«Բոլորի համար ծիծաղելի է Փաշինյան-փրկչի կերպարը»
10.03.2020 | 01:03
Հանրաքվեի քարոզարշավի այս մի քանի օրերին բուկլետ պատռող աղջկանից մինչև ինքնասպանություն գործող մարդու տեսարանների ականատես եղանք, բայց այդպես էլ չհասկացանք, թե ինչի համար է այս հանրաքվեն։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իմքայլականները բուկլետներ են բաժանում, որոնք չեն էլ կարդում մարդիկ։ Չկա մի քաղաքական, իրավական բացատրություն, ի վերջո, ինչու՞ է իշխանությունը այս համապետական միջոցառումը կազմակերպել։ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ զրուցել ենք քարոզարշավի ընթացքի և հնարավոր զարգացումների թեմայով։
-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։
-Քարոզարշավի ընթացքի վերաբերյալ և «Այո»-ի, և «Ոչ»-ի ճամբարներում կանխատեսելիություն կա: «Ոչը» պասիվ քարոզարշավային մարտավարություն է ընտրել՝ շատ կոնկրետ հիմնավորելով այդ դիրքորոշումը։ Իշխանությունն էլ ուշացած սկսեց իր քարոզչությունը։ «Այո»-ի պարագայում մեկ դերասանի թատրոնի հետ կրկին գործ ունենք, մինչդեռ «Ոչ»-ի ճամբարը բավական բազմաշերտ ու բազմաբևեռ է։ Մի կողմից իրավաբանները, մյուս կողմից էլ այդ շտաբում ֆորմալ առումով չընդգրկված բոյկոտի կողմնակիցները, որոնք, ըստ էության, էլի «Այո»-ի հակադիր բևեռում են։
-Ինչպես համապետական ցանկացած միջոցառում, այս հանրաքվեն էլ Նիկոլ Փաշինյանն է իր ուսերին տանում, հիմնական դերակատարը նա է։ Փաստորեն, 2 տարի ա՞նց էլ իշխանությունում թիմ չկա, մարդիկ, որոնք հանրությանը քիչ թե շատ հավատ կներշնչեն։
-Իշխանափոխությունից առաջ էլ ողջ գործընթացը մեկ անձի վրա էր հիմնված, իշխանափոխությունից հետո առավել ևս այդպես է, ամեն ինչ մեկ անձով է պայմանավորված։ Հայաստանում քաղաքական որոշումները կայացնում է մեկ անձ, պատասխանատվությունը դրված է այդ մեկ անձի վրա։ Եվ այդ մեկ անձն է, որ կարող է իր վրա վերցնել այս քարոզարշավի ողջ ընթացքը։ Սա խոսում է քաղաքական իշխանության, թիմի որակի մասին։ Պետք չէ զարմանալ, որ իշխանությունում չկան երկրորդ, երրորդ, չորրորդ համարներ։ Կա Նիկոլ Փաշինյան, որ ոչ միայն ինքն է իրեն համեմատում Հիսուսի հետ, այլև իր թիմն էլ վստահ է, որ նա Հիսուսն է։
-Տեսակետ կա, որ առանց կեղծիքի իշխանությանը չի հաջողվի հանրաքվեն անցկացնել։ Ձեր դիտարկմամբ, նախկինում մշտապես ընտրակեղծիքներից խոսող այս իշխանությունը կգնա՞ կեղծիքների։
-Ամբողջությամբ համամիտ եմ այդ տեսակետին։ Վստահ եմ, որ եթե 25 տոկոսի չափ «Այո» ապահովեցին, միանշանակ դա լինելու է բացառապես ընտրակեղծիքների ճանապարհով, որովհետև չկա էյֆորիա, իշխանության վարկանիշը գնալով անկում է ապրում։ Կարծում եմ՝ իշխանությունն այսօր 40 տոկոսից ավելի վստահություն չունի հանրության շրջանում։ Ինչ վերաբերում է իրենց նախկին հայտարարություններին, այդ թվում ընտրակեղծիքներին, ես չեմ զարմանա, որ այսօրվա իշխանությունները խոսեն ընտրակեղծիքներից ու նաև ընտրակեղծիքներ անեն։ Մենք տեսել ենք կեղծ բարեպաշտության բազմաթիվ նման դեպքեր, երբ օրվա իշխանավորները մեկ բան են ասել, բայց լիովին այլ բան են արել։ Սա իրենց սիրած ժանրից է։ Զորօրինակ` օլիգարխների, ոստիկանական «բեսպրեդելի» մասին նրանց հայտարարությունները, որոնց առումով նախկինում իրենց ասածի տրամագծորեն հակառակ գործողություններն ենք տեսնում։
-Իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե այս հանրաքվեով հեղափոխությունն ավարտին են հասցնում։ Սա կարո՞ղ է համոզիչ լինել հանրության համար, և ի՞նչ կապ ունի ՍԴ-ի գործող կազմը, այսպես ասած, անավարտ հեղափոխության հետ։
-Իշխանության մատնանշած «փրկության ծրագիրը» իրականում հանրության առօրյա հետաքրքրությունների շրջանակում հազարերորդական տեղ է զբաղեցնում։ Հենց դա է պատճառներից մեկը, որ վստահ եմ, որ ազատ, արդար, թափանցիկ, ընտրություններով իշխանությունը հաղթելու հնարավորություն չունի։ Հետևաբար, նման հայտարարությունները, թե այս հանրաքվեով հեղափոխությունն ավարտին է հասնելու, համոզիչ չեն կարող լինել հանրության համար։ Ինչ վերաբերում է ՍԴ-ի և հեղափոխության ավարտի հետ կապին, իշխանությունը բացահայտ հայտարարում է, որ ուզուրպացնելով իշխանության մյուս ճյուղերը, հերթը հասել է ՍԴ-ին։ Սա արդեն պետականություն ունենալ-չունենալու խնդրի առաջ է կանգնեցնում։ Ոչ մի պետություն չպիտի թույլ տա ամբողջովին կապիտուլյացիայի ենթարկված իշխանության ճյուղերի գոյությունը։
-Փաշինյանը շարունակում է ամենուր դավաճաններ փնտրել, քարոզարշավի այս ընթացքը հնարավո՞ր է «համեմվի» ինչ-որ անակնկալ բացահայտումներով, նոր քրեական գործերով։
-Փաշինյանի քաղաքական հիմնական գործիքակազմը դաշտը դավաճանների, սև-սպիտակների բաժանելն է, չարի ու բարու արհեստական կռիվներ ստեղծելը, մարդկանց շրջանում կուտակված դժգոհություններն ի նպաստ իր քաղաքական հավակնությունների օգտագործելն է։ Նրա պարագայում այսպես է եղել միշտ, այդպես էլ կլինի։ Այս քարոզարշավի ընթացքն էլ զերծ չի լինելու նման բաժանումներից, պառակտիչ գործողություններից։ Սակայն այսօր «Ոչ»-ի շտաբն այդ ամենը փորձում է հավասարակշռել, թույլ չի տալիս, որ Փաշինյանը «գտնի» թշնամիներին։ Իսկ քարոզարշավի ընթացքը, չեմ բացառում, կարող է «համեմվել» անակնկալ բացահայտումներով։ Ի՞նչ է եղել որ, մի հատ էլ «տուշոնկայի վիդեո» կարող են նկարել։
-Դուք բավական ուշագրավ բացահայտում էիք արել իշխանական ֆեյքերի մասին, Ձեր տպավորությամբ, այսօր ի՞նչ տրամադրություններ են սոցիալական հարթակում։
-Իրական օգտատերերի կողմից նկատվում է հակաիշխանական տրամադրությունների մեծացում։ Վերջին շրջանում իշխանության արած ցանկացած PR քայլ ծաղրի է ենթարկվում իրական օգտատերի կողմից։ Բոլորի համար ծիծաղելի է Փաշինյան-փրկչի կերպարը, համացանցը վաղուց ծաղր ու ծանակի է ենթարկում Փաշինյանին։ Սրան զուգահեռ «ֆեյքային ֆաբրիկաները» հատկապես վերջին շրջանում գերակտիվացել են, ինչն էլ Փաշինյանի միակ զենքն է ու պիտի գործի դրվի։ Դա է իրենցը, ու դա էլ անում են։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ