Հոկտեմբերի 25-ի օրվա վերջին պարզ դարձավ, որ «ամերիկյան զինադադարը» ևս չի պահպանվում։ Զինադադարի վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը (հոկտեմբերի 10-ի) տապալվեց. տապալեցին Թուրքիան ու «կովկասյան թաթարները»։ Ֆրանսիական նախաձեռնությունը (հոկտեմբերի 17-ի) տապալվեց. մեղավորները նույն թուրքերն ու «կովկասյան թաթարներն» էին։ Այժմ «չի կատարվում» Դոնալդ Թրամփի և Մայք Փոմփեոյի լայնորեն գովազդված նախաձեռնությունը, և բոլորին հասկանալի է՝ ինչու։ Պատերազմի «պատվիրատուին»՝ ամերիկացիներին, պետք չէ ռազմական գործողությունների դադարեցումը. չէ՞ որ Իրանի հյուսիսային սահմանը դեռ ամբողջությամբ չի գտնվում պանթուրքիստների վերահսկողության ներքո։ Կան նաև այլ, երկրորդական պատճառներ, թե ինչու են «կովկասյան թաթարներն» ու թուրքերը շարունակում հրետակոծել Արցախի քաղաքներն ու գյուղերը։ Պարզապես ժամանակ չկա քննելու, թե ով է այդ պատերազմում և հանուն ինչի։ Միայն մեր ժողովրդի համար է առավելագույնս պարզ, որ նահանջը մահ է, Արցախին պատճառված կորուստը կորուստ է Հայաստանի անվտանգության և ապագայի համար։ Իսկ ուրիշների պարագայում անհայտներ շատ կան։
Կրկին ուզում ենք ուշադրություն հրավիրել Իրանի դերին, բայց արդեն կոնկրետ Այսրկովկասում։
Պատերազմ է ընթանում, և նրա յուրաքանչյուր դրվագի քննությունը մոտ ապագայի գործն է։ Իսկ հիմա կարևոր է հասկանալ, թե ինչու, ինչպես և 2016 թ. ապրիլին, ռազմական գործողությունների ընթացքում այդ «կովկասյան թաթարները» պարտադիր կերպով «սխալմամբ» ինչ-որ բան են նախաձեռնում նաև Իրանի տարածքի անվտանգության դեմ։ Ի դեպ, հայկական կողմն արդեն բազմիցս Իրանի իշխանություններին հայտնել է, թե իրեն ինչ է հայտնի ընթացող պատերազմի և նրանում Թուրքիայի մասնակցության մասին, մասնավորապես Անկարայի դերի և Սիրիայից ահաբեկիչներին Նախիջևան, Ադրբեջան և Արաքսից հյուսիս ընկած ողջ գոտի նետելու քայլերի մասին։
Արդեն այն ժամանակ, երբ «կովկասյան թաթարները» երկու անգամ «սխալմամբ» հրետակոծեցին Իրանը, Թեհրանից հետևեց կտրուկ արձագանք։ Սեպտեմբերի 28-ին Իրանի սահմանապահ զորքերի (ԻՀՊԿ-ի կազմում) հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ղասեմ Ռեզային նախազգուշացրեց Հայաստանին և Ադրբեջանին, որ նրանք «ավելի լավ վերահսկեն» իրենց մարտական գործողությունները Իրանի սահմանակից գոտում. «Մենք նախազգուշացնում ենք նրանց, որ չի կարելի կրակել դեպի մեր կողմը։ Ականանետի երկու ական սխալմամբ ընկել են մեր սահմաններին հարակից շրջաններ, և մենք տեղեկացրել ենք նրանց։ Մենք հուսով ենք, որ հանգստությունը կվերականգնվի»։ Նա նույնիսկ խաղաղ բանակցություններին վերադառնալու կոչ է արել. «Մենք հետևում ենք նրանց փոխհրաձգությանը, և համոզված ենք, որ այդ ընդհարումները նրանցից որևէ մեկին օգուտ չեն տա, որովհետև ուրիշները կարող են չարաշահել իրավիճակը»։ Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն մյուսների, որոնք կրակը դադարեցնելու կոչեր են անում, իրանցի գեներալը հիշատակում է նաև ինչ-որ «ուրիշների», որոնք «կարող են չարաշահել իրավիճակը»։ Ռեզային ակնհայտորեն նկատի ունի արտատարածաշրջանային երկրները՝ Թուրքիան, ԱՄՆ-ը, Իսրայելը։ Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաքուն որոշել է անտեսել գեներալի խորհուրդները։ Եվ երբ իսրայելական արտադրության անօդաչուն լկտիաբար (բայց, իհարկե, «սխալմամբ») խախտեց Իրանի օդային սահմանը, իրանական կողմը կրակ բացեց. մենք գիտենք միայն, որ ԻԻՀ ՀՕՊ-ի ուժերը խոցել են այդ անօդաչու ինքնաթիռը։ Բայց կրակ է եղել նաև սահմանակից երկրի ուղղությամբ. հավանաբար իրանցիները գիտեին, թե որտեղից է թռել այդ անօդաչուն, և կրակել են այդ «օդանավակայանի» ուղղությամբ։ Բայց դա էլ խելքի չի բերել «կովկասյան թաթարներին»։ Իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին ռազմական գործողությունների գոտուց հերթական անգամ «պատահաբար» հրետակոծվել են Իրանի մի շարք սահմանամերձ շրջաններ։ Ըստ տեղեկությունների, երեք արկ է ընկել Արևելյան Ադրբեջան նահանգի Խուդափերին շրջանի Փարվիզխանլու գյուղի տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է մի երեխա, վնասվել 6 տուն։ Արդեն շատ ԶԼՄ-ներ նշում են, որ Իրանի և ԶՈՒ-ի, և ԻՀՊԿ-ի լրացուցիչ ուժեր են տեղաբաշխվում Արցախի Հանրապետության հարակից շրջաններում։ Իսկ փորձագետներ Կարինե Գևորգյանը (Մոսկվա), Վարդան Ոսկանյանը (Երևան) և ուրիշներ այդ մասին հաղորդել են դեռ սեպտեմբերի 30-ին։ Կ. Գևորգյանի վկայությունները հատկապես արժեքավոր են, որովհետև նա հղում է արել Ռուսաստանի զինվորական շրջանների աղբյուրին։ Հանուն արդարության պետք է նշել, որ այդպիսի միջադեպեր են եղել ոչ միայն «կովկասյան թաթարների» կողմից։ Հոկտեմբերի 1-ին տարածվել է Արցախի ՊՆ-ի հայտարարությունը, որում խոստովանվում է, որ Վարազաթումբի շրջանում (թուրքերն այդ վայրն անվանել են Լելե թեփե) ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանի ԶՈՒ մի ուղղաթիռ, որը ջախջախվել է Իրանի տարածքում։ Նշվել է, որ հակառակորդի մարտական մեքենայի խոցումը իրանական տարածքի մոտ «չի եղել միտումնավոր, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են Իսլամական Հանրապետության սահմանին շատ մոտ»։ Բայց, ինչպես մեզ է թվում, Իրանն ինքն էլ հիանալի նկատում է ամեն ինչ. զուր չէր գեներալ Ռեզային սեպտեմբերի 28-ին ասում, որ իրանական կողմը հետևում է Իրանի սահմանակից գոտու հրաձգությանը։ Այնպես որ, Արցախի ՊՆ-ի խոստովանությունն իրանցիներն ընդունել են ըմբռնումով։ Միևնույն ժամանակ մենք անհանգստանալու կարիք էլ չունենք։ Ադրբեջանի ՊՆ-ն նույն օրը՝ հոկտեմբերի 1-ին, հերքել է այն պնդումները, թե իրենք մարտական օդուժի միավոր են կորցրել. իբր բոլոր ինքնաթիռներն ու ուղղաթիռները «շարքում են»։
Իրանի կողմից ամենակարևորը հետևեց ավելի ուշ, թեպետ նույնպես հոկտեմբերի 1-ին, երբ ԱԳՆ մամուլի քարտուղար Սայիդ Խաթիբզոդան հայտարարեց, որ «Իսլամական Հանրապետությունը ոչ մի դեպքում թույլ չի տա ահաբեկչական խմբավորումներին, որ իր հյուսիսային սահմաններին հարակից շրջանները դարձնեն իր ազգային անվտանգության սպառնալիք»։ Նա նաև ասել է, որ բախումների տեղափոխումը Կովկաս կհանգեցնի «տարածաշրջանի համար անհամեմատ ավելի մեծ աղետի, քան ղարաբաղյան հակամարտությունն է»։ Այսպիսով Իրանը, Ռուսաստանից ու Ֆրանսիայից հետո, փաստորեն ասում է, որ ապացույցներ ունի այն բանի, որ Թուրքիան Մերձավոր Արևելքից ահաբեկիչներ է տեղափոխել Այսրկովկաս։ Եվ մինչ այսօր հենց դա է ամենագլխավորը, ոչ թե Պուտինի կամ Ռուսաստանի անվտանգության խորհրդի հայտարարությունները կամ Մակրոնի նախազգուշացումները և Հայաստանի ու Արցախի հասցեին արած աջակցության խոսքերը։ Տարածաշրջանն այժմ գրեթե 100 %-ով գիտի, թե սուր անհրաժեշտության դեպքում ում զորքերը կսկսեն վերացնել «Կովկասի թաթարների» բանակի շարքերում գտնվող թուրքական ահաբեկիչներին։ Ի դեպ, դրանք կարող են լինել նաև իրանա-ռուսական համատեղ պատժիչ գործողություններ։
Ի միջի այլոց, հոկտեմբերի առաջին օրերին «կովկասյան թաթարները» մի անգամ խոստովանեցին իրենց մեղքը։ «Ադրբեջանը ներողություն խնդրեց Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների գոտուց Իրանի տարածք հրետանային արկերի և հրթիռների պատահաբար ընկնելու համար,- հայտարարել է գեներալ Ղասեմ Ռեզային։- Երկու երկրները պատերազմի մեջ են արդեն 9 օր, և մենք ցավակցում ենք զոհերի կապակցությամբ։ Բազմաթիվ հրետանային արկեր ու հրթիռներ են պատահաբար ընկել Իրանի տարածք։ Մեր սահմանապահները նախազգուշացրել են Հայաստանին ու Ադրբեջանին, և նրանք ընդունել են իրենց մեղքը»։ Նրա խոսքով, Իրանի ներկայացուցիչները սահմանում հանդիպել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որ նրանց հիշեցնեն անհրաժեշտ կանոնները պահպանելու մասին։ Երկու կողմերը խոստացել են այնպես «շտկել նշանառությունը, որ կանխվի Իրանի սահմանամերձ շրջանների ագարակատերերին և բնակիչներին հասցվող ցանկացած կորուստ», նշել է գեներալ Ռեզային։ Մեր ընթերցողները նկատեցի՞ն նրբությունը։ Գեներալը խոսում է միայն «սահմանում ադրբեջանցի պաշտոնատար անձանց հետ, որ նրանց հիշեցնեն անհրաժեշտ կանոնները պահպանելու մասին»։ Դա նշանակում է, որ Իրանից ոչ ոք սահմանում չի հանդիպել ոչ Հայաստանի, ոչ Արցախի ներկայացուցիչների հետ հենց այն պատճառով, որ դրա կարիքը չի եղել, այսինքն հայերը ոչ մի անգամ չեն կրակել իրանական տարածքի վրա։
Երբեմն ընդհանրապես պետք չէ ինչ-որ բան գրել «թեժ հետքերով»։ «Բաքվի հանրապետության» նոր արտգործնախարար (հույս ունենանք՝ վերջին) Բայրամովի վրա եռանդուն «հոգեբանական գրոհը» չտվեց այն արդյունքը, որ, հավանաբար, ակնկալում էին Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Բոլորս գիտենք, որ հոկեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժ. 12.00-ից որևէ «մարդասիրական հրադադար» այդպես էլ չի հաստատվել։ Ավելին, մեր թշնամիները դարձյալ հարձակվել են Հայաստանի տարածքի վրա՝ թիրախավորելով Արծվանիկ գյուղը (Կապանի մոտ)։ Զոհվել է խաղաղ բնակիչ։ Հայաստանի իշխանությունները հոկտեմբերի 10-ին կրկին (ինչպես Վարդենիսի շրջանի դեպքում) չցուցաբերեցին օպերատիվություն և սկզբունքայնություն։ Եթե հակառակը լիներ, ապա և՛ Ռուսաստանի նախագահը, և՛ ՀԱՊԿ-ի ղեկավարությունն արդեն այն ժամանակ կդիտարկեին «կովկասյան թաթարներին» պատերազմի դադարեցման հարկադրելու պարամետրերը։
Դժվար է հասկանալ, թե ինչու էր պետք 10 ժամից ավելի բանակցություններ վարել Ռուսաստանի ԱԳՆ-ում, եթե Բաքուն չէր պատրաստվում որևէ բան կատարելու։ Պարզապես փաստեր կան. այն օրերի դրությամբ, այնտեղ ինչ-որ մարտեր են ընթանում Հադրութ շրջկենտրոնում (Արցախ), իսկ այստեղ հարձակման է ենթարկվել Արծվանիկ գյուղը (Հայաստան)։ Բայց Հադրութ հասնելու համար (նույնիսկ դիվերսանտներին) պետք է հանձնել ինչ-որ դիրքեր ու տարածքներ Ջաբրայիլի շրջանում։ Կամ, ինչպես հիմա են ասում, «նախաձեռնել մարտավարական նահանջ»։ Հիմա հանձնե՞լ են, թե՞ պարզապես «չեն նկատել» թշնամիների հարձակումները Հադրութի վրա։ Եթե ճիշտ է այդ տարբերակներից մեկը, ապա, ավաղ, Փաշինյանի օրոք բանակում գործերն ավելի վատ են, քան Սերժ Սարգսյանի, և 2016 թ. ապրիլը բոլորովին էլ այն չէ, ինչի մասին 4 տարի առաջ «ճառում էին» ինքը Փաշինյանը (Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորի դերում) և նրա նման այլ ստախոսներ։ Պարզվում է՝ փողոցներում ու հրապարակներում բթամտորեն «լեզվին տալը» և պաշտպանությունն ու անվտանգությունն իրապես ղեկավարելը միանգամայն տարբեր բաներ են։ Այնպես որ, թե ինչ է սպասում Փաշինյանին, անգամ ամենամեծ ֆանտաստ գրողի երևակայությունն ի վիճակի չէ նկարագրելու։
Ներկայիս իրադարձությունների վերլուծությունն ապագայի գործ է, թեկուզ ոչ հեռավոր ապագայի։ Բայց այդ ապագայում էլ չափազանց դժվար կլինի առանց ստույգ տեղեկույթի։ Թեկուզ այն մասին, թե ինչու Հայաստանի ԱԳ նախարար Մնացականյանը ՌԴ ԱԳՆ-ում կայացած բանակցություններից հետո իր առաջին հեռուստազրույցում խոսում էր «մեռնող կարապի» տոնով։ Չէ՞ որ մեզ մոտ այստեղ միայն հաղթական զեկույցներ ու հայտարարություններ են։
(շարունակելի)
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ