Մեկ ամսից ավելի է ռազմական գործողությունները շարունակվում են, Արցախի քաղաքները մշտական հրետակոծության տակ են։ Երեկ այս առումով, ինչպես Արցախի ՄԻՊ-ը նշեց, ամենաագրեսիվ օրն էր։
«Հավանաբար, սա այս պատերազմի ընթացքում Ստեփանակերտում ամենաագրեսիվ օրն է»,- իր թվիթերյան էջում գրել էր Արտակ Բեգլարյանը։ Թուրք-ադրբեջանական տանդեմը ոչ միայն Արցախի խաղաղ բնակիչներին սպանելու, այլև քաղաքներն ու գյուղերն ավերակ դարձնելու խնդիր է դրել։ ՈՒ այս ամենը կույր ու համր աշխարհի աչքի առջև։ Ի վերջո, ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել թուրք ենիչերիներին, մեր դեմ կռվող ահաբեկչական պետություններին. այս ու այլ հարցերի շուրջ զրուցում ենք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ։
-Ո՞վ կարող է կանգնեցնել Թուրքիային, ինչու՞ համանախագահող երկրները չեն կարողանում հրադադար «պարտադրել» Ադրբեջանին։
-Վերջին տարիներին հաճախ ենք անդրադարձել այն հարցին, որ այս իրավիճակն անխուսափելի է։ Հիշենք Չեխովի հայտնի միտքը. «Եթե հրացանը կախված է պատից, պետք է անպայման երրորդ ակտում կրակի»։ Թե ինչու այս իրավիճակին հանգեցինք, առայժմ մի կողմ թողնենք։ Հրադադար հնարավոր չէ հաստատել, քանի որ մինչ այդ Թուրքիան իր գործողությունների հանդեպ ստուգեց բոլորի արձագանքը, տեսավ, որ որևէ մեկը բացի «բլա-բլա» անելուց, հորդորներից, այլ բան իր դեմ չի անելու, հասկացավ, որ կարող է իր ազդեցության ոլորտն ընդլայնել և գալ Անդրկովկաս, իրագործել իր գլխավոր նպատակը։ Այն է՝ թուրքալեզու պետությունների միավորում, ինչի մասին տարիներ շարունակ խոսել եմ։ Նրանց ծրագիրը դեռ իրականացված չէ, դրա համար էլ պետք է պատերազմը շարունակել։ Այս պահին ԱՄՆ-ն էլի հորդորներով է բավարարվում, Եվրոպան ընդհանրապես իմպոտենտի կարգավիճակում է, չի կարողանում անգամ սեփական շահերը պաշտպանել, զբաղված է ծայրահեղականների խնդիրներով։ Մնում է միայն մեր դաշնակից Ռուսաստանը։
-Նշեցիք, որ Թուրքիան դեռ իր գերնպատակին չի հասել, այսինքն այս պատերազմը երկարա՞տև է լինելու, թե՞ Էրդողանի ախորժակը հնարավոր է զսպել։
-Եթե մենք չգտնենք գործնական ելքերը, միջոցները, որոնք կզսպեն նրա ախորժակը, այո, նա շարունակելու է՝ թքած ունենալով այն զոհերի վրա, որ Ադրբեջանը տալիս է։ Նրանք բացարձակ խնդիր չեն տեսնում նաև, որ մեծ քանակությամբ ժամանակակից զենք ու տեխնիկա է ոչնչացվում։ Իրենց գլխավոր նպատակն է ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, Հայաստանն ամբողջովին մեկուսացնել, Արցախը դարձնել փոքր կղզյակ, որն այլևս գոյություն չի ունենա, և շարունակել իրենց արշավը դեպի արևելք։
-Այսօր Թուրքիային կանգնեցնելու միակ իրական մեխանիզմն ունի Ռուսաստանը։ Արցախում Ռուսաստանը, համենայն դեպս հրապարակավ, չի փորձում միջամտություն ցուցաբերել։ Դրան զուգահեռ տեսնում ենք, որ Սիրիայում է հակաահաբեկչական գործողություններ սկսել։ Հնարավո՞ր է, որ Թուրքիային կանգնեցնելու համար ՌԴ-ն սկսել է Սիրիայից։
-Այո, մասամբ այդպես է։ Բայց ինչու է ՌԴ-ն Սիրիայում կարողանում նման գործողություններ իրականացնել։ Այն պարզ պատճառով, որ Սիրիայի կառավարությունը՝ Ասադի գլխավորությամբ պաշտոնապես դիմել է Ռուսաստանին, ասելով, որ ահաբեկիչների դեմ պայքարում նրա կարիքն ունի։ Սա միջազգային իրավունքի տեսանկյունից շատ կարևոր հանգամանք է։ Այսինքն՝ պետությունը պաշտոնապես դիմում է օգնության խնդրանքով։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանը։ Կռվելու ենք ու գնալու ենք «ցավոտ փոխզիջումների»։ Հիմա, պարոն վարչապետ, կողմնորոշվեք, մարդկանց շփոթմունքի մեջ եք գցել։ Եթե հաղթելու ենք, ինչու՞ ենք ցավալի փոխզիջումների գնում, եթե չենք հաղթելու, ո՞վ է մեզ իրավունք տվել գնալու նման փոխզիջումների, երբ հերոսաբար մեր բանակը կռիվ է տալիս տասնապատիկ, գուցե քսանապատիկ ավելի մեծ հնարավորություններ ունեցող ոսոխի դեմ։ Մեր զինված ուժերն իրենց առաջ դրված առաջադրանքը կատարում են ու դեռ մի բան էլ ավելի, մինչդեռ քաղաքական իշխանությունն անորոշ վիճակ է ստեղծել։ Եթե մենք կարիք ունենք Ռուսաստանի օգնության, միակ ճանապարհն այն է, որ դիվանագիտական խողովակներով նախ պարզենք, թե որքանով է հնարավոր դա, եթե պաշտոնապես դիմենք։ Իսկ պաշտոնապեսը չի նշանակում հարցազրույցներում պարբերաբար նշել, թե Ռուսաստանն իր գործողությունները ճիշտ է անում, և մենք կողմնակից ենք, որպեսզի այստեղ լինեն ռուս խաղաղապահ ուժերը։ Եթե դուք կարիք ունեք օգնության, այն էլ դաշնակից պետության կողմից, որի հետ ունեք պայմանագիր և ուզում եք, որ նա իր պարտավորություններն ամբողջովին իրականացնի, պետք է պաշտոնապես դիմել։
-Պարոն Սարգսյան, մի փոքր կմանրամասնե՞ք, թե ինչպես պետք է Հայաստանը դիմի, դա ինչ ընթացակարգ է ենթադրում այն պարագայում, որ ռազմական գործողություններն Արցախում են, որի հետ Ռուսաստանը ոչ մի պարտավորություն չունի։
-Շատ պարզ ընթացակարգ կա։ Կարող է այդ դիմումը լինել վարչապետի կամ խորհրդարանի անունից։ Դիմումում պետք է հիմնավոր ներկայացվի, թե ինչու են նման օգնություն պահանջում։ Իսկ պատճառը խիստ ակնհայտ է. բոլորը հաստատել են, որ տարածաշրջանում կան ահաբեկչական խմբավորումներ, ահաբեկչության դեմ պայքարը միջազգայնորեն հաստատված իրավունք է, իսկ միջամտությունն էլ ենթադրում է հակաահաբեկչական գործողություններ։ Սա Ռուսաստանին իրավական հիմք է տալիս միջամտելու ռազմական գործողություններին։ Եթե պաշտոնապես չեք դիմում, բնականաբար ՌԴ-ն նման իրավունք իրեն չի վերապահի։ Եթե անգամ այս ամենն իրականացվում է Արցախում, որի հետ պայմանագիր չունի ՌԴ-ն, միևնույն է, այդ տարածքում կան ահաբեկչական խմբեր, որոնք վաղը կարող են հայտնվել և Հայաստանում, և Ռուսաստանում։ Իսկ եթե մեր իշխանություններն ընդամենը բավարարվում են հայտարարություններով, անշուշտ, դրանք ընդունելի տարբերակ չեն։ Ավելին, քանիցս ռուս քաղաքական գործիչները, փորձագետները հորդորում են դիմել Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին։ Առաջին հերթին Ռուսաստանին, քանի որ նրա հետ ունենք դաշնագրային հարաբերություններ, պայմանագրեր։
-Ինչո՞վ է պայմանավորված հայկական կողմի հապաղումը, ինչի՞ն ենք մենք սպասում։
-Չեմ ցանկանում այս պահին ավելորդ լարվածություն առաջացնել։ Եթե ճիշտ են գնահատել մեր հնարավորությունները և ասում են, թե ունեն հակաքայլեր, հակահարվածներ թշնամուն, ուրեմն պիտի ժողովրդին ասել, թե պատասխանատվություն են ստանձնել և այսինչ ժամանակում կիրականացնեն այդ գործողությունները։ Բայց կարծում եմ, ոչինչ չի խանգարում նաև դիմել Ռուսաստանին։ Եթե չեն դիմում, ուրեմն կարող եմ ենթադրել, որ կան ինչ-որ պայմաններ, որ իրենց համար ընդունելի չեն, չեն ուզում հավանաբար ավելի կախման մեջ լինել ՌԴ-ից։ Սակայն վիճակն այնպիսին է, որ այդ օգնության անհրաժեշտությունը միանշանակ կա, քանի որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք կռվում, այլ Թուրքիայի, Պակիստանի, ահաբեկչական խմբավորումների։ Այս պարագայում միայն մեր ուժերի վրա հույս դնելն այնքան էլ խելամիտ չէ։ Պետք է մեր բարեկամների հետ գնանք ու պայմանավորվենք, առավել ևս, որ դա նրանց շահերից էլ է բխում, ինչն իրենք բացահայտ ասում են։
Եթե դուք հրաժարվում եք պետական պաշտպանության կոմիտե ստեղծելուց, պիտի հասկանաք, որ կան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Եթե այդ ամենի պատասխանատվությունն ամբողջովին ձեր ուսերին եք վերցնում, պիտի հստակ ձեր քայլերը ձևակերպեք ու հանրությանը ներկայացնեք։ Այս պահին խոսքը միայն Արցախի մասին չէ, այլ ողջ Հայաստանի և հայության ապագայի։
-Կա ձևակերպված տեսակետ, վարչապետն ասում է, որ այս պահին դիվանագիտական լուծում հարցը չունի, բոլորս պիտի գնանք ու կռվենք։ Սա բավարար չէ՞։
-Այս պահին, այո, հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանի հետ խոսելն անիմաստ է, իրենք իրենց թելադրող են համարում և առավելագույն պահանջներ են մեր առաջ դրել։ Բայց իմ նշած դիվանագիտական ճանապարհներն այլ են, այն է` ենթադրում են մեծ աշխատանք և ԱՄՆ-ի, և Իրանի, և Ռուսաստանի, և Չինաստանի հետ, որպեսզի ստեղծվի լուրջ կոալիցիա Թուրքիայի դեմ։ Սա այսօրվա թիվ մեկ հրամայականն է, որը կկարողանա զսպել Թուրքիայի ախորժակը։
-Նախօրեին Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի հետ միասին լուծելու հակամարտությունը։ Սա իրատեսակա՞ն է և ի՞նչ է ենթադրում։
-Սա Իդլիբում կրած պարտությունից հետո արված հայտարարություն է, երբ ռուսական ուժերը հարված հասցրին գրոհայիններին։ Ռուսաստանը հաշվի չառավ, որ այդ ճամբարներն անմիջապես Թուրքիայի սահմանների վրա են։ Հիմա Էրդողանը փորձ է անում այս իրավիճակից իր համար ավելի դրական ելք գտնել՝ Ռուսաստանին առաջարկելով միասին հարցը լուծել։ Մինչդեռ ՌԴ-ն վաղուց նշել է, որ Թուրքիան չի կարող մասնակցել այդ բանակցություններին առնվազն այն պատճառով, որ դրան Հայաստանը դեմ է։ Այս պահին պարզապես անհրաժեշտություն է, որ Ռուսաստանին հնարավորություն տրվի մասնակցելու այս գործողություններին։
-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը ինչ-որ առումով չի՞ կարող դրա համար հիմք լինել։
-Այն չի կարող պաշտոնական համարվել, Արցախը չճանաչված հանրապետություն է, Ռուսաստանի հետ չունի հարաբերություններ։ Հայաստանն ունի պայմանագիր և ՀԱՊԿ-ի անդամ է։ Իրավիճակն ամբողջովին Հայաստանի պատասխանատվության ոլորտում է, այդ դիմումը միայն Հայաստանի իշխանությունները կարող են հղել։ Երկրորդեմ, մեր դեմ միայն Ադրբեջանը չի կռվում, Թուրքիան է կառավարում բոլոր գործողությունները, և Ադրբեջանում, կարելի է ասել, իշխում է ոչ թե Ալիևը, այլ Էրդողանը, և այս պարագայում ձևացնել, թե միայնակ կարող ենք այդ հզոր տանդեմի և գրոհայինների դեմ կռվել, անհեռատեսություն է ու սխալ քաղաքականություն։ Եթե Ադրբեջանն այս ամենի համար իր դաշնակցին է հրավիրել, ինչու՞ նույնը մենք չենք անում։ Եթե կասկածներ ունեք, գնացեք Մոսկվա, նստեք այնտեղ այնքան, մինչև այդ կասկածները փարատվեն։ Ոչ մի բան արժեք չունի, եթե մենք մեր ազգային շահը չկարողանանք պաշտպանել։ Եթե տեսնում եք, որ դուք չեք կարողանում այս խնդիրը լուծել, գուցե կառավարման ձևն իսկապես կարելի է փոխել՝ հրավիրելով մարդկանց, ովքեր փորձառու են, մասնագետ, անցյալ ունեն, անցել են ճանապարհ ու կարող են դրսում իրենց աշխատանքով օգտակար լինել։ Ինչու՞ չէ, նաև հավաքագրել մեր սփյուռքի ազդեցիկ ուժերը, որոնք կարող են օգտակար լինել այս հարցում։
-Որպես իրավիճակի ելք, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը Փաշինյանին առաջարկեց հրաժարական տալ։ Ի դեպ, ռուսական քաղաքական հաղորդումներում ևս պարբերաբար փորձագետների կողմից այդ միտքն է հնչում։ Ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է այս պահին ճիշտ ելք լինել։
-Նախ ռուսական այդ հաղորդումներում հնչող մտքերին պետք չէ այդքան լուրջ վերաբերվել, այնտեղ մարդիկ են, որոնցից շատերը քիչ են տեղյակ իրական վիճակից, երբեմն անգամ աբսուրդ հայտարարություններ են անում։ Ինչ վերաբերում է հրաժարականին, դեռ 20 օր առաջ ես առաջարկում էի ձևավորել պետական պաշտպանության կոմիտե, որը նորմալ երևույթ է, երբ կառավարությունն ունի հնարավորություն կոմիտեի անդամների հետ հանգելու որոշման և նրանց ներուժն օգտագործելու նաև դրսի հետ հարաբերություններում։
-Այս հայտարարությունը սվիններով ընդունվեց և անգամ համարվեց հակասահմանադրական, դավաճանական առաջարկ։
-Նման կարծիքները հիմարություն են։ Կառավարությունն ինքն է ձևավորում այդպիսի կոմիտե, և նրան կից է դա գործելու, իր առաջարկած օրակարգով։ Ինչի՞ մասին է խոսքը, դա միայն ցնորված մարդկանց մտքի մորմոքն է։ Ինչ վերաբերում է հրաժարականին, եթե կառավարությունը հանգում է այդ մտքին և հրաժարական տալիս, այլ բան է։ Անկախ ամեն ինչից, դա պիտի անցնցում իրականացվի։ Իսկ եթե վարչապետը և կառավարությունը համարում են, որ կառավարելու հնարավորություններ ունեն, պիտի այսօր ներկայացնեն գործողությունները, որոնցից մեկն էլ Ռուսաստանին դիմելն է։ Իսկ ամեն առաջարկին հայհոյանքով պատասխանելն անընդունելի է։
Ես պարզապես ապշած եմ մեր հասարակության այն հատվածի վերաբերմունքից, որն անգամ մահացած մարդու հանդեպ հարգանք չունի։ Պարզվում է` կան այնպիսի մարդիկ, որոնք այն աստիճանի չարացած են, որ մարդկային կերպարը կորցրել են։ Մահացած մարդու հետևից այսպես խոսելը, այդպիսի ատելություն ունենալը զարհուրելի է։ Թշնամու նկատմամբ նման ատելություն ունեցեք։ Ինչպես կարելի է քո հայրենակցի հանդեպ, որն ընդամենն այլ տեսակետ է հայտնում, որը քեզ դուր չի գալիս, նման պահվածք դրսևորել։ Այս ծայրահեղությունը որտեղի՞ց է։ Ինչու՞ սա արդեն ազգային անվտանգության խնդիր չեք համարում, որովհետև եթե կան նման մարդիկ, նրանցով պիտի արդեն այդ ծառայությունը զբաղվի։ Սա խայտառակություն է։ Ինչու՞ սա չեք կասեցնում, սա պառակտիչ գործողություն է։ (Հիշեցնենք, որ օրերս մահացել է ազգային անվտանգության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, որի մահվան մասին լուրը ֆեյսբուքյան գարշելի քննարկումների առիթ էր տվել-Ռ. Խ.)։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ