Նախկին պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ, Նիկոլ Փաշինյանին համարելով անկանխատեսելի ու անկայուն, իր մտահոգություններն է հայտնում ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ։
-Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա իրավական գործընթացները, որոնք հիմնականում կենտրոնացած են ՍԴ նախագահի և նրա շրջապատի շուրջ։
-Իրավական գործընթացներ այստեղ չկան: Փոխարենը տեսնում եմ իրավապահ մարմինների ակտիվ ու աննախադեպ ներգրավմամբ երկու զուգահեռ գործընթաց.
ա) Նիկոլ Փաշինյանը, որ տարիներ շարունակ խոսել է երկրի թալանի ու քրեաօլիգարխիայի մասին, խոստացել պատժել բոլորին ու գողացված միջոցները վերադարձնել պետական բյուջե, «օրվա կուրսով» հախուռն քայլեր է անում, ձանձրացնող սերիալի նման օրական կամ շաբաթական մի տեսարան է մատուցում հանրությանը, որի նպատակն է հասարակությանը ցույց տալ, որ իբր կատարում է այն, ինչ խոստացել է: Ոզնուն էլ է պարզ, որ սա թատրոն է, որն առնվազն այլ` լրիվ ուրիշ նպատակ է հետապնդում: Որտե՞ղ են «միլիարդների թալանի» այդ հերոսներն ու քրեական օլիգարխիան, ու ինչու՞ այդ միլիարդները իշխանափոխությունից մեկուկես տարի անց չեն վերադարձվել տիրոջը` ժողովրդին: Նրանց ճնշող մեծամասնությունը, ինչպես իրեն վարչապետ ընտրելիս, այնպես էլ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ու այսօր, իր հենարանն են, Աննա Հակոբյանի հիմնադրամների «քաղցր» ու «կիսաքաղցր» «այցելուներն» ու նվիրատուներն են: Վերցրեք անուն առ անուն ու կտեսնեք, որ Նիկոլը խաբում է: ՈՒ մարդիկ սա սկսել են հասկանալ: Հետո պարզ կլինի, թե այդ նվիրատուները ինչ «պայմանավորվածությունների» արդյունքում են դարձել խոշոր սեփականատերեր ու հիմնադրամի «համեղ» գործընկերներ:
բ) Նիկոլի ընկալումներում ու պատկերացումներում իշխանությունը ինքն է, միայն ինքը: ՈՒստի, իշխանության բոլոր ճյուղերը, պետական ու հանրային բոլոր կառույցները պիտի կատարեն միայն իր ու բացառապես իր կամքը: ՍԴ-ի նախագահն ու դատավորների մեծ մասը իրենց դուրս են դրել Նիկոլի պատկերացումների այդ ապօրինի շրջագծից, և նա ամեն ինչ անում է ՍԴ-ն ևս իրենով անելու համար: Ընդամենը: Տեղի ունեցողը, փաշինյանական գծագրով, 2018 թ. սահմանադրական հեղաշրջման տրամաբանական շարունակությունն է, նախավերջին բաստիոնի առումը` ազատ լրատվամիջոցները գրոհելուց առաջ: Ինչ այլ փաստարկներ էլ բերվեն, կլինի երեսպաշտություն: Այստեղ իրավական ոչինչ չկա, ու դրա մասին առաջին հերթին հայտարարում է հենց ինքը իշխանությունը, ասելով, որ Թովմասյանը ձեռքից բաց է թողել ՍԴ նախագահ լինելու շանսը: Համադրեք դեպքերի ժամանակագրությունը, և ամեն ինչ կընկնի իր տեղը. նախ աչքով-ունքով Հրայր Թովասյանին հորդորում են հեռանալ, հետո անաշխատ թոշակ են առաջարկում ՍԴ դատավորներին, ապա սանիկներին են ձերբակալում, հետո ընկերներին ու ընտանիքի անդամներին են անցնում, հետո մեղադրում ֆինանսական ինչ-որ պատմություններում, ապա իշխանության յուրացման մեջ և այլն, և այլն: ՀՔԾ-ի և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այդ հեքիաթները, ում, ի դեպ, ես մարդկայնորեն խղճում եմ, եթե նախատեսված են երեխաների համար, ապա թող գնան մանկապարտեզներում պատմեն: Միով բանիվ, սա է պատկերը: Արդյունքում Փաշինյանը չի կարողանում ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուտներ և որակյալ օրենսդրություն, ինչը, իրոք, կարևոր է, և քաղաքական հետապնդումների դիմելով, միացրել է իշխանությունից իր հեռացման հետհաշվարկը: Զուգահեռ, առանց այդ էլ հանրային մեծ հեղինակություն չվայելող իրավապահ մարմինները էլ ավելի են կորցնում իրենց հեղինակությունը, իմունիտետն ու ինստիտուցիոնալ կարողությունները: Սա է, եթե կարճ:
-Երբ ընդդիմախոսները քննադատում են օրվա իշխանության իրավական քայլերը՝ զուգահեռներ տանելով 37 թվի հետ, իշխանության ներկայացուցիչները հակադարձում են, թե ինչպես էր նախկին ռեժիմը շատ քաղաքական գործիչների հետապնդում նրանց հայացքների համար։ Ընդհանրապես մենք հիմա վատի ու վատթարագույնի միջև՞ ենք համեմատություն անում, թե՞ փորձում ենք երկրում, այնուամենայնիվ, արդարության մթնոլորտ հաստատել։
-37-ի հետ համեմատություններն ավելորդություն են: Ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավար է կամ գիտակցում է դրա անթույլատրելիությունն ու նման բան չի անի, այլ բացառապես այն պատճառով, որ մեր էպոխայում հնարավոր չէ դիմել նման լայնածավալ ռեպրեսիաների ու մարսել այն: Եվ երկրորդ, մի երկրում, որտեղ հազարավոր մարդիկ այսօր պատրաստ են ձերբակալվելու, բանտ նստելու հանուն ազատության ու հանուն Հայաստանի, ինչպես մեր օրերում է, հնարավոր չէ դիկտատուրա հաստատել. նման մտադրությունը միայն մտավոր գալարումների մեջ հայտնված հիվանդ ուղեղում կարող է ծնվել ու արագ տապալել նման փորձ կատարողին: Նիկոլ Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդումների յուրաքանչյուր պատժամիջոց մոտեցնում է իր իշխանության ավարտը, ինքը դա գիտակցի, թե ոչ: ՈՒ սա ամենասուրը զգում են ոչ թե նրա քաղաքական ընդդիմախոսները, ինչպես կարող է առաջին հայացքից թվալ, այլ հենց իր թիմակիցները, որոնք զրկվել են ձայնի իրավունքից և Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր անձնիշխանության ձեռքում վերածվել են պատանդների:
-Այս իշխանությունը մյուսների համեմատ իր առավելությունն էր համարում թափանցիկ գործելակերպը։ Սակայն օրերս պարզվեց, որ կառավարության անդամների աշխատավարձը կրկնակի բարձրացրել են գաղտնի որոշմամբ։ Ձեզ այս գործելակերպն ի՞նչ է հուշում։
-Նիկոլ Փաշինյանն ինքը բացատրեց, թե ինչու են դա արել ու ինչու են դա գաղտնի արել: Հասարակությունը թող իր գնահատականը տա, թե որքանով է դա իր համար ընդունելի: Սա թուխս գողացող աղվեսի հոգեբանություն է, ոչ թե հրապարակային իշխանության գործելաոճ: Իշխանության հաշվետվողականությունն ու հրապարակայնությունն այլ բան են: Նիկոլ Փաշինյանը միայն բանից անտեղյակներին կարող է համոզել, որ իր «non stop» աղմկարարությունը հրապարակայնություն է: Գործից հասկացողները շատ լավ էլ գիտեն, որ այդ աղմուկը լրիվ այլ` շատ ավելի կարևոր գործերից ու ուրվագծվող զարգացումներից հանրության ուշադրությունը շեղելու թեթևամիտ միջոց է ընդամենը: Բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին չեմ խոսում, դա ճի՞շտ է, թե՞ սխալ: Նիկոլ Փաշինյանը, որ տասնամյակներ շարունակ իր քաղաքական կենսագրությունը կառուցել է հարուստների հանդեպ ատելության սերմանմամբ ու մեկուկես տարի առաջ հայտարարում էր, թե եկել են «ժողովրդի ոտքերի տակ հող դառնալու», բարոյական իրավունք չունի անգամ, պատկերավոր ասած, մսով ճաշ ուտելու, քանի դեռ երկրում մեկ աղքատ մարդ կա, էլ չեմ ասում կեսմիլիոնանոց չարթերով Ամերիկա մեկնել, երկու միլիոն դոլարանոց կառավարական ամառանոցի վերանորոգում անել, որտեղ ապրում է, կեսմիլիոնանոց զրահապատ մերսեդես գնել, «Zegna» հագուստ կրել ու իրեն այլ ճոխություններ թույլ տալ: Հարցրեք քաղաքացիներին` ի՞նչ կարծիքի են նրանք այս ամենի մասին: Ասում են` «չտեսան պատից կախ, տեսան ճակտից կախ»:
-Հայաստանում, ըստ Ձեզ, իշխանության որակը փոխվե՞լ է, իշխանությունն ինչպես խոստացել էր, ազատվե՞լ է կոռումպացված չինովնիկներից, բյուջեն թալանող պաշտոնյաներից։ Եվ ընդհանրապես, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ արժեքների կրող է այսօրվա իշխանությունը։
-Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգը դրա իսպառ բացակայությունն է: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի իշխանությունը բնորոշում են որպես պոպուլիստական, մասամբ սխալվում են: Համեմատեք, ուսումնասիրեք տեսությունը, պրակտիկան ու կհամոզվեք դրանում: Սա լրիվ այլ բան է: Ես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կբնորոշեի որպես «ոչ համակարգային իշխանություն»: Իր տեսակի մեջ գուցե առաջինն է աշխարհում. աշխարհը գիտեր, թե ինչ բան է «ոչ համակարգային ընդդիմությունը», սակայն մինչև Փաշինյանը, չգիտեր, թե ինչ բան է «ոչ համակարգային իշխանությունը»: Կարող է պարզվել, որ մենք գործ ունենք քաղաքական ու քաղաքագիտական «know-how»-ի հետ: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հազար բանում, իհարկե, կարելի է մեղադրել, բայց մի շատ կարևոր բան պետք է արձանագրել ու շնորհակալություն հայտնել: Երկիրն արմատական «restart»-ի ու արդիականացման կուրսի կարիք ուներ: Կգերադասեի, որ դա կատարվեր վերևից (ինչի համար իմ համեստ հնարավորության սահմաններում աշխատել ու պայքարել եմ երկար տարիներ իմ բազում ընկերների հետ)` լուրջ, ծրագրային, մտածված, երազանքների թիմով ու հետևողականորեն: Եղավ ներքևից ու եղավ անլուրջ, արագ մսխվեց հանրային հսկայական էներգիան, ու այսօր գործ ունենք հերթական կորցրած հնարավորության հետ: Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ, այդ առումով, ինքն իր գլխից բարձր է ցատկել, ընդ որում, իր կամքից անկախ: Ես Նիկոլ Փաշինյանից ողջամտորեն այլ դրական սպասում չունեմ: Արտաքնապես իշխանությունը դրսևորում է քաղաքական կամք` նվազագույնի հասցնելու կոռուպցիան: Դա լավ է: Սակայն նախ կամքը բավարար չէ, արդյունավետ ինստիտուտներ, լավ օրենսդրություն, արդյունավետ կառավարում ու հանրության վարքագծի փոփոխություն է անհրաժեշտ, ապա, իսկապես չգիտեմ՝ ներկա բարձրաստիճան չինովնիկները ներգրավված են կոռուպցիոն գործարքներում, թե ոչ: Ինչպես ասում են` միայն հերձումը ճիշտ պատկերը ցույց կտա: Գոնե արդեն հանրային մեծ հնչողություն ստացած շատ դեպքեր այլ բանի մասին են խոսում:
-Մեկուկես տարի է անցել, բայց Փաշինյանի հայտարարած կախարդական փայտիկը ինչու՞ այդպես էլ չի աշխատում, ինչու՞ տնտեսությունը թռիչքաձև չի աճում, ներդրողները փողի ճամպրուկներով Հայաստանի «դռանը» հերթ չեն կանգնում, ոլորտային բարեփոխումներ չկան։
-Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին: Նա շատ լավ գիտի, որ մեր, ինչպես ցանկացած հանրության մեծ մասը մասնագիտական պատկերացումներ չունի ներդրումների, տնտեսական միջավայրի ու այլ հանգամանքների մասին, և գիտակցված մոլորեցրել է նրան: Մարդիկ ուզում էին ու այսօր էլ ուզում են ավելի լավ ապրել, և Փաշինյանը ասում էր` ահա, կգամ, կվերացնեմ կոռուպցիան, հետ կբերեմ թալանված փողերը, կձերբակալեմ օլիգարխներին, ներդրումները կգան, ու դուք ավելի լավ կապրեք: Պարզվեց, որ միայն ինքն ու իր շրջապատն են սկսել ավելի լավ ապրել: Ասում էր, չէ՞, մինչև նոր խորհրդարան չլինի` ներդրումներ չեն լինի, ու մեր հայրենակիցները չեն վերադառնա Հայաստան: Նոր խորհրդարանը եղավ, ներդրումներն ու մեր հայրենակիցները չեկան: Փոխարենը, կապիտալն ակտիվ արտահոսում է Հայաստանից, մեր հայրենակիցները, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում են արտագաղթել, իսկ Հայաստանի բնակչության թիվը շարունակում է, ցավոք, նվազել: Միշտ այս օրինակն եմ բերել, հիմա էլ կրկնեմ: Իր ժողովրդին սիրող առաջնորդը նրան չի խաբի` ապավինելով վերջինիս վատ տեղեկացվածությանը: Դա նման է այն ծնողին, որն իր հաշմանդամ երեխային ի ցույց է դնում բոլորին, փողոցում այդ կերպ գումար է հավաքում` իր ստամոքսը լցնելու համար: Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումային գրավչությանը խանգարող առանցքային պրոբլեմները ոչ մի տեղ չեն անհետացել: Դրանք կան ու իրենց տեղում են` շուկայի փոքրություն, փակ սահմաններ, լոգիստիկայով պայմանավորված` ներմուծվող ու արտահանվող ապրանքների բարձր ինքնարժեք, ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայություն, կախվածություն ոչ էժան էներգակիրներից և այլն: Այս ամենը կարելի է փոխհատուցել միայն խելքով, հմուտ կառավարմամբ ու օպերատիվ արդյունավետությամբ: Ի՞նչ ներդրումներ էր սպասում Նիկոլ Փաշինյանը: Ներդրումները պահանջում են կայունություն, կանխատեսելիություն ու լռություն: Նիկոլ Փաշինյանն անկայուն է, անկանխատեսելի ու անդադար աղմկում է:
-Հայաստանի ներքաղաքական կյանքի «ախտերը» գուցե հնարավոր է ինչ-որ պահի բուժել, բայց արտաքին քաղաքականությունում, ըստ Ձեզ, ի՞նչ է կատարվում, և կա՞ մի բան, որը Ձեզ շատ անհանգստացնում է։
-Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը սև արկղ է: Այն հայտնի չէ ոչ մեկին: Ենթադրում եմ` նաև իրեն: Ինքն առաջնորդվում ու կառավարում է, ինչպես դիպուկ գնահատվել է, 24 ժամվա կյանք ունեցող «Երկիր-Հայկական ժամանակ» կոնցեպցիայով: Կառավարում է որպես թերթի խմբագիր: 24 ժամվա հաշվարկ ունեցող իշխանությունը ինչպե՞ս կարող է ունենալ արտաքին քաղաքականություն, որ մի հատ էլ հնարավոր լինի այն գնահատել: Նաև Արցախի հարցում` սև արկղ է: Գուցե այդ արկղը դատարկ է, գուցե այնտեղ լավ բաներ կան, գուցե և կործանարար բաներ կան: Այնտեղից կարող է ամեն բան դուրս գալ, ու դա չի լինի զարմանալի: Ոչ ոք, այդ թվում և երկրի արտաքին գործերի նախարարությունում իրականում չգիտի՝ ինչ է ուզում Նիկոլ Փաշինյանն արտաքին աշխարհից ու ինչ է պատրաստ նրան առաջարկելու, ինչն անհարմար վիճակի մեջ է դնում նախ և առաջ մեր դիվանագետներին, որքան էլ նրանք ի պաշտոնե իրավունք չունեն բարձրաձայնելու այդ մասին: Ձեզ թվում է` մեր դիվանագետներին դու՞ր է գալիս այն, որ երկրի հիմնարար շահերը թողած, ինչպես ասում են, ստիպված այսօր թիթեռ են նկարում` զբաղված են այս ու այն մայրաքաղաքում թավշյա հեղափոխությանը նվիրված անիմաստ ցուցահանդեսների կազմակերպմամբ: Եթե համառոտ գնահատենք, այդուհանդերձ, այսպես կասեի` Նիկոլ Փաշինյանի Հայաստանը հասցրել է կորցնել իր հին բարեկամներին, բայց ձեռք չի բերել նորերը: Մտածելու բան է:
-Ի՞նչ ելքեր եք տեսնում ստեղծված իրավիճակում և ինչպե՞ս է հնարավոր քաղաքականությունը «վերադարձնել» քաղաքական գործիչներին, իրավական գործընթացները՝ օրենքների հարթություն, տնտեսությունն էլ՝ իրական ցուցանիշների դաշտ։
-Մենք մեզ չխաբենք. իրավիճակն այսօր պարադոքսալ է, այն մոտավորապես այսպիսին է. մի կողմից Նիկոլ Փաշինյանը, որքան էլ օր օրի նվազող, սակայն այս պահին դեռ ունի ամնամեծ հանրային աջակցությունը: Մյուս կողմից, կա հասարակության աճող հիասթափությունն ու հանրային համաձայնությունն այն հարցում, որ որևէ դեպքում պետք է բացառվի վերադարձը անցյալին ու դրա բովանդակությանը ու, ինչպես պարզվեց, անցյալի հնարավոր ամենալավ այլընտրանքը չէր, այլ հնից էլ ավելի հին էր, ուստի և պիտի ապագային միտված նման այլընտրանք ու իշխանություն ձևավորել: Ինչպե՞ս: Հասարակությունը դեռ չգիտի: Դրանում է պարադոքսը: Ես էլ չգիտեմ: Քաղաքական նման բյուրեղացած առաջարկներ էլ դեռ չկան` Միքայել Մինասյանի մի քանի առողջ ակնարկները մի կողմ դրած: Քաղաքական այսօրվա դիմակայության կողմերի մեծ աղմուկը, ըստ էության, խլացրել է մեր հանրության մեծամասնության ձայնը, որոնք այսօր դեռ լուռ են, չեն արտահայտվում ոչ սոցիալական ցանցերում ու ոչ էլ ավանդական մեդիաներում, բայց, իմ տպավորությամբ, մոտավորապես այդպես են մտածում, ինչպես նկարագրեցի: Ի՞նչ կլինի վաղը` կանխատեսել չի կարող և ոչ մեկը: Ինձ համար ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, գիտակցաբար, թե ոչ, ուզենալով, թե ոչ, երկիրը տանում է մեծ ցնցումների ու հնարավոր արհավիրքների ճանապարհով: Ճանապարհ, որ կարող է իր հետ նաև անդառնալի կորուստներ բերել, որ հետո սերնդեսերունդ հիշենք ու մղկտանք: Ճանապարհ, որի ինչ-որ մի կանգառից այն կողմ արդեն հնարավոր չի լինի կանգնեցնել զարգացումների հետագա ընթացքը, և իներցիան ինքն իր կործանարար գործը կանի, ու ազգային նոր աղետը կկանգնի դեմ հանդիման` մղելով մեզ մեր սիրած զբաղմունքին` մեղավորների պոստֆակտում փնտրմանը: Հայաստանն այսօր գտնվում է մի իրավիճակում, որտեղ զարգացման հնարավոր սցենարները, կրկնում եմ, ձգվում են ալֆայից մինչև օմեգա, ամենալավատեսականից մինչև ամենահոռետեսական:
Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն իր պատմական առաքելությունը, ինչպես ասացի, արդեն կատարել է: Նկատի ունեմ երկրի արդիականացման անհրաժեշտությունը այսպես միանշանակ արձանագրելը: Հիմա երկրին անհրաժեշտ է վերականգնել ժողովրդի միասնականությունը, դադարել մեր ներսում թշնամիներ որոնելուց, հաշտվել սեփական անցյալի ու սեփական պետության հետ, համախմբել երկրի լավագույն մարդկային ու կառավարչական ռեսուրսներն անկախ քաղաքական պայմանականություններից, ձևավորել երազանքների թիմ ու Հայաստանը տանել բովանդակային և լավ մտածված, ծրագրային արդիականացման, կայունության, տնտեսական զարգացման, բարեկեցության աճի, ներքին ու արտաքին անվտանգության ապահովման ճանապարհով` երաշխավորված ելքով: Այդ գործում Նիկոլ Փաշինյանն ու իր «ատելության կուսակցությունը» անելիք չունեն: Բայց իր ժողովրդին սիրող ու պատասխանատու ցանկացած մասնագետ կամ քաղաքական գործիչ այսօր պարտավոր է նաև հանրությանը սթափության ու արթնության կոչ անել, որ, ցավոք, կարող է տեղի ունենալ նաև ամենաանցանկալին: Այսօր, թվում է, դեռ բաց պատուհան կա: Դեռ: Իրավիճակի հանգուցալուծման և երկրում վտանգավոր ապակայունացման բացառման մեկ ճանապարհ ինքս հուշել եմ` քաղաքապետի հրաժարական և Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որպես միջանկյալ կայունացնող կամուրջ: Ով բաց աչք ու ականջ ուներ, կտեսներ ու կլսեր: Ով առողջ գլուխ ուներ, կհասկանար:
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ