«Այսպիսի հակահայկական, Աստծուն ոչ հաճո գործունեությունը շատ վատ հետևանքներ կունենա»
17.04.2020 | 00:31
Ճգնաժամային իրավիճակներում իշխանության հոգսը ոչ միայն խնդիրներին լուծումներ գտնելն է, այլև մարդկանց համախմբելը, միասնականություն ու համերաշխություն սերմանելը, որպեսզի առավել հեշտ լինի համատեղ ջանքերով հաղթահարել վտանգը։ Սակայն այս առումով էլ մեր բախտը չի բերել։ Այս իշխանության համար ոչ մի սահման, պատնեշ չկա, այս իրավիճակում ոչ միայն պառակտումները շարունակվում են, այլև ամենաբարձր մակարդակով հարձակվում են պետական հենասյուներից մեկի վրա։ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին հայտարարությունն ալեկոծել է իշխանականներին։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
-Ինչու՞ Վեհափառի խոսքն արժանացավ իշխանական ներկայացուցիչների բուռն քննադատությանը, ինչու՞ կաթողիկոսի հանդեպ այսպիսի անհանդուրժողականության ալիք եղավ։
-Զարմանալու ոչինչ չկա։ Վերջին երկու տարվա ընթացքում պարզ երևում է իշխանության, հատկապես դրա մի մասի վերաբերմունքը ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու, այլև այն պետական, ազգային ինստիտուտների հանդեպ, որոնք հայկականության իդենտիֆիկատորներ են։ Գրոհ են կազմակերպում այս բոլոր ուղղություններով։ Իսկ եկեղեցու հանդեպ անբարյացակամությունը վառ արտահայտվեց 2018-ի օգոստոսին, երբ կաթողիկոսի վրա հարձակում տեղի ունեցավ։ Այս ամենը պետական ապարատի հանդեպ տհաճ տպավորություն է թողնում։ Սա հերթական պատրվակն էր, երբ կաթողիկոսը խոսեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության մասին, որպեսզի նորից հարձակվեն Մայր աթոռի վրա։ Բացի սրանից նաև տեսանք, որ 10 տարվա վաղեմության քրեական գործ է հարուցված Նավասարդ Կճոյանի դեմ։ Իշխանության մեջ սողոսկել են բազմաթիվ աղանդավորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց մի մասը բարձր պաշտոնների է նստած, աղանդավորական խոշոր կազմակերպություններն օժանդակել են նաև ապրիլյան հեղափոխությանը։ Զարմանալի է միայն այն, որ այս իշխանությունը պատմական իրողությունները հաշվի չի առնում։ Մենք տեսել ենք, թե որտեղ են հայտնվում Հայ առաքելական եկեղեցու դեմ պատմության գրքերում արդեն մոռացված պայքարողները։ Իսկ եկեղեցին գործել է ու միշտ գործելու է՝ իր շուրջը միավորելով հայ ժողովրդին։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությանը, ինչպես ցուլի վրա է ազդում կարմիր գույնը, այնպես իշխանությունների և նրա հարակից լրատվամիջոցների, մարդկանց, ֆեյքերի ֆաբրիկայի վրա է ազդում Ռոբերտ Քոչարյանը, ամեն առիթ օգտագործում են նրա և նրան աջակցողների վրա հարձակումներ գործելու համար։ Հիշենք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացավ հանրային հայտնի դեմքերի նամակից հետո, ինչ հայհոյանքների տարափ էր, երբ Արցախի երկու նախագահները դատարան եկան, ինչ տհաճ արտահայտություններ էին հնչում նրանց հասցեին։ Երբ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն էլ խոսեց այս թեմայից, կրկին լուտանքներ թափվեցին։ Այս առումով ամեն ինչ պարզ է. իշխանության համար Քոչարյանը թիվ մեկ թշնամին է և նրա հանդեպ վախը ստիպում է ավելի ու ավելի ցածրանալ։
-Վեհափառի հասցեին ԱԺ փոխխոսնակի մակարդակով ցինիկ ու հեգնական հայտարարությունները, վարչապետի խոսնակի հակադարձումը նշանակու՞մ են, որ պետական մակարդակով հակաեկեղեցական քաղաքականություն է տարվում։
-Միանշանակ։ Իշխանություն ստանձնելուց անմիջապես հետո Փաշինյանի կառավորությունը ձեռնամուխ եղավ կաթողիկոսին պետական պահպանության ծառայությունից զրկելու գործին։ Սա առաջին քայլն էր, որին հետևեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, երբ գրավեցին առաջնորդարանը, իսկ ոստիկանությունը կարծես ցանկություն չուներ նրանց այնտեղից հանելու։ Իսկ այն պաշտոնյաների հանդեպ, որոնք հարձակվում են կաթողիկոսի վրա, խղճահարության զգացում ունեմ, որովհետև նրանց անընդհատ ստիպում են ստորանալ, իրենց մարդկային արժանապատվությունը գետնով տալ, որպեսզի հաճոյախոսեն Փաշինյանին և հանկարծ չընկնեն նրա անբարյացակամության ալիքի տակ։ Սրանով է պայմանավորված, որ նրանք ամեն անգամ ստիպված են ավելի ցածրորակ, անարժանապատիվ հայտարարություններ անել, ավելի ու ավելի ընկղմվելով այն անբարոյական ճահճի մեջ, որից երբեք դուրս չեն գալու։
-Սովորաբար ճգնաժամային իրավիճակներում իշխանությունը համախմբման, ոչ թե պառակտման քաղաքականություն է վարում։ Ինչու՞ մեզանում իշխանությունն այդ գիտակցությունը չունի և անգամ այս վիճակը հաշվի չեն առնում ու շարունակում են թիրախներ որոնել ու «տեսակավորել» հանրությանը։
-Այսօր իշխանության ղեկին ունենք մի անձ, որը երբեք համերաշխության ջատագով չի եղել, իր և իր հոգևոր հոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ողջ քաղաքական գործունությունը եղել է հասարակությանը պառակտելու ճանապարհը, սև ու սպիտակի բաժանելը, «ով մեզ հետ չէ, տականք է» մտածողությունը։ Եթե մարդու էությունը պառակտիչ է, նրանից հանդուրժողականություն, համերաշխություն սպասել պետք չէ։ Միավորող գաղափարները նրանցից կիլոմետրերով հեռու են, համախմբում սպասելը՝ անհնար։ Եթե մարդը ջունգլիներում է մեծանում, ինչքան էլ նրան հեռուստացույցի մասին բացատրես, նա բան չի հասկանա։ Դրա համար լևոնտերպետրոսյանական ճյուղից երբևէ ազգային համերաշխություն սպասելն առնվազն զավեշտալի է։
-Մինչդեռ Տեր-Պետրոսյանն է դավաճան համարում այն մարդկանց, ովքեր այսօր համարձակվում են քննադատել իշխանություններին։
-Ըստ Տեր-Պետրոսյանի, իշխանությունը մի անսխալական բան է, որին չպետք է քննադատել։ Մարդիկ, որոնք ժամանակին նախկին իշխանություններին էլ չեն սատարել ու հիմա գործողին էլ են քննադատում, նրանք դավաճա՞ն են։ Այնինչ հայ ազգը շատ լավ գիտի, թե ով է դավաճանը, ինչ է ցանկացել և ինչի համար է պաշտոնից զրկվել։ Այդ խաղերը բարեբախտաբար 1998-ին ավարտվեցին, բայց, ցավոք, հոգեզավակը նույնը հիմա շարունակում է։ Կորոնավիրուսը Հայաստանի համար բավական մեծ խնդիրներ է առաջացրել։ Եթե ժամանակին իշխանությունը կարողանում էր և հաց, և տեսարաններ ապահովել էյֆորիայի տակ հայտնված ժողովրդին, հիմա հաց չկա, իսկ տեսարաններն այլևս չեն լրացնում բացերը։ Եկեղեցու հետ կապված այս ողջ շոուն հաստատապես չի աշխատելու, որովհետև վերջին օրերին Փաշինյանի «լայվերի» մեկնաբանություններում նկատելի է բացասական մեծ երանգ։ Հիմա ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել, բայց չի ստացվելու։ Երկու տարի նույն ոճով առաջ են գնում, մարդիկ արդեն կուշտ են և հստակ պատասխանների են սպասում, իսկ իշխանությունն էլ պատասխան չունի։ Ավելին, փորձում են իբր ինչ-որ բան անել, բայց սխալը սխալի հետևից են անում։ Երբևէ որևէ մեկը, որը փորձել է խաչակրաց արշավանք անել առաքելական եկեղեցու դեմ, հաջողության չի հասել։ Ցավում եմ, որ այս իրողությունները մարդիկ չեն հասկանում ու նույն սխալն են անում։ Ողջ կառավարությանը խորհուրդ կտամ ոտքով Հանրապետության հրապարակից (իրենք սիրում եմ նման բաներ) գնալ Էջմիածին, Մայր աթոռ, ծնկաչոք մտնել կաթողիկոսի մոտ, համբուրել Աջը, ներողություն խնդրել։ Եթե ապաշխարանքը լինի իրական, ի սրտե, կաթողիկոսը կների։ Հակառակ դեպքում այսպիսի հակահայկական, Աստծուն ոչ հաճո գործունեությունը շատ վատ հետևանքներ կունենա։ Կյանքը Երկիր մոլորակի վրա չի ավարտվելու, նրանք երկնային դատաստանի առջև էլ են կանգնելու։
-Ի՞նչ եք կարծում, այս ճգնաժամը վերջ տվե՞ց իշխանության պոպուլիզմին, այն էլ չի՞ աշխատելու։
-Արդեն չի աշխատում, հասարակության զգալի հատված հիասթափված է իշխանություններից։ Այն, ինչ մինչ ընտրվելն ասում էր Փաշինյանն ու հիմա է ասում, լրիվ հակառակ բաներ են։ Անընդհատ փորձում է «հներով» վախեցնել, բայց դա էլ չի աշխատում այլևս։ Շատերն են հասկացել, որ նախկիններին ուղղված Փաշինյանի քննադատությունը եղել է մտացածին, հորինված, ոչ իրական։ Էյֆորիան շատ արագ տեմպերով վերանում է։ Այն ժողովուրդը, որը Փաշինյանին իշխանության էր բերել ու աստվածացնում էր, դառնալու է նրա ամենամեծ քննադատը։ Իսկ իշխանությունն արդեն կտրվել է իրականությունից ու չի հասկանում ինչ է անում։ Այսքանով հանդերձ կրկին պառակտել ժողովրդին ու հարձակվել պետականության հիմնասյուներից մեկի վրա, կարող է այս իշխանության համար ճակատագրական սխալ լինել։
-Ամենաշատը քննարկվող պարգևավճարներին անդրադառնալով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հավատարիմ է մնում իր նախկինում ասած մտքին, որ պետական ապարատում պետք է բարձր աշխատավարձեր ստանան, իսկ հակառակը կլինի հետհեղափոխություն։ Ասել է՝ հանրությունը պիտի համակերպվի՞, որ պաշտոնյաները պետք է բարձր պարգևատրումներ ստանան, իսկ ինքը շարունակի նվազագույն աշխատավարձով ընտանիք պահել։
-Պարգևավճարների ինստիտուտը Փաշինյանն օգտագործում է միմիայն այն բանի համար, որ շարունակի մարդկանց իր կողքին պահել, որպեսզի իր առաջին իսկ հրահանգով տարբեր մարդկանց վրա հարձակվեն, հայհոյեն, ինչպես եղավ կաթողիկոսի, ինչպես է երկրորդ, երրորդ նախագահների դեպքում։ Այսինքն՝ ինքը փողով մարդ է պահում։ Պարգևավճարները միտված են որոշ զանգված Փաշինյանի կողքին պահելուն։ Եթե դա էլ չլինի, Փաշինյանի կողքին կմնան 5-6 հոգի, նույն այն մարդիկ, որոնք Գյումրիից իր հետ քայլում էին։
-Այսօր կառավարությունը տնտեսության վերջնական փլուզումը կանգնեցնելու լուրջ խնդիր ունի։ Չնայած կորոնավիրուսի պատճառով պայմանավորված տնտեսական վիճակը մեղմելու միջոցառումներն ավելացնում են, սակայն դրանցից դժգոհող քաղաքացիների քանակը չի նվազում, մարդիկ իրենց այդ ծրագրերի շահառու չեն տեսնում։ Համալիր ծրագրերի խնդի՞ր կա, ինչու՞ է կիսատ-պռատ տնտեսական քաղաքականություն իրականացվում։
-Փորձում են ինչ-որ բաներ անել, բայց դա էլ չի աշխատում։ Ընդամենը մի օրինակ. միջոցառումներից մեկով 10 000 գազի և 5000 էլեկտրաէներգիայի ծախսի 50 տոկոսը կառավարությունը պետք է փոխհատուցի, սա այնքան զավեշտալի ու անգրագետ էր ձևակերպված, որ ամենացուրտ փետրվարին այդքան քիչ գազ ու լույս վառած քաղաքացի չէր լինելու։ Այս առումով քննադատությունն ու ծաղրանքը մեծ էր, դա հաշվի առնելով, հաջորդ օրը կառավարությունը որոշեց շրջանակը մեծացնել, որովհետև դրանով ավելի շատ զայրացրին ժողովրդին։ Մյուս միջոցառումներն էլ առանձնապես չեն փայլում։ Հետևելով կառավարության, Փաշինյանի հայտարարությունների մեկնաբանություններին, հասկանում եմ, որ շատերը չեն ընդգրկվել այդ ծրագրերում։ Չեմ կարծում, որ ոչ համակարգված այսպիսի միջոցառումներով կարող են իրավիճակը մեղմել։ Պիտի հաշվի առնել նաև, որ վարչապետի, առողջապահության նախարարի, քաղավիացիայի ղեկավարի իրավիճակը սխալ գնահատելուց ունեցանք վիրուսի հետ կապված շատ ավելի վատ իրավիճակ։ Եթե ժամանակին ավելի շուտ չեղարկվեին Իտալիա չվերթերը, արագ արձագանքեին խնդրին, ամպագոռգոռ հայտարարություններ չանեին (կորոնավիրուսն ում շունն է, սովորական գրիպ է, վախենալու բան չկա, երեխաներիս դպրոց կուղարկեմ), հանրաքվեն ամեն գնով անցկացնելու մոլուցքը չլիներ, հավանական էր, որ Էջմիածնի և արտադրամասի վարակի դեպքերը չէին լինի, ու իրավիճակն ավելի թեթև կլիներ։ Եթե իրենց թվում է, որ այս ամենն էլ է մոռացվելու, իրենք չարաչար սխալվում են։ Հայաստանի այսօրվա վիճակի ողջ պատասխանատվությունը Փաշինյանի ու նրա իշխանության ուսերին է։
-Այսօր էլ շարունակվում են հակասական հայտարարությունները, Փաշինյանը մի բան է ասում, առողջապահության նախարարը՝ լրիվ հակառակը։ Իրենց սխալներից դաս չե՞ն քաղել։
-Փաշինյանն այնքան է տարված իր վարկանիշով, որ հիմա շարունակում է խաղալ «լավ ու չար ոստիկան» խաղը։ «Չարը» Թորոսյանն է, որը վատ բաներ է ասում, իսկ «լավը» Փաշինյանն է, որն իբր դրական բաներ է ասում ու փորձում դրա վրա էլ միավորներ հավաքել։ Այս իրավիճակում էլ շարունակում են իրենց պոպուլիզմը։ Դրա համար էլ իրականության զգացողությունը կորցրել են, նրանք չեն հասկանում, թե իրենց շուրջն ինչ է կատարվում։
-Ոմանք պնդում են, թե այս վիրուսն ազդարարում է Փաշինյանի իշխանության ավարտը։ Դուք ի՞նչ եք կարծում, իրավիճակը հաղթահարելուց հետո ինչպիսի հասարակություն և իշխանություն կունենանք։
-Դժվար է կանխատեսել, թե այս ամենը որքան կտևի։ Հասարակության սթափության մակարդակը բավական բարձրացել է, բայց կփորձեն էլի պոպուլիզմով հասարակությանը պահել։ Խնդիրը ոչ թե ներկա իշխանությունն է կամ Փաշինյանը, այլ հասարակության հասունությունը։ Մարդիկ պետք է այնքան իմաստնանան, որ ապագայում որևէ պոպուլիստ չկարողանա իշխանության ղեկին հայտնվել, այսինքն ժողովուրդն ի սկզբանե պիտի մերժի նման մարդկանց։ Ավելի շատ պիտի աշխատել հանրության գիտակցությունը մեծացնելու ուղղությամբ, որ որևէ պոպուլիստ իշխանությունում հայտնվելու որևէ հնարավորություն չունենա։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ