Վերջին շրջանում ազգային արժեքներին, մեր ինքնությանը սպառնացող վտանգների մասին շատ անհատներ են սկսել խոսել։ Կրթության չափորոշիչների հրապարակումից հետո այս ուղղությամբ քննարկումներն ավելի բուռն ընթացք ստացան։ Արդեն նախաձեռնություններ են ստեղծվում, որոնց նպատակն է պաշտպանել մեր արժեհամակարգը, վիժեցնել օտարածին ծրագրերը։ Օրերս նման նպատակով ստեղծվեց «Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպությունը, որի խորհրդի անդամների հետ զրուցեցինք հանրությանը մտահոգող խնդիրների շուրջ։
«ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁԵԼ ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐ ԳԱՂԱՓԱՐԸ՝ ԱՆԴԵՄ ՄԱՐԴԻԿ»
ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ («Ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ, ազատամարտիկ)
-Դուք մտահոգություն չունե՞ք, որ իշխանությունն այս նախաձեռնությունն էլ կկապի նախկինների հետ ու կվարկաբեկի։
-Իշխանությունը բացի նախկինների անունը տալուց, վարկաբեկելուց այս երկու տարվա ընթացքում էլ ի՞նչ է արել։ Նախկիններով վախեցնելով, թմբիրի մեջ պահելով ժողովրդին, իրագործում է իր ապազգային քայլերը։ Նախկին առաջին դեմքերից մեկին օրինակ բերեք, որը սեռափոխվածին բարձրացրեց, պաշտպանեց, արժևորեց, իսկ հերոսին արժեզրկեց, հետապնդեց, դատապարտեց, փորձեց վարկաբեկել։ Ընդհանրապես նախկին իշխանություններից մեկին ցույց տվեք, որը խոսել է 4, 5, 6 տարեկան երեխաների սեռադաստիարակության պարտադիր ուսուցման մասին, որպեսզի, ինչպես իրենք են ասում, «բիսեդկում» չսովորեն։ Եթե «բիսեդկեն» չգիտեն ինչ է, ասեմ, որ այնտեղ նման բաներ չեն սովորեցնում, դա եղել է երևանյան կոլորիտներից մեկը։ Ցույց տվեք մի նախկին ղեկավարի, որի օրոք պղծում են Վեհարանը, կաթողիկոսի վրա ձեռք են բարձրացնում, հետո նրան անվտանգությունից են զրկում։
-Ձեզ անհանգստացնում են արժեհամակարգային խնդիրներ, բայց Նիկոլ Փաշինյանը պարբերաբար նշում է, թե պետք չէ իրենից այդ արժեքները պաշտպանել, քանի որ նա դրանց կրողն է։ Այդպես չէ՞։
-Պետք չէ լսել, թե ինչ են ասում, պիտի տեսնել, թե ինչ են անում։ Ասելով են իրենք իշխանության եկել։ Փողոցում բոլորը դիմակներով են, մարդիկ միանման են, ոչ մեկին չես կարող տարբերակել, ու իրականություն է դարձել ամենավտանգավոր գաղափարը՝ անդեմ մարդիկ։ Առանց ազգային արժեհամակարգի, մարտական ոգու, ինքնության, ինքնասիրության անդեմ մարդիկ։
-Հասարակությունն իր ազգային ինքնությանը սպառնացող վտանգը զգու՞մ է, թե՞ այդ զգացողությունը բթացել է։
-Տեխնոլոգիաների օգտագործմամբ քնեցնում են այդ ամենը։ Հիմա մենք այդ տեխնոլոգիաների դեմ ենք դուրս եկել, բա մեր դեմ դուրս չգա՞ն։ Ամեն ինչ են անելու, որ մեզ ոչնչացնեն, վարկաբեկեն, կեղծ տեղեկություններ տարածեն։ Հիշեք, թե այս երկու տարվա ընթացքում այս իշխանությունն ինչ խոստումներ է տվել, ո՞րն է դրանցից իրականացել։ Փոխարենն ասում են՝ հայ-հարայ նախկինները։ Ես նախկին եմ, մարդ, որն այս երկիրն ազատագրողներից մեկն է։ Մինչ մենք ներսում անհասկանալի ծրագրերով ոչնչացնում ենք ամեն ինչ, թուրքը շատ լուրջ պատրաստվում է, պատերազմ լինելու է։
«ՍՈՐՈՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ՎԻՇԱՊՆ Է, ՈՐԸ ՓԱԹԱԹՎԵԼ Է ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԶԻՆ ՈՒ ՓՈՐՁՈՒՄ Է ԽԵՂԴԵԼ»
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ (ռազմական փորձագետ)
-Ինչու՞ եք միացել «Ազգային ճակատ» նախաձեռնությանը, ռազմական ոլորտում այսօր ի՞նչ խնդիրներ են Ձեզ մտահոգում։
-Բուն ռազմական ոլորտում, փա՜ռք Աստծո, խնդիրներ չկան, այնտեղ պրոֆեսիոնալներ են աշխատում։ Բայց երկրի անվտանգությունը պետք է լայն համատեքստում հասկանալ։ Մեր ինքնությանը հարվածելը հարված է մեր անվտանգությանը։ Մենք մեր քաղաքակրթական տեսակն ենք պաշտպանում, որպեսզի կարողանանք մեր հայրենիքում ապրել։ Իսկ իշխանության ուլտրալիբերալ խամաճիկները մեր տեսակի լղոզմանն ու անհետացմանն են տանում։ Կստացվի, որ մենք մեր սահմանները կպահենք, բայց ներսից կքայքայվենք, դիմագիծը կկորցնենք։ Ավելին, եթե այս տեմպերը շարունակվեն, 10-15 տարի հետո սահման պահող էլ չի լինի։ Եթե թրքամուծություններ ես անում, սորոսական, թուրքամետ կեղծ խաղասիրությանը տուրք ես տալիս, վաղը սահման պահող չես ունենալու։ Մեր ինքնության դեմ լուրջ մարտահրավերներ կան, այդ թվում կրթության, մշակույթի ոլորտներում։ Շատ հարցեր կան։ Մենք դեմ ենք, որ սորոսական մարգինալները, ի հեճուկս հանրային դիմադրության, առողջ պահպանողականության, մեզ պարտադրեն լիբերալ, ըստ էության, թուրքական աշխարհից ուղղորդվող օրակարգ, որովհետև Սորոսի կապը Թուրքիայի հետ ակնհայտ է։ Սորոսականությունն այն վիշապն է, որը փաթաթվել է մեր պետականության վզին ու փորձում է խեղդել։ Մենք պետք է դիմադրենք ու այդ վիշապի գլուխը կտրենք։
-Ովքե՞ր, ո՞ր ուժերը կարող են «վիշապի» գլուխը կտրել։
-Պետք է առողջ միավորման գործընթացներ ընթանան, անգամ հիմա հատվածական լուրջ դիմադրություն կա, որը կարող է շատ բան կանխել։ Փաշինյանի վարկանիշին հատկապես հարվածում է այն, որ սորոսականությանը տուրք է տալիս, որովհետև մարդիկ հասկանում են, որ այս ամենն իրենց երեխաների ճակատագրերին է առնչվելու։ Իսկ Փաշինյանն իր վարկանիշը գուրգուրում է և անգամ եսասիրական մղումներից դրդված, պետք է այս ամենին վերջ տա։ Բայց եթե երկու տարի չի հասկանում սա, նշանակում է այս գործընթացների մեջ շատ խոր թաթախված է, իսկ կախվածությունը մեծ է։ Մնում է հասարակությունը դիմադրի։
-Անդրադառնանք նաև ռազմական որոշ հարցերի. Ադրբեջանը սահմանամերձ գյուղերում ապաստարաններ է կառուցում, Նախիջևանում կրկին թուրք-ադրբեջանական զորավարժություններ են։ Ինչո՞վ են պայմանավորված այս նախապատրաստական աշխատանքները, հնարավո՞ր է, որ առաջիկայում բլիցկրիգի ականատես լինենք։
-Բլիցկրիգ երբեք Ադրբեջանին չի հաջողվել։ Ալիևյան վերնախավին իրատեսությունը բավարարել է հասկանալու համար, որ բլիցկրիգով Արցախն օկուպացնելն իրատեսական չէ։ Փորձել են, բոլոր մարտունակ միջոցներն ի մի բերելով, փոքր հաջողության հասնել և դա տրանսֆորմացնել դիվանագիտական դաշտում, ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ։ Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումները հավերժ են։ Մենք, որպես կենսունակ պետություն, մշտական արտաքին վտանգի պայմաններում պետք է զարգանանք։ Սա է իրականությունը, որը ժխտել չի կարելի։ Այդ տանդեմի ռազմամոլությունը կարող է ինչ-ինչ ժամանակահատվածում ավելի ընդգծված դառնալ, վերածվել ագրեսիվ դրսևորումների, ինչ-որ պահի էլ կարող է հազվադեպ դառնալ։ Ինչ վերաբերում է զորավարժությունների հաճախականությունը, հաշվի առնելով ապրիլյան, հուլիսյան ձախողումները, նրանք պատրաստվում են պատերազմի։ Թուրքիան միշտ էլ ինչ-որ ձևով անմիջական ներգրավվածություն է ունեցել և ՀՀ-ի, և Արցախի դեմ ագրեսիայի ցանկացած դրսևորմանը խորհրդատուների ներկայությամբ, մահմեդական ծայրահեղականների, հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ և այլն։ Այսօր Ադրբեջանը լուրջ պատրաստվում է՝ չցանկանալով նաև կորցնել ուժի լեզվով խոսելու մենաշնորհը։
-Հուլիսին մեր ռազմական ղեկավարությունը պատրաստ էր ու կարողացավ խափանել թշնամու հերթական արկածախնդրությունը, իսկ քաղաքական ղեկավարությունը գիտակցու՞մ է Ձեր նշած մարտահրավերները, համարժե՞ք է արձագանքում թուրք-ադրբեջանական տանդեմի նկրտումներին, ճի՞շտ է գնահատում իրավիճակը։
-Քաղաքական ղեկավարությունը բոլոր չափանիշներով համարժեք չէ։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Զինված ուժերը, պաշտպանության նախարարությունը, գլխավոր շտաբը կայացած կառույցներ են, շատ լավ պատկերացնում են իրենց առջև դրած խնդիրները։ ՊՆ-ն մեր երկրում այն եզակի կառույցներից մեկն է, որը ժամացույցի ճշգրտությամբ գործում է և ճիշտ ժամանակին արձագանքում տարբեր մարտահրավերներին՝ ընթացքում այդ ամենի մասին տեղյակ պահելով քաղաքական ղեկավարությանը։
-Այսօր արդեն տեսակետ է հնչում, որ բանակցային գործընթացն այդքան էլ էական չէ, պետք է պատրաստվել պատերազմի։ Արդյոք պե՞տք է մերժել բանակցություններն ընդհանրապես։
-Բանակցային գործընթացը պարբերաբար ակտիվանում է, բայց փակուղուց դուրս չի գալիս այն պարզ պատճառով, որ ադրբեջանական կողմն իր ծավալապաշտական նկրտումներից չի հրաժարվում։ Մենք որևէ զիջելու բան չունենք։ Արդեն 29 տարի ունենք ազատագրված Արցախ, կայացած հայկական երկրորդ պետություն, և հնարավոր չէ խորհրդային իրականությունը վերականգնել։ Սա Բաքուն պետք է հասկանա։
«ԿՐԹԱԿԱՆ ԱՅՍ ԾՐԱԳՐԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՊՈԿՎԱԾ, ԴԵՆ ՆԵՏՎԱԾ ՊՈՐՏԱԼԱՐ»
ՍԵՐԺ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ (գրականագետ)
-Պարոն Սրապիոնյան, Դուք վերջին շրջանում ակտիվ պայքարում եք կրթության չափորոշիչների դեմ, միացել եք նաև ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուժերին։ Չնայած մասնագետների լուրջ դիմադրությանը, հրաժարականի պահանջին, իշխանությունը չի ցանկանում Արայիկ Հարությունյանին հեռացնել։ Ինչու՞ է իշխանությունը նախ արհամարհում մասնագետների կարծիքը կրթության չափորոշիչների վերաբերյալ և ինչու՞, ի հեճուկս հանրային պահանջին, շարունակում է պահել ԿԳՄՍ նախարարին։
-Պատահական չէ, որ իշխանություններն արհամարհում են այն մարդկանց, որոնք կանգնած են հարցերի ակունքում և շատ լավ տիրապետում են այն ներքին խոհանոցին, որով առաջնորդվում են իշխանությունները։ Ես եղել եմ «Կամքի» կազմակերպած միջոցառումներին, միացել եմ նաև «Ազգային ճակատ» նախաձեռնությանը, որը բարձրացնում է ազգային դիմագծի աղավաղման վտանգավորության խնդիրը։ Վաղը կարող եմ լինել մեկ ուրիշ տեղ, որը կպայքարի հիմքերի հիմքի աղավաղման դեմ, դա մեր մշակույթն է, ազգային դիմագիծը, որի շնորհիվ հազարամյակներ շարունակ կարողացել ենք դիմագրավել բազում փորձությունների։ Ես չեմ խոսում իրավագիտությունից, առողջապահությունից, որովհետև դրանցից չեմ հասկանում, բայց բարեբախտաբար ես հողի մարդ եմ, մեծացել եմ գյուղում և գրքերի աշխարհում։ Այս երկու արժեքներից ես շատ լավ հասկանում եմ։ Ես սարսափում եմ, որ վերանում է հողի, նոր հնձած խոտի բույրը, որովհետև գյուղացին հողից խռովել է, այլևս խոտ չի հնձում։ Վերանում է նաև այն խավը, որը խորհրդային տարիներին, բավականին դժվար ճանապարհ անցնելով, վերակերտեց ազգային դիմագիծը։ Դա մտավորականությունն է։ Այսօր քանի՞ մտավորական կա, որը հստակ գիտակցում է այս արհավրալից ընթացքը և ձայն է բարձրացնում։ Այստեղ հերոսության կամ ոչ հերոսության խնդիր չկա։ Մտածելակերպի և վտանգի ահագնությունը զգալու խնդիր է։ Բոլոր այն մտավորականները, որոնք մտածում են, թե այսօրվա պետության ղեկին եղած մարդիկ ուղղվելու են, խորապես սխալվում են մանկամիտի և մտածելու կարողություն ունեցող մարդկանց միջև։ Մարդը, որն իր ձևավորման ընթացքում ուղնուծուծով փչացել է օտար ուսմունքների ազդեցության տակ, դրան այլևս հետդարձ չկա, նրան միայն զսպաշապիկ է հարկավոր, իսկ այդ զսպաշապիկը նրան պիտի հագցնի մտավորականությունը։ Իսկ երբ քանդում են կրթությունը, ազգային ավանդույթները, «հայրենասիրություն» բառը, ռազմահայրենասիրությունը վերացվում են, կարո՞ղ եք պատմության մեջ մի դարաշրջան ցույց տալ, երբ այս բոլոր արժեքները վերացել են, ու որևէ ազգ դրանից հետո գոյատևել է։ Չկա այդպիսի բան։ Ես սարսափում եմ այն մտքից, որ մենք համալրելու ենք անհետացած այն ազգերի շարքը, որոնք կորցրին իրենց ինքնությունն ու բարոյականությունը։ Այս առումով, բարեբախտաբար, ունենք մեր ուսուցչին (Մովսես Խորենացուն), որը դեռևս 1500 տարի առաջ մեզ զգուշացրել էր՝ սերմ ու ամոթ։ Եթե այս երկուսը վերանան, ըստ Խորենացու, մենք դադարելու ենք գոյություն ունենալուց։
-Դրա համար էլ ԿԳՄՍ նախարարության չափորոշիչներում «հատուկ» վերաբերմունք կա Խորենացու հանդեպ։ Փաստորեն իզուր չէին փորձում դասագրքերից դուրս մղել նման մեծերին։
-Իրենք մանիպուլյացիաների մեծ վարպետ են։ Երբ ասում եմ, որ ուղնուծուծով փչացած են, ես այդ խոսքերի պատասխանատվության արժեքը գիտակցում եմ, կարող եմ մտածել նաև, որ այդ բնութագրերի համար ինձ կարող են դատարան քարշ տալ։ Ես դրան էլ եմ պատրաստ և ունեմ փաստարկները։ Եթե ԱԺ է մտնում ուղնուծուծով, հոգեբանորեն վերջնականապես վերջացած անհատ, որի կերպն է միայն մարդու, իսկ ներքին էությունն անասնական է (նկատի ունեմ խորհրդարանի ամբիոնից ԼԳՏԲ-ականի ելույթը), ես հասկանում եմ, որ վտանգն ավելի մեծ է, քան իրականում մենք տեսնում ենք։
-Ինչու՞ է մտավորականների զգալի հատվածն այսօր լռում, երբ կան լուրջ մարտահրավերներ։
-Հավանաբար նրանց մեծ մասը լավատես է։
-Գուցե վախենու՞մ են քարկոծվելուց, աշխատանք կորցնելուց։
-Աշխատանք կորցնելուց վախենում են նրանք, ովքեր ասուն չեն։ Բառաչում են միայն այն կովերը, որոնք երեկոյան մսուրքում խոտ չեն տեսնում։ Այդ հոգեբանությունը մեր մտավորականին հարիր չէ։ Չեմ կարծում, թե վախենում են, պարզապես մտածում են՝ օրեր են, կմթնեն, անց կկենան։ Համբոյական այս հոգեբանությունը որոշ իմաստով տիրապետող է։ Նրանք մտածում են, թե կծնվի այն լուսավոր միտքը, որը մեզ հետ կպահի այս արհավիրքից։ Բայց դա ինքնաբերաբար չի լինում, որովհետև իշխանության ղեկին եղած այս մարդկային ողջ հանրույթը հեռու է ազգային արժեքներից և համառորեն գնում է այն ճանապարհով, որը կամ իրենք, կամ իրենց համար են ուրվագծել։ Իսկ դա մեր խորտակումի ճանապարհն է։ Որևէ մեկն ինձ համոզի, որ սրանք չեն գիտակցում, թե ինչ են անում։
-Ակնարկում եք, որ հատուկ ծրագի՞ր են իրականացնում։
-Նրանք ոչ միայն այս ամենը գիտակցված են անում, այլև, այո, մշակել են հատուկ ծրագիր։ Տեսեք՝ այն արհամարհանքը, անգամ սեփական ինքնասիրության անտեսումը, երբ մարդու մանեկենը ողջ հասակով դնում են աղբարկղի մեջ և քաղաքում պտտեցնում, ու չկա որևէ արձագանք։
-Կա արձագանք, նախարարին և չափորոշիչներին դեմ անձանց Արայիկ Հարությունյանը համարում է խավարամիտ։
-Բայց «խավարամիտները» գոնե աղբամաններում չեն ծվարում։ Մենք խոսում ենք ազգակործան կրթական ծրագրերի մասին, հազարավոր փաստեր են բերվել, որոնք ապացուցում են դրանց վտանգավորության աստիճանը, սակայն ոչ մի բանական միտք այդ ամենի վերաբերյալ չկա։ Մտքերի խաղով փորձում են այդ բռնկումը մարել։ Երկու անգամ տարբեր հանձնախմբերի ղեկավարներ կիսագրագետ, օրումեջ տարրական դպրոց հաճախածի մակարդակով փորձում են բացատրություն տալ սևագրերի վերաբերյալ, բայց որևէ նոր բան չի ասվել։ Սա մտածող մարդուն հիմք է տալիս եզրակացնելու, որ նրանք աշխատում են այս բորբոքումը հանդարտեցնել և շարունակել իրենց սև գործը։ Քանիցս ասել եմ, որ մեծ հավատ ունեմ մեր ուսուցիչների, հայ լրագրության, հայ մարդու հանդեպ, որոնք զգոն են պահում մեր միտքը, իսկ այս ծրագրերը դպրոցում կլինեն պոկված, դեն նետված պորտալար։
-Ասել է՝ մտահոգություն չունե՞ք, որ այդ անհասկանալի չափորոշիչները, ի վերջո, միս ու արյուն են ստանալու։
-Միս ու արյուն կստանան շատ դանդաղ, եթե անգամ չնչին չափով իրականություն դարձան, ազգակործան ընթացք կունենանք։ Վախենում եմ դրանից ու նաև այն պատեհապաշտ մտավորականից, ուսուցչից, որոնք մեր շարքերում նվազ քանակությամբ, բայց կան։ Մեր խնդիրն այն է, որ այս ամենը պաշտոնական տեսք չստանա։ Բոլոր այն նաիվ մարդիկ, որոնք կարծում են, թե Արայիկ Հարությունյանի հրաժարական պահանջելը միամտություն է, խորապես սխալվում են։ Սա այս պատի առաջին ճեղքը պիտի լինի, որին պիտի հաջորդեն ուրիշ ճեղքեր և պատը փլուզվի։ Յուրաքանչյուր քար ջրի կաթիլից ճեղքվում է և վերածվում ավազահատիկի։ Այս ամուր կառուցված ու դրսից ներմուծված պատը մերը չէ, պետք է անպայման քայքայվի։ Ես որևէ պետական իշխանավորի ոչ լավ, ոչ վատ առումով չեմ առանձնացնում, որովհետև իմ խնդիրը չէ այս կամ այն նախարարի գործունեության մասին դատելը, իմ խնդիրն է այն գլոբալ փորձությունները նկատելը, որոնք կատարվում են երկու կարևոր ոլորտներում` մի կողմից գրի և մշակույթի, մյուս կողմից՝ գաղափարաբանության ոլորտներում։ Եթե այս երկու ոլորտում նրանք հաջողեցին, մնացած բնագավառները, տնտեսությունից սկսած, մեխանիկորեն կկազմալուծվեն, կվերանան։ Այս իսկ պատճառով ես լինելու եմ բոլոր այն ուժերի կողքին, որոնք ազգային այս խնդիրներն առաջնային են համարում։ Նրանք նույն գաղափարն են հետապնդում և վաղը կամա թե ակամա միավորվելու են՝ ըստ վտանգի ահագնության։ Իսկ վտանգն արտասովոր մեծ է։ Ես խոսում են նաև նախորդ 30 տարիների իշխանությունների սխալների մասին, չկա որևէ հասարակություն, որ տասնամյակների մեջ սխալներ թույլ չտա։ Բայց նախկինների ու սրանց միակ տարբերությունն այն է, որ նախկինները, ի տարբերություն ներկաների, չէին սպառնում ազգային արժեքներին։ Կարող են նախկիններն ու ներկաներն ինձ դաս տալ, բայց իրենք նախկին են, ներկա են, ես հավերժական եմ, որովհետև իմ տեսակի դեմ պայքարելը շատ դժվար է, իմ տեսակն իրենից հետո ենթատեսակ է թողնելու։
Ճեպազրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ