Իմանալով Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները ու նաև այն, որ նրանց ու ներկայիս պատերազմի հետևում կանգնած են աշխարհի գլոբալիստական ուժերը, հետևելով ռազմաքաղաքական իրադարձություններին և աշխարհաքաղաքական իրավիճակին, կարող էինք եզրակացնել, որ չի կատարվելու նաև ամերիկյան միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի վերաբերյալ հոկտեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:
Իսկ ի՞նչ է, որևէ մեկը միամտություն ունե՞ր կարծելու, թե Թուրքիան հայերիս դեմ կռվելու համար հսկայական ծախսերով ահռելի քանակությամբ զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա, բազմահազար ահաբեկիչներ, վարձկաններ Ադրբեջան տեղափոխելուց հետո Ադրբեջանին թույլ էր տալու հրադադար, եթե այն նույնիսկ ցանկանար…
Թուրքիան միայն վերջին օրերին թուրքական Քրդստանից 1200 լեռնային հատուկջոկատային է տեղափոխել Բաքու, այնուհետև արցախյան ռազմաճակատ, որպեսզի նրանցով փոխարինի ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին, որոնք չեն կարողանում դիմակայել Արցախի մարտիկներին լեռնային հատվածներում:
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 26-ի կեսգիշերից հետո «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ ներկայացրեց ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարությունը.
«ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին:
Միացյալ Նահանգները խթանեց ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»:
ԱՄՆ-ից շտապեցին շնորհավորել նշված պայմանավորվածության կապակցությամբ. «Շնորհավորում եմ կողմերին հրադադարի պայմանավորվածության կապակցությամբ,- իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը:- Կյանքեր կփրկվեն երկու կողմերում»:
Նա հիշեցրել է, որ Սպիտակ տանն ուրբաթ հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, իսկ հոկտեմբերի 25-ին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարած գրառմամբ հրադադարի համաձայնության առթիվ նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր, Թրամփի խոսքով, «հենց նոր համաձայնության եկան կեսգիշերից սկսած (Վաշինգտոնի ժամանակով.- Ա.Հ.) պահպանել հրադադարի ռեժիմը։ Շատ կյանքեր կփրկվեն»։
ԱՄՆ-ի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել իր թիմի անդամներ Մայք Պոմպեոյին, Սթիվ Բիգանին և Ազգային անվտանգության խորհրդին՝ «համաձայնությունը գլուխ բերելու համար»։
Հրադադարի մասին նախորդ երկու պայմանավորվածությունները խախտած ու ձախողած Ադրբեջանը, սակայն, այս անգամ էլ խախտեց հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը: Նախ, ինչպես ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացրեց Արցախի Պաշտպանության բանակը, Ադրբեջանի ՊՆ-ն, ժամը 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը խախտելու մեջ, ապա հեռացրեց տվյալ տեղեկատվությունը, իսկ «հաշված րոպեներ անց տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը»:
«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»,- նշված է ԱՀ ՊԲ հայտարարության մեջ:
Այնուհետև Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ հայտնեց, որ «Կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»: ՊՆ մամուլի քարտուղարը նույն էջում կարճ ժամանակ անց հրապարակեց հրադադարի խախտման վերաբերյալ մեկ այլ տեղեկատվություն. «Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում. հակառակորդը թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ»:
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը նախորդից մոտ 2 ժամ հետո իր էջում կատարած մեկ այլ գրառմամբ տեղեկացրեց.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե իբր հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»:
Է՞, հետո ի՞նչ, որ կարևորում է… Ներդրող պետք է լինի, ավելի ճիշտ, հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի ներդրմանը համաձայնող պետք է լինի: Ադրբեջանը չի համաձայնում, ու վե՛րջ:
Այնուհետև երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն հրադադարի ռեժիմը խախտեց նաև բնակավայրում խաղաղ բնակչության նկատմամբ, հաղորդագրությամբ հանդես եկավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը. «Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը»:
Ադրբեջանի կողմից հրադադարի վերոնշյալ խախտումներից հետո Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրեց. «Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է: Հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին»:
Փաշինյանի վերոնշյալ հավաստումից 2-3 ժամ հետո հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԶՈՒ-ին մի շարք սադրանքներից հետո հաջողվել է մարտերի մեջ ներքաշել Արցախի ՊԲ-ն: Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղարն այս կապակցությամբ Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»:
Դրանից որոշ ժամանակ հետո Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
«Ծանր մարտեր են Արցախի հարավ-արևելքում»,- իր ֆեյսբուքյան էջում ժամը 16:30-ի սահմաններում գրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Օրվա ընթացքում «Razm.info»-ի թելեգրամյան ալիքի հրապարակումից հայտնի դարձավ նաև, որ «Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիի օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա»:
Թե այս ամենից հետո օրվա ընթացքում էլ ինչ իրադարձություններ եղան, թերևս բոլորին է հայտնի, չներկայացնենք: Տապալվեց նաև հրադադարի 3-րդ ու, կարծում ենք, վերջին փորձը:
Մեկնաբանելով Վաշինգտոնում ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները, ուշագրավ կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Gazeta. ru»-ի տեղեկացմամբ, Պեսկովն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որը գտնվում է սուր փուլում, չի կարող ու չպետք է լինի մրցակցության վայր: Նա նշել է նաև, որ Մոսկվան պատրաստ է ողջունելու ցանկացած քայլ, որը կօգնի կանխելու պատերազմը:
«ՈՒշադիր հետևում ենք իրավիճակին ու նախկինի պես կարծում ենք, որ այդ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը:
Հասկանալի է, որ եթե հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը պահպանվեր գոնե մինչև նոյեմբերի 4-ը, Թրամփը ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտին հօգուտ իրեն կստանար լրացուցիչ ու բավական նշանակալի փաստարկ: Թրամփի համար ներկայիս իրողություններում Ղարաբաղը, իսկապես, ավելի շատ ներքաղաքական խնդիր է (հատկապես հաշվի առնելով հայկական սփյուռքի աջակցությունը):
Պարզ տրամաբանությունը հուշում է, որ հրադադարի և Արցախյան հիմնախնդրի լուծման հարցում Թրամփի հնարավոր հաջողությունը, մեղմ ասած, ձեռնտու չէր լինելու նրա մրցակից, ըստ էության, հակառակորդ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենին ու նրա հետևում կանգնած գլոբալիստական ուժերին (ի դեպ, խոսքն ԱՄՆ-ի նախագահի այն թեկնածուի մասին է, որը Ռուսաստանը ԱՄՆ-ի թիվ 1 սպառնալիք, ըստ էության, թշնամի է համարել): Հետևաբար ոչ միայն Էրդողանի, այլև Բայդենի ու վերոնշյալ ուժերի կողմից հրադադարը չէր հանդուրժվելու: Մանավանդ, որ նրանց և Էրդողանի, Թրամփի կողմից սոսկ մասամբ ղեկավարվող, երկիշխանության վիճակում գտնվող ԱՄՆ-ի (ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, ԿՀՎ տնօրեն Ջին Հասփելը, պաշտպանության նախարար Մարկ Էսպերը, թերևս նաև պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն, ըստ էության, հիշյալ ուժերի ներկայացուցիչներից են) և Թուրքիայի շահերի համընկնում կա:
Ընդգծենք, որ երկու կողմերի ռազմավարական ծրագրերի մեջ էլ մտնում է Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումը կամ դրան ընդհանրապես վերջ տալը, Կովկասի ապակայունացումը, ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հյուծումը, պետության բյուջեն ճգնաժամային վիճակի հասցնելը, երկրում սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ և էական վատացումը, դրանից հետո ընդդիմության կողմից ժողովրդի դժգոհ զանգվածը ոտքի հանելը և, ՌԴ ադրբեջանական ու մուսուլմանական բազմամիլիոնանոց համայնքների թեկուզ մի մասի հետ հեղաշրջում իրականացնելով, Պուտինի ու նրա վարչախմբի տապալումը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ