Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կնեսետը լուծարվեց

Կնեսետը լուծարվեց
24.12.2020 | 10:05

Վերջին երկու տարում Իսրայելում կանցկացվեն չորրորդ համապետական ընտրությունները: Կոալիցիոն կառավարությունը չկարողացավ խորհրդարանի հետ համաձայնեցնել 2021-ի պետական բյուջեն: Երեքշաբթի կեսգիշերին ավարտվեց ժամկետը՝ օրենսդրության համաձայն Կնեսետը լուծարվեց: Կնեսետի նիստում խորհրդարանականները փորձեցին համաձայնեցնել բյուջետային հարցերը քննարկելուն հատկացված ժամանակը, բայց մեծամասնությունը մերժեց: Հերթական ընտրությունները կլինեն 2021-ի մարտի 23-ին: Իսրայելն արդեն միլիարդավոր շեքիլներ է ծախսել նախորդ 3 ընտրությունների վրա, 2019-ի ապրիլին ու սեպտեմբերին, 2020-ի մարտին: Միայն երրորդ փորձից Լիկուդը Բենյամին Նետանյահուի գլխավորությամբ կարողացավ կոալիցիա կազմել իր հիմնական մրցակցի Բենի Գանցի «Կախոլ-Լավանի» հետ, որ ընտրություններից հետո ստացավ ՊՆ նախարարի պորտֆելը: Իսրայելցի շատ վերլուծաբաններ ամենասկզբից ասում էին, որ բյուջետային հարցերը կարող են խզել առանց այդ էլ ոչ այնքան ամուր դաշինքը:


Հաստատված ռոտացիայի համաձայն՝ առաջին 18 ամիսները վարչապետը լինելու էր Բենյամին Նետանյահուն, 2021-ի նոյեմբերից՝ Բենի Գանցը: Հիմա նա կարող է մտնել պատմության մեջ՝ իբրև ընտրված վարչապետ, որ ոչ մի օր վարչապետ չեղավ: Նետանյահուն ռեկորդակիր վարչապետ է՝ առաջին ժամկետը 1996-1999-ին էր, հետո 2009-2020: Հիմա նա կոռուպցիայի մեղադրանքով հետաքննության տակ է, մեղքը չի ընդունում և փորձում է 6-րդ անգամ վարչապետ դառնալ: Լիկուդի աջակցությունը որոշակիորեն նվազել է, բայց վերլուծաբանները բարձր են գնահատում հաղթանակի նրա շանսերը մարտին: «Ես նոր ընտրություններ չէի ցանկանում, Լիկուդը ընտրություններ չէր ցանկանում: Մենք ջանում էինք կանխել նոր ընտրությունները, բայց Բենի Գանցը հրաժարվեց մեզ հետ պայմանավորվածություններից»՝ ասել է Նետանյահուն լրագրողներին: Նա վստահ է, որ իր Լիկուդ կուսակցությունը մարտի 23-ին ջախջախիչ հաղթանակ կտանի:


Բենի Գանցը պատասխանեց, որ վարչապետի ամեն խոսքը սուտ է: Նա գտնում է, որ Նետանյահուն շատ էր ցանկանում իրավիճակը հասցնել նոր ընտրությունների, որ խուսափեր կոռուպցիայի մեղադրանքի գործընթացից: Մինչև նոր ընտրություններ վարչապետ կմնա Բենյամին Նետանյահուն: Կոալիցիան համաձայնեցնելիս կողմերը պայմանավորվել են, որ արտահերթ ընտրությունների դեպքում վարչապետի պորտֆելն անցնում է կոալիցիայի մյուս ղեկավարին: Ստատուս քվոն պահպանվում է միայն այն դեպքում, երբ ընտրությունների պատճառ դառնում են բյուջետային տարաձայնությունները: Հասարակական կարծիքի վերջին հարցումները ցույց են տվել, որ Գանցի գլխավորած «Կախոլ-Լավանը» ձայներ է կորցնում: Թեպետ ձայներ է կորցրել նաև Լիկուդը, վերլուծաբանները համամիտ են, որ Նետանյահուն կկարողանա իրեն վերադարձնել ամենամեծ ու ամենահաջողակ կուսակցության ղեկավարի կարգավիճակը:
BBC


Հ.Գ. Դատելով սոցհարցումներից՝ Նետանյահուն պարզապես օգտագործել է հարմար առիթը 2021-ին պորտֆելը Բենի Գանցին չտալու համար: Բայց ընտրությունները միշտ ռիսկ են, ու Բենյամին Նետանյահուի հաղթանակը 100 տոկոսով երաշխավորված չէ, առավել ևս Դոլալդ Թրամփի պարտությունից հետո: Հայտնի չէ, թե ինչ հարաբերություններ կունենան Իսրայելի հետ դեմոկրատները ու հատկապես Ջո Բայդենը, Օբամայի երկրորդ ժամկետի օրոք ԱՄՆ-Իսրայել հարաբերություններն այնքան էին սրվել, որ Նետանյահուն գնաց Վաշինգտոն ու չհանդիպեց Օբամային:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 15091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ