Նոյեմբերի 10-ին Արցախի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների ընդունած հայտարարությունը պարտության մասին կապիտուլյացիայի փաստաթուղթ է: Այս տեսակետին է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ ՄԻՔԱՅԵԼ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ: Հայտարարությունը, ըստ նրա, հետևանք է հայկական պետությունների, հայկական ռազմաքաղաքական ղեկավարությունների մի շարք գործողությունների չիրականացման: Ո՛չ հանրությունը, ո՛չ քաղաքական ուժերը չեն տեղեկացվել, թե հավանական պատերազմին դիմակայելու ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում կամ տարվում են արդյոք: Նահապետյանի համոզմամբ՝ ռազմական ու դիվանագիտական ճակատում հայկական կողմը թերացել է, և նոյեմբերի 10-ի հայտարարությունն այդ թերացումների արձանագրումն է։
-Խայտառակ փաստաթուղթ էր, որի ձևավորումը ոչ թե նոյեմբերի 9-ի երեկոյան, այլ շատ ավելի վաղուց է սկսվել,- համոզված է Միքայել Նահապետյանը:- Այն գուցե ունի 25-ամյա պատմություն, բայց հարցերի ու խնդիրների թիվ մեկ պատասխանատուն վերջին 2.5 տարվա ռազմաքաղաքական ղեկավարությունն է: Այն, ինչ եղել է նախորդող 25 տարում, ցավալի և վատ է, բայց վերջին 2,5 տարում հնարավոր էր որոշակի բաներ անել, որոնք թույլ կտային ավելի լավ փաստաթուղթ կամ գուցե լիարժեք հաղթանակ ունենալ։ Ամենատարրական հարցերը, որոնց համար ո՛չ աստղաբաշխական ծավալների գումար էր պետք, ո՛չ էլ աշխարհաքաղաքական «դաբրո», այս պահին էլ շարունակում են անպատասխան մնալ: Ինչու՞ էր մեր ՄՈԲ-ը (մոբիլիզացիոն ուժեր) այդքան անծանոթ ժամանակակից պատերազմի տրամաբանությանը: 2,5 տարվա ընթացքում, եթե 6 ամիսը մեկ անգամ մարդկանց կանչեին մեկշաբաթյա զորահավաքի, ինչը, վստահորեն, հնարավոր կլիներ կազմակերպել, զորահավաքի ենթակաները կիմանային՝ ինչ է ժամանակից պատերազմը, ինչպիսի վարք է պետք ցուցաբերել դրա ժամանակ և այլն:
-Իշխանությունները լավ գիտեն՝ ինչ է ժամանակակից պատերազմը: Այդ մասին տարբեր առիթներով հայտարարություններ էին անում, գիրք էին հրատարակում 5-րդ սերնդի պատերազմի մասին: Բայց, փաստորեն, գիտեին ու չէին պատրաստվել:
-Լիովին կիսում եմ ձեր այդ մոտեցումը, էական ծավալի բացթողումներ, թերացումներ, անփութություններ են եղել, որոնք պատերազմի այսպիսի վերջաբանի ու հետևանքի հասցրին։ Օրինակ՝ նոնսենս է, որ երկրում օտարերկրյա հետախուզական հսկայական ցանց է գործել: Արցախում հայկական անձնագրերով ադրբեջանցի լրտեսներ են հայտնվել ու բնակվել այնտեղ:
-Իսկ ինչո՞վ է զբաղված եղել Ազգային անվտանգության ծառայությունը։
-Հազար բանով կարող էր զբաղված լինել, իմ տեղեկություններով՝ ԱԱԾ-ն սեփական ուժերով երբեք էլ նման լայնածավալ օպերացիաների կանխման կարողություն չի ունեցել։ Այդպիսի կանխման օպերացիաները հիմնականում գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ փոխօգնության շրջանակներում են իրականացվել։ Գործող կառավարությունը պարտավոր էր ստեղծել այդպիսի հատուկ ծառայություն, որ կկարողանար մեր հակառակորդ պետության ներսում համապատասխան գործունեություն ծավալել: Այդ հարցով նույնպես չեն զբաղվել, ու հետախուզական տեսանկյունից նույնպես մենք անպատրաստ ենք եղել ժամանակակից պատերազմին։
-Ասացիք, որ հասարակությունը և քաղաքական ուժերը պետք է իմանային, թե պատերազմի ընթացքում իրականում ինչ է կատարվում թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական ճակատներում։ Վարչապետ Փաշինյանը պատերազմի ընթացքում արտախորհրդարանական ուժերի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, որին նաև Ձեր կուսակցության ներկայացուցիչն է մասնակցել։ Փաստորեն, այդ հանդիպումների ժամանա՞կ էլ չի ներկայացվել, թե իրականում ինչ է կատարվում։
-Խոսքը ոչ թե պատերազմի ժամանակ եղած իրավիճակի մասին պատշաճ տեղեկություն տրամադրելու, այլ մինչև պատերազմը, խաղաղ ժամանակներում հանրությանն իրազեկելու մասին էր: Կարծում եմ՝ ժամանակն է, որ փոխենք պետական գաղտնիքի մասին մեր պատկերացումներն ու մարդկանց հետ ավելի բաց, ավելի անկեղծ աշխատենք: Ոչ թե ամեն ինչ փակենք, ու ոչ ոք ոչինչ չիմանա, այլ մարդիկ իմանան՝ բանակում ինչ է կատարվում, դիվանագիտական հարթակում ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել ու ինչ աշխատանքներ տարվել դրանց իրականացման ուղղությամբ և այլն: Փաստորեն, հանրությանը պետական բոլոր օղակներով հրամցվում էր, թե մեր բանակն աշխարհի ամենամարտունակների տասնյակում, հիսնյակում կամ հարյուրյակում է, բայց պատերազմի երկրորդ, երրորդ օրն արդեն զինվորականներին անհրաժեշտ ռադիոկապը, ջերմատեսիլ սարքերն ու բժշկական լանցետները քաղաքացիներն էին ճարում: Ախր դրանք բաներ են, որ պահեստներում տոննաներով պետք է լինեն: Վերադառնալով Ձեր հարցին՝ հստակեցնեմ, որ ռազմաճակատում տիրող իրավիճակին տիրապետել ենք ներքին խողովակներով, կապերով, դիրքերում գտնվող ու կազմակերպչական աշխատանքներ իրականացնող մեր ընկերների միջոցով։ Հիմնական կռվանը հետևյալն է՝ ինչպես մեկնաբանել ստացվող տեղեկատվությունը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների ու դրանց վերլուծության՝ իրական բեկում մտցնելու հնարավորություն է եղել: Ինչ վերաբերում է վարչապետի և արտախորհրդարանական ուժերի հանդիպումներին, ապա ուզում եմ ընդգծել՝ տարածված ինֆորմացիան, թե նոյեմբերի 10-ի հայտարարությանը քաղաքական ուժերը հոկտեմբերի 15-ին են տեղյակ եղել, բացարձակ սուտ է: Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ ռազմադաշտում տիրող ընդհանուր իրավիճակն է քննարկվել: Այն ժամանակ դեռ Ֆիզուլին հայկական ուժերի վերահսկողության տակ էր, կռիվներ էին գնում Ջաբրայիլում և Հադրութում: Քաղաքական որոշ ուժեր այդ իրավիճակը որպես անելանելի են ընկալել ու նշել, թե ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցնել: Որոշ ուժեր էլ, օրինակ՝ մենք, ասել ենք, որ հնարավոր է բեկել այդ իրավիճակը: Քննարկվել են նաև Արցախի ճանաչման կամ կարգավիճակի, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված հարցեր։ Երկրորդը շատ ավելի ծանր ու բարդ հանդիպում է եղել։ Վարչապետը հայտնել է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իրեն նամակով տեղեկացրել է, որ արցախյան ռազմաքաղաքական ղեկավարությունը համաձայն է «Լավրովյան պլան» կոչվող կարգավորման տարբերակին: Փաշինյանը հավաքվածներին վստահեցրել է, որ հասարակության տրամադրությունների շոշափում կիրականացնի, ապա նոր պատասխան կտա նրան: Բայց այդ հանդիպման հաջորդ օրն արդեն ռազմաճակատի իրավիճակից ու հանրային, քաղաքական տրամադրություններից, Իլհամ Ալիևի հարցազրույցներից պարզ էր դառնում, որ Ադրբեջանը համաձայն չէ նման տարբերակի: Թեզը, թե այդ ժամանակ քաղաքական ուժերին հայտնել են, որ հայկական կողմը գնում է կապիտուլյացիայի, իրականությանը չի համապատասխանում: Մեր կուսակցության դիրքորոշումը եղել է հետևյալը. եթե մեր պարտության հիմնական պատճառը «Բայրաքթարներն» են, իսկ Փաշինյանի հանդիպումից անմիջապես հետո պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն ու տեսանյութ է տարածում, որ Պաշտպանության բանակն արդեն կարողանում է «Բայրաքթարներ» խոցել, հետևաբար, պատերազմի ընթացքը բեկելու հնարավորություն կա։
-Ձեր կուսակից ընկերների հարցազրույցներում կարմիր թելի նման անցնում էր այն գիծը, թե ՔՈ-ն թեև ամբողջությամբ չի կիսում իշխանությունների՝ Արցախյան հարցի մասով պատկերացումները, բայց վստահում է նրանց վարած քաղաքականությանը:
-Արցախի հարցով մեր հիմնական մոտեցումը Արցախի կարգավիճակի հաստատումն է: Ի դեպ, ՌԴ նախագահը ևս հայտնեց, որ Արցախի անկախության չճանաչումը կոնֆլիկտի ընկալման վրա էական հետք է թողել: Բայց, ի տարբերություն մեզ, կառավարող ուժը ձեռնպահ էր մնում հրատապության կարգով նման հարց քննարկելուց։ Շատ այլ հարցերում նույնպես մոտեցումների տարբերություններ ունենք, բայց ուզում եմ ընդգծել՝ Շուշիի կամ Ֆիզուլիի խրամատներում, օրինակ, կանգնած են եղել ՔՈ-ի, ՔՊ-ի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և այլ ուժերի անդամներ կամ համակիրներ, իսկ քաղաքական հակասությունները պատերազմի ժամանակ ուղիղ խրամատ են գնում: Պատերազմի դաշտում, որտեղ ամեն որոշում ու լուծում կյանք արժե, զինվորականությունը, որը, ի դեպ, զինված է, քաղաքական հարցերը շատ ավելի խոր է ընկալում, իսկ այդ հակասությունները սուր կամ ողբերգական հետևանքներ կարող են ունենալ։
-Տարատեսակ ինֆորմացիա, այնուամենայնիվ, խրամատներ հասել է:
-Իհարկե, հասել է, ու ռազմաճակատում եղած մեր ընկերները պատմում են, որ խրամատում քաղաքական երկփեղկվածություն կար: Ավելին՝ մարդիկ են եղել, որ ավելի են սրել այդ երկփեղկվածությունը: Իսկ այստեղից հնչող ցանկացած ուղերձ կամ խոսք երկփեղկվածությունը խորացնելու միտում է ունեցել։
-Ո՞վ է եղել խորացնողը, ո՞վ է առաջինը ռազմաճակատում դավաճանների մասին խոսել:
-Քաղաքական լարված իրավիճակում հիմա չեմ ուզում ասել՝ ով է եղել առաջինը, բայց կարող եմ ասել, որ թե՛ Նիկոլ Փաշինյանն է այդ բնույթի գրառումներ արել, թե՛ Աննա Հակոբյանն ու թե՛ ընդդիմադիր մեր գործընկերները: Իսկ ովքեր գրառումներ չեն արել, տեղում են աշխատանք տարել։ Հիմա մեզ հարցնում եք՝ ինչու՞ մենք չենք միացել այդ ամբողջ արշավին։ Կներեք, դա մերը չէ, խրամատում կանգնած զինվորների միջև մենք քաղաքական հակասություններ չենք տեսնում։ Պատերազմի էությունն այն է, որ մեկ մարդ է վերցնում պատերազմի ղեկը, բոլորը կատարում են նրա որոշումները, բայց ձախողման դեպքում էլ այդ մարդն էլ լինում կատարված ամեն ինչի պատասխանատուն։ Սա է, պատերազմում ուրիշ մեթոդ չի գործում, բանակը, ռազմական գործողությունը ղեկավարվում են միանձնյա սկզբունքով՝ մեկ հրամանատար, բոլորը՝ ենթակա։
-Քաղաքական ուժ եք, պետք է կարողանաք համադրել բոլոր սցենարները, վերլուծություններ անել, երկրորդ կարծիքով նայել հարցերին:
Երբ ասում եմ՝ իշխության հետ ունեցած տարակարծությունները մեր մեջ չենք պահել, դա նշանակում է՝ մեր դիրքորոշումը ձևակերպել ու արտահայտել ենք տարբեր եղանակներով՝ գրառումներով, փակ խողովակներով և այլն: Կրկնում եմ՝ պատերազմի ժամանակ կա մեկ հրամանատար, մնացած բոլորը խորհրդատու են: Մնացած բոլոր հարցերը տրվում են ռազմական գործողության ավարտից հետո, և հիմա այդ հարցերը տալիս ենք։
-Հիմա ի՞նչ հարց եք տալիս իշխանությանը:
-Օրինակ՝ ինչո՞ւ չճանաչեցինք Արցախի անկախությունը։
-Միանու՞մ եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:
-Մեծ հաշվով՝ եթե ոչ այսօր կամ վաղը, ապա մոտ ապագայում այս կառավարության հեռացումը պարտադրանք է դառնալու: Դա աքսիոմ է։
-Բայց ի՞նչ է կատարվելու ձեր ասած «մոտ ապագայի» ընթացքում: Գուցե ավելի ցավոտ բաներ կատարվեն:
-Ճգնաժամից դուրս գալու համար առաջարկում ենք, որ բոլոր կողմերը՝ իշխանությունն ու փողոցում հավաքվածները, թոթափեն լարվածությունն ու ատելության մթնոլորտը: Պետք է ձևավորել նոր կառավարություն, որի ղեկավարը ո՛չ մերձիշխանական թիմից կլինի, ո՛չ էլ 17 քաղաքական ուժերից: Հստակ պետք է նշել այդ կառավարության անելիքների ցանկն ու համընդհանուր համաձայնության պայմաններում կոնսոլիդացնել հանրությանը, մարդկանց լավատեսական սպասումներ տալ և այլն:
-Իշխանությունը 44 օր լավատեսական սպասումներ էր տալիս հասարակությանը, իսկ թե ինչ եղավ հետո, ինձնից լավ գիտեք։
-Խոսքը տնտեսական, սոցիալական, քաղաքական ծրագրերի մասին է: Այնպիսի կառավարության մասին եմ խոսում, որ 100-տոկոսանոց ընդդիմություն է ունենալու: Այսինքն՝ և՛ կառավարող ուժն ինքն է վերահսկողն ու քննադատը լինելու, և՛ փողոցում կանգնած մարդիկ, և՛ պառլամենտական խմբակցությունները։ Դա Հայաստանի պատմության մեջ ամենավերահսկվող ու ամենահաշվետու կառավարությունը կարող է լինել։
Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ