«Հույս ունեմ, որ Միքայել Մինասյանը կշարունակի լինել ռեժիսոր-սցենարիստ»
17.09.2019 | 00:14
Վերջերս ստեղծված «Ադեկվադ» կուսակցության նախագահ ընտրվեց ԱՐԹՈՒՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ, որը համագումարում բավական ուշագրավ հայտարարություն արեց։ Այդ և այլ հարցերի շուրջ զրուցեցինք նրա հետ։
-Այս պահին կուսակցաշինության գործընթացը ո՞ր փուլում է։ Հայաստանում գրանցված 100-ից ավելի կուսակցությունների գերակշիռ հատվածի գործունեության տիրույթը սահմանափակվում է Երևանով, ձեր պարագայում ինչպե՞ս է լինելու, մարզերում կուսակցական գրասենյակներ ունենալու՞ եք։ Քանի՞ անդամ այսօր ունի կուսակցությունը։
-Մեր կուսակցության համագումարին ներկա է եղել 109 պատվիրակ: Օրենքով նրանք համարվում են կուսակցության անդամներ: Ըստ էության, սա մեր կուսակցաշինության առաջին փուլն է, թեպետ «կուսակցաշինություն» բառը ինձ համար մի փոքր վերամբարձ է հնչում: Կուսակցությունը մեզ համար զուտ մարտավարական գործիք է, մեր միաբանության քաղաքական ճյուղը: Կուսակցությունը կա այնքանով, որքանով դա մեզ անհրաժեշտ է իրավական համաչափ հարթության վրա գործընկերական ցանցի հետ հարաբերությունները կանոնակարգելու։ Ըստ այդմ, անդամների քանակը և տարածքային կառույցների քարտեզը պայմանավորված են լինելու զուտ օրենքով սահմանված պահանջներով: Ո՛չ ավելի, ո՛չ էլ, հուսով եմ, պակաս:
-Կան խոսակցություններ, թե մտադիր եք ձեր կուսակցությունը, այսպես ասած, «տեղափոխելու» Արցախ։ Ճի՞շտ են այդ լուրերը։ Եթե այո, ինչու՞։
-Չգիտեմ, ինչ է նշանակում «այսպես ասած» տեղափոխումը: Ինչքան գիտեմ, նման իրավական ձևակերպում ոչ ՀՀ-ն և ոչ էլ Արցախի Հանրապետությունը չեն նախատեսում: Ինչ վերաբերում է Արցախում մեր միաբանության օրակարգին, այս պահին կարող եմ ասել, որ այդ պետությունը մենք համարում ենք մեր պաշարված ամրոցի միջնաբերդ, և ըստ այդմ, կարևորում ենք այդ «միջնաբերդում» և դրա շուրջ տեղի ունեցող ցանկացած գործընթաց: Սակայն ոչ բոլոր գործընթացներն են, որ մեր մասնակցության կարիքն ունեն, ավելին, կան գործընթացներ, մասնավորապես ներքաղաքական բնույթի, որոնց մասնակցելը կարող է որոշակի ռիսկեր պարունակել Արցախի պետականության և սուբյեկտայնության տեսանկյունից: Մեր կուսակցությունը, այսպես կամ այնպես ասած, «տեղափոխելը» Արցախ, կարծում եմ, այս պահին նպատակահարմար չէ: Համենայն դեպս, այս պահին դա օրակարգում չկա: Տվյալ պահին Արցախի պետական ինստիտուտները և քաղաքական ղեկավարությունը պատշաճ կերպով դիմակայում են օտարերկրյա գործակալների ներթափանցման փորձերին: Հուսով եմ, որ Արցախում մեր քաղաքական ճյուղի ներգրավվածության կարիքը չի լինի նաև ապագայում: Այնուամենայնիվ մշակութային և քաղաքակրթական տեսանկյունից կան անելիքներ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ Արցախում: Ադեկվատության քարոզը պետք է սփռվի հայկական երկու պետությունների և սփյուռքի գաղթօջախներով մեկ: Ասեմ ավելին, նույնիսկ ՀՀ տարածքում «Ադեկվադը» դեռևս ներքաղաքական պրոցեսներին մասնակցելու օրակարգ չունի:
-Համագումարում Ձեր ելույթի ժամանակ ընդգծեցիք, որ 30 տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտը թատրոն է եղել, և իրական հեղափոխությունը նոր պետք է լինի։ Ովքե՞ր պետք է լինեն այդ հեղափոխության ակունքներում, եթե քաղաքական ասպարեզում եղած անհատները, ուժերը այս կամ այն չափով այդ 30 տարիների ընթացքում և ուղղակի, և ստվերային մասնակից են եղել Ձեր նշած թատրոնին։
-Մինչ բուն հարցին պատասխանելը թույլ տվեք շեշտել, որ իմ այդ հայտարարությունում ես նշել և հիմնավորել եմ իմ այն կանխատեսումը, որ գալիք հեղափոխությունը լինելու է համաշխարհային մակարդակի, և այդ անխուսափելի գործընթացից առավել շահած դուրս կգան այն անհատներն ու կառույցները, որոնք կառաջնորդեն այդ ալիքը: Այն փաստը, որ խորհրդային Հայաստանն իր գոյության ողջ ընթացքում սպառել է գրեթե երկու անգամ ավելի, քան արտադրել, այդ ամենը հնարավոր դարձավ կազմակերպել, քանի որ կոմունիստների հեղափոխության ակունքներում Կամոյի, Ստեփան Շահումյանի և Միկոյան եղբայրների նման անձինք կային: Խորհրդային Հայաստանը միշտ եղել է համամիութենական ռեսուրսների սպառող, ոչ թե դոնոր, որովհետև ժամանակին ցարական Ռուսաստանի բանկերից թալանած գումարների պահպանումը հսկել են ազգությամբ հայերը: Կամոն և իր ընկերներն են պահպանել հեղափոխականների «օբչյագը»: Ըստ այդմ, Կամոն և իր ընկերներն են մեզ նվիրել Հրանտ Մաթևոսյան, Մինաս Ավետիսյան, Վիկտոր Համբարձումյան, ատոմակայան ու թամանյանական Երևան քաղաքն առհասարակ: Կամոն և իր ընկերները մեզ համար սանձեցին հեղափոխական ալիքը և խոր միջնադարում ապրող հայ ժողովրդին «բրթեցին» դեպի 20-րդ դար: Յոթ հարյուրամյակ կորցրած հայ ժողովուրդը, հետամնացությունը հաղթահարեց մի քանի տասնամյակում:
Տեխնիկական առաջընթացի, մասնավորպես սոցիալական ցանցերի զարգացման արդյունքում հասարակական տրանսֆորմացիաների մի նոր ալիք է բարձրանում: Ալիք, որը սնանկացնում է մինչ օրս գերիշխող դեմոկրատիան, կապիտալիզմը և սպառողականությունը: Սա տնտեսական գործընթաց է, այն հնարավոր է հաշվարկել մաթեմատիկական ճշգրտությամբ: Բանն այն է, որ Սևանի կանաչապատումը, Իջևանի անտառահատումը, Արարատյան դաշտավայրի անապատացումը և Սյունիքի պոչամբարապատումը զուտ ներհայկական խնդիրներ չեն: Նմանատիպ խնդիրներ ունի ողջ մոլորակը: Ողջ մոլորակով մեկ սևանները կանաչում են: Մարդիկ սպառում են ավելի շատ, քան մոլորակը կարող է իրեն թույլ տալ, և շատ ավելի, քան մարդ տեսակին անհրաժեշտ է: Սպառողականության մշակույթն այսուհետ տնտեսապես սնանկ է, ինչն իր հերթին սնանկացնում է այդ մշակույթը ծնած դեմոկրատիան, ինչն իր հերթին սնանկացնում է դեմոկրատիան ծնած կապիտալիզմը, ինչն էլ իր հերթին սնանկացնում է կապիտալիզմը ծնած բողոքական էթիկան: Սա օրինաչափություն է, մաթեմատիկա: Մեզ մոտ այդ գաղափարների սնանկությունն առավել ակներև է, սա է պատճառը, որ այն մարդիկ, որոնք ի պաշտոնե պարտավոր էին քարոզել դեմոկրատիան ու կապիտալիզմը, բովանդակային դիսկուրսի շրջանակում չկարողանալով դա անել, ստիպված եղան կրել դիմակներ, դառնալ դերասան ու տարատեսակ բեմականացումների մասնակցել: ՀՀՇ-ի մարդասեր, ինտելիգենտ լիբերալ-դեմոկրատները քաղաքական սպանություններով էին հարցերը լուծում: ՀՀԿ-ի ազգային պահպանողականներն ազատ խոսքի ու լիբերալիզմի ջատագովն էին դարձել: Կորցնելով պայմանական «Բելառուսիայի» հաշվին բարգավաճելու հնարավորությունը, Խորհրդային Հայաստանը «անկախացավ» և փորձեց փրկվել՝ նոր միություն մտնելով, նոր «Բելառուսիա» գտնելով: Այդ նոր միությունը համաշխարային գլոբալիստական շարժումն էր, որտեղ մենք ապրիորի խորթ էինք, քանի որ չունեինք այդ շարժման մեջ մեր «կամոներին»: Չունեինք ու չէինք կարող ունենալ, քանի որ այս ժողովուրդն ամեն ինչում դրսևորում է գլոբալիզմին, բոլոր առումներով հակացուցված, ազգային սոցիալիստական մոտեցում: Նույնիսկ եկեղեցին ու քրիստոնեությունը մենք կարողացել ենք ազգայնացնել, ինչն աբսուրդային է հնչում, բայց փաստ է:
Լինելով գլոբալիստական շարժման խորթ զավակներ, մենք ստացել ենք ընդհանուր սեղանի փշրանքները «վայելելու» իրավունքը, սակայն միայն հստակ պարտավորություններ ստանձնելուց հետո: Պարտավորություններ, որոնք բոլոր առումներով հակասում էին մեր բնավորությանը, մշակույթին և նույնիսկ գոյության հրամայականին: ԽՍՀՄ-ից «անկախանալիս» մենք որոշել էինք ստեղծել ազգային պետություն, սակայն այդ մասին մեր երկրի գլխավոր օրենքում բառ անգամ չկար ու չկա մինչ օրս: Ընդհակառակը, մեր գլխավոր օրենքն իր դրույթներով հակասում է ազգային պետության գաղափարին և արգելում է այն: Մեր ազգային շահից բխող օրենսդրական կարգավորումները ստորադասվեցին գլոբալիստական ինտեգրացիան խրախուսող կարգավորումներին: Իսկ այդ կարգավորումները ներմուծող ու իրագործող քաղաքական գործիչները սկսեցին դեր խաղալ, խաբելով ժողովրդին՝ ազգայինի տակ հրամցնել հակազգային կարգավորումներ մեր կենցաղի բոլոր ոլորտներում՝ արդարադատությունից մինչև մշակույթ: Այլ կերպ լինել չէր կարող: Կապիտալը գլոբալիստների ձեռքում էր, նրանք մենաշնորհել էին կապիտալի շուկան: 12,5 ցենտ ինքնարժեք ունեցող թղթադրամը նրանք մեզ վրա ծախում էին 100 դոլարով, ապահովելով աներևակայելի՝ 800 տոկոսի եկամուտ: Դոլարը գնելուց հրաժարվողներ էին Սադամ Հուսեյնը, Մուամար Քադաֆին և այլք։
Հերթական կործանիչ գրանտը կամ վարկը մուրալիս մեր պետական այրերը պիտի առավելագույնս ազատակամ ու կոսմոպոլիտ ձևանային, այլ պարագայում կզրկվեինք օտարերկրյա կապիտալից, որը, կրկնում եմ, գրեթե ամբողջովին կենտրոնացած էր գլոբալիստների ձեռքերում: Եթե հրաժարվեինք համագործակցելուց, կմատնվեինք սովի, համաձայնելով մատնվում էինք ընդամենը չքավորության: Մեր պետական այրերը ընտրեցին չարյաց փոքրագույնը և հագան այդ անթաքույց կողոպուտը գովաբանող դերասանների դիմակները: Այլ ելք չկար: Մենք չունեինք Իրանի նավթը կամ Չինաստանի մարդաքանակը: Բարեբախտաբար, օրինաչափորեն սնանկանալով, գլոբալիզմը սկսեց նահանջել հետզհետե՝ զիջելով դիրքերը Չինաստանին և Արևելքին: Սա իր հերթին հնարավորություն է ստեղծում ունենալու այլընտրանքային կապիտալի աղբյուր, աղբյուր, որը սովամահի փոխարեն կողոպտվելու բարձր պատվին արժանանալու համար չի պարտադրում վերոհիշյալ թատրոնում խամաճիկ լինելը:
Ցավոք, պայմանական հանդիսատեսի մոտ վերջին 30 տարվա հրամցվող թատրոնի արդյունքում բազմաթիվ արատավոր սովորություններ են ձևավորվել, որոնք թույլ չեն տալիս մեկ ակնթարթում դադարեցնել բեմականացումներն ու «հանդիսատեսի» հետ, ձեռք ձեռքի տված, դուրս գալ թատրոնից: Այս օբյեկտիվ իրողությունն արձանագրելով, մենք՝ «Ադեկվադներս», որոշում կայացրինք մասամբ մուտք գործել թատերաբեմ, ցանկանալուվ դուրս վռնդել հանդիսատեսին: Մենք դիմակներ չենք հագնելու, չենք դիմահարդարվելու: Մենք այս թատրոն ենք եկել՝ այն այրելու նպատակով:
Մեր այս առաքելության մեջ մենք չենք բացառում, որ մեզ կմիանան թատրոնում իրենց ուրույն դերը ունեցած բազմաթիվ գործիչներ: Ես վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք այս երեսպաշտությունից զզված ինքնուրույն կպատռեն սեփական դիմակները, կսրբեն դիմահարդարումը: Եթե նրանք ներդրում մուրալու նպատակով ժամանակին ստիպված էին դեր խաղալ, հիմա արդեն այդ անհրաժեշտությունը չկա: Կապիտալն Արևմուտքից տեղափոխվում է Արևելք, որտեղ մենք մեզ շատ ավելի հոգեհարազատ ենք զգում: Աշխարհում իրավիճակ է փոխվել, և դա արձանագրում են բոլոր ուղեղային կենտրոնները, կապիտալիզմի սնանկացումն արդեն արձանագրվում է բարձրագույն մակարդակով: Վերջերս դրա մասին խոսեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Մեծ յոթնյակի շրջանակներում հնչած իր ելույթում: Մենք մեր դերասաններին պիտի շնորհակալություն հայտնենք, խնդրենք, որ նրանք պատռեն դիմակները, հանդիսատեսին ներկայանան իրենց իրական դեմքով, և բոլորս միասին պիտի լքենք թատրոնի դահլիճը:
Մեր միաբանության քաղաքական ճյուղը՝ կուսակցությունը, պետք է պայքարի, որպեսզի Հայաստանում կուսակցություններ չլինեն: Կարելի է ասել, որ ստեղծվել է սուիցիդալ մի կուսակցություն, որն իր հետ տանելով թատերական երեսպաշտությունը, պետք է թողնի մի համակարգ, որի մեջ վարչապետն ու պատգամավորը մասնագիտություն են, ինչպես բժիշկը կամ զինվորականը: Այդ պաշտոնները պիտի տրամադրվեն ոչ թե կուսակցություններին, այլ համապատասխան մասնագիտացված կրթօջախներին և մասնագիտական համույթներին: Վարչապետ պետք է լինի նա, ով ստացել է վարչապետի որակավորում:
-Իմ հարցին հետևած Ձեր խոսքը ոչ թե սոսկ պատասխան էր, այլ մանրակրկիտ վերլուծություն, որը բավականին ինքնատիպ էր։ Ակնկալում եմ նման անկեղծ պատասխան նաև հաջորդ հարցիս. հանրությունը սևեռվեց համագումարում հնչած Ձեր ելույթի հատկապես այն հատվածի վրա, ուր որպես ընդդիմության լավագույն առաջնորդ նշեցիք Միքայել Մինասյանի անունը։ Հետո պարզաբանեցիք` բոլոր քաղաքական ուժերի՝ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ԼՀԿ-ի համար ևս ամենանախընտրելի թեկնածուն Մինասյանն է։ Ինչո՞վ է պայմանավորված նման վստահությունը, որ այդ գործիչների և քաղաքական ուժերի համար Մինասյանը կարող է ընդդիմությունն առաջնորդող լավագույն թեկնածուն լինել։
-Պատասխանելով ընդդիմության հնարավոր կոնսոլիդացիայի մասին հարցին, ասացի, որ չեմ կարծում, թե կոնսոլիդացիա լինելու է, ու որ առհասարակ դրա կարիքը կա: Սակայն եթե ինչ-ինչ իրողություններից ելնելով դա այնուամենայնիվ տեղի ունենա, կարծում եմ` այդ կոնսոլիդացիայի առաջնորդի համար ամենապատրաստված կադրն է Միքայել Մինասյանը: Եվ ես, այո, վստահ եմ, որ վերոհիշյալ և բազմաթիվ այլ պսևդոքաղաքական, իսկ ավելի շուտ՝ թատերական համույթների համար Մինասյանը միակ կոմպրոմիսային թեկնածուն է, քանի որ այլընտրանք պարզապես չկա: Կարող եմ երկար անդրադառնալ նրա անցած ճանապարհին, արձանագրված հաջողություններին, սակայն դա ավելորդ եմ համարում: Կա փաստ՝ չկա այլընտրանք, չկա մրցակից: Կոպիտ ասած, վերոհիշյալները պետք է ընտրեն կամ Արթուր Դանիլյանին կամ Միքայել Մինասյանին: Ես վստահ եմ, որ նրանց մեջ սթափությունը կգերակշռի, և նրանք ընտրեն Մինասյանին: Ասեմ ավելին. ով այս պարզ իրողությունը հասկանա, գործընթացին մասնակից լինելու, հնարավորություն կստանա մնացածը լքելու են թատերաբեմն ու մնալով լուսանցքում՝ համալրելու են շրջիկ կրկեսների ծաղրածուների շարքերը:
-Ի դեպ, անցած տարիներին հաճախ է մամուլում գրվել, որ նախագահականի գորշ «կարդինալներից» մեկը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է։ Ըստ Ձեզ, Հայաստանը քաղաքական թատրոնի վերածելու մեջ Մինասյանն մեղքի իր բաժինն ունի՞։
-Կարծում եմ` Մինասյանի «մեղքը» ավելի շուտ այդ թատրոնի սցենարիստների ու ռեժիսորների հետ մրցակցելու փորձելու մեջ է: Եվ պետք է նշեմ, որ նա թույլ մրցակից չէր, շատ անգամ նույնիսկ գերազանցելով այդ ոլորտի աշխարհահռչակ մաեստրոներին: Նա մեզ պարտադրված այս թատրոնում կարողացել էր մտցնել սեփական սյուժեի տարրեր: Ընդ որում, պետք է նաև նշեմ, որ Մինասյանի՝ որևէ ֆորմալ պաշտոն ստանձելու դեպքում մենք կկորցնենք հայկական Մեդիչի լինելու պոտենցիալ ունեցող կադր: Հույս ունեմ, կարիք չի լինի, որ նա ստիպված լինի ստանձնելու որևէ ֆորմալ պաշտոն և հույս ունեմ, որ նա կշարունակի լինել ռեժիսոր-սցենարիստ։ Այդ հարթակում նա շատ ավելի պատվաբեր մրցակիցներ ունի և առավել օգտակար է էս ժողովրդին:
-Այսօր քաղաքական գործընթացները կարծեք տեղափոխվել են ընդդիմադիր հարթակ։ Ձեր տպավորությամբ, սարգսյանական, քոչարյանական կողմնակիցների միջև կուլիսային պայքար կա՞։
-Ցանկացած թատրոնում կան դերասանների փառասիրությունից ծնվող ինտրիգներ, ինչը չէի անվանի քաղաքական գործընթաց: Քաղաքական պրոցեսը կարող է լինել միայն գաղափարական տարաձայնությունների շուրջ: Մինչդեռ մենք ընդամենը ականատես ենք լինում հարթակում ներկայություն ունենալու համար իրար հետ «գզվռտվող» դերասանների: Սա նույնիսկ ինտրիգ էլ չի կարելի անվանել, այլ ավելի շուտ «մուտիլովկա»: Ցանկացած ներկայացման մեջ դերերի քանակը սահմանափակ է: Շատերը, այդ թվում նաև Ձեր նշած բևեռներում պայքարում են զուտ սեփական դերն ամրագրելու համար, չհասկանալով, որ հին ներկայացումները այլևս հանդիսատեսի պահանջարկը չեն վայելում, իսկ թատրոնը առհասարակ այրելու ժամանակն է՝ իր ողջ խաղացանկով հանդերձ:
-Հավարտ, հաճախ հնչող հարցը՝ քաղաքական թեժ աշուն կլինի՞։ Իշխանության այսօրվա քայլերի տրամաբանությունն ի՞նչ է հուշում՝ շու՞տ կլինի Ձեր նշած հեղափոխությունը։
-Հեղափոխությունն արդեն մեկնարկել է: ԱՄՆ-ում նախագահ է դարձել իսթեբլիշմենտի մաս չկազմող Դոնալդ Թրամփը, Գերմանիայում երկրորդ համաշխարհայինից ի վեր առաջին անգամ ազգայնականները մուտք են գործել Բունդեսթագ և արագ տեմպով սեփական ներկայությունն են աճեցնում: Դժվարանում եմ ասել, թե երբ կավարտվի այս պրոցեսը, բայց այն միանշանակ մեկնարկել է: Հայաստանում, ըստ այդմ, թեժ են լինելու տարվա բոլոր եղանակները։ Եթե կուզեք, սա համարեք համաշխարհային քաղաքական կլիմայի տաքացման մի փոքր մասնիկ ընդամենը:
Հարցազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ