերջին այս ագրեսիաներով և շրջափակումով Արցախի ժողովուրդը մշտապես ենթարկվել է Ադրբեջանի ոտնձգություններին, այլ կերպ ասած՝ շարունակաբար ոտնահարվել են նրա բոլոր տեսակի իրավունքները։


Իհարկե, ես երբեք նպատակ չունեմ առաջարկելու, որ Արցախն ընդունի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Փաստը, որ Բաքուն հրաժարվում է Ղարաբաղին առաջարկել անգամ ինչ-որ ինքնավար կարգավիճակ իր կազմում, միջազգային իրավունքում հենց այն խախտումն է, որի դեպքում որևէ ժողովուրդ իրավունք կունենա արդեն հռչակելու իր անջատումը կամ ինքնորոշումը։
Սա միջազգային քաղաքական շրջանակներում ընդունված և միջազգային օրենքում ամրագրված անջատում հանուն փրկության (remedial secession) իրավունքի իրացման հիմնական նախադրյալն է։


Այս իրավունքը ամրագրված է 1970-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի միաձայն ընունած բանաձևում, որը կոչվում է Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագիր (Declaration on Principles of International Law) և որը ունի միջազգային օրենքի ուժ։ Ավելին, գոյություն ունի դատավճռի առնվազն երեք նախադեպ (Ալանդյան կղզիներ, Կատանգա, Քվեբեկ), որտեղ օգտագործվել է այս սկզբունքը՝ նրան հաղորդելով միջազգային սովորութային իրավունքի կարգավիճակ։ Եթե այս բոլորին գումարում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Կոսովոյի անկախության մասին հայտնած խորհրդատվական կարծիքը, որ դա չի հակասում միջազգային օրենքին, անջատման այս իրավունքն Արցախի համար դառնում է ավելի քան անխոցելի։


Հետաքրական է, որ հենց այս սկզբունքն էր դրված ՔՊ-ի նախընտրական և ավելի ուշ Հայաստանի կառավարության ծրագրում Լեռնային Ղարաբաղի խնդրի հետապնդման քաղաքականության հիմքում։ Բայց այժմ քար լռություն է։
Ներկայում այդ գործընթացին խանգարող հանգամանքները ոչ այնքան՝ ինչպես ոմանք պնդում են՝ այլ երկրների տարատեսակ շահերն ու հետաքրքրություններն են, որքան Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, տարբեր բևեռների հետ ունեցած հանդիպումներում տրված հակասական խոստումները, պետական պաշտոնյանների անտեղի և անբացատրելի հայտարարությունները և մեր ժողովրդի մի ստվար հատվածի հանցավոր անտարբերությունը։


Իմ նախկին հոդվածներից մեկում Հայաստանի իշխանություններից պահանջել էի, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք և մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։ Ճիշտը, սակայն, կլինի, որ փոխեք քաղաքականությունը և անցնեք պատմության ճիշտ կողմը։ Ավելին, դուք պարտավոր եք դա անել։ Հայաստանը չի կարող ձեռքերը լվալ Արցախից։ Եթե մենք նախաձեռնությունը չենք վերցնում և չենք զբաղվում Արցախով, ապա ինչպես տեսնում ենք, այդ հարցը ինքն է մեզ հետապնդելու՝ մեզ համար անկանխատեսելի հետևանքներով։ Մի՛ մեծացրեք Արցախը Ադրբեջանի մաս լինելու նրանց ակնկալիքը։ Դա նորից անպայման պատերազմ կբերի մեր գլխին, որովհետև արցախցին դա չի ընդունելու։

Դիտվել է՝ 15316

Մեկնաբանություններ