«Քաղաքական համակարգը կաթվածահար է, գործընթացները տեղի են ունենում մեկ սուբյեկտի գործունեության շուրջ»
10.09.2019 | 00:54
«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքագետ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:
-Մի խումբ քաղաքական տեսաբաններ թեժ աշուն են կանխատեսում, ոմանք էլ ասում են՝ դա կեղծ օրակարգ ու մարդկանց զբաղեցնելու թեմա է: Ձեր տեսակետը։
-Պարզ է, որ քաղաքական գործընթացների մասին «եղանակային» ձևակերպումները քաղաքագիտական առումով բովանդակություն չունեն, բայց, ինչ-որ առումով, տրամաբանական են, քանի որ արձակուրդային փուլից հետո ուժերը փորձելու են նորովի դիրքավորվել, մանավանդ որ վերջին մոտ երկու տարին օբյեկտիվ առումով պասիվ էին: Հավանաբար ակտիվություն կնկատվի նաև իշխանական թիմում. «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը առերեսվելու է պետության ու հասարակության համար բարդ ու վիճահարույց խնդիրների լուծմանը, որոնց առնչությամբ անգամ իրենց թիմում միաբանություն առկա չէ: Փաստ է, որ այսօր հասարակություն-պետություն նոր խաղի կանոնների ներքո քաղաքացիների մասնակցությունը, կարծիքը, քաղաքացիական ու քաղաքական մասնակցության ձևերը որոշակի սահմաններ են ֆիքսում իշխանության գործունեության ազատության, անկաշկանդության համար և պետությունը կառավարելիս նոր բնույթի այդ իրողությունները պետք է հաշվի առնվեն: Թե՛ Ամուլսարի, թե՛ Ստամբուլյան կոնվենցիայի, թե՛ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող գործընթացներն առաջիկա ամիսներին որոշակի քաղաքական, այդ թվում՝ փողոցային պայքարի դրսևորումներ են ստանալու, իսկ աշնան թեժ լինելու հանգամանքը պայմանավորված է լինելու այդ շահերի սպասարկմամբ կամ սպասարկման ձևերով, որ այդ շրջանում իրողություն կդառնան: Հստակ տեսանելի է, որ մեր երկրում քաղաքական համակարգը կաթվածահար է, քաղաքական գործընթացները տեղի են ունենում մեկ սուբյեկտի գործունեության շուրջ, և հենց այդ վիճակն ուղղելու նպատակով նաև աշնանը որոշակի գործընթացներ տեղի կունենան:
- Օրեր առաջ քաղաքական դաշտում ձևավորվեց նոր կուսակցություն՝ «Ադեկվատը», մի քանի օր առաջ էլ «Սասնա ծռերն» էին հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ: Կարծես ինչ-որ գործընթացներ են սկսվել: Ի՞նչ եք կարծում, դրանք քաղաքական դաշտի բյուրեղացման կտանե՞ն, թե՞ իրավիճակն ավելի կխճճեն:
-Պառլամենտից դուրս գտնվող ուժերի ակտիվանալը տրամաբանական է, քանի որ փորձելու են եղած ռեսուրսի շրջանակներում իրենց ինստիտուտիցիոնալ որոշակիությունը ֆիքսել: Ինչ վերաբերում է «Ադեկվատ» խմբին, որ երեկ կուսակցության վերածվեց, ապա քաղաքական դաշտը և հասարակական շրջանակները նմանօրինակ գաղափարներ կրող կուսակցության անհրաժեշտություն ունեն, ու դա տրամաբանական է, որովհետև հետհեղափոխական շրջանում մի շարք մարդիկ ընդդիմադիր վարքի, մոտեցումների կրող են դառնում, ու քանի որ չեն ցանկանում ասոցացվել հների՝ այսօր ընդդիմադիր դարձած ուժերի հետ, հարում են նոր ուժերի: «Սասնա ծռերի» մասով իրավիճակը փոքր-ինչ այլ է, քանի որ նրանց հետ կապված կա քրեական գործ, որը որևէ հանգրվանի դեռևս չի հասել: Նրանք փորձում են քաղաքական գործունեությունից զատ առավել ակտիվ հնարավորությունների դաշտ բացել իրենց համար՝ միգուցե այն ակնկալիքով, որ կարող են ինչ-որ հենարան կամ գործոն դառնալ, ինչ-որ գործընթացների մասին իրենց մտահոգությունը հայտնել իշխանություններին և այլն: Ժամանակը ցույց կտա՝ իրենք իրենց ինչ դիրքավորմամբ են դրսևորելու, բայց դա չի նշանակում, թե ամբողջովին լոյալ են գործող իշխանությունների նկատմամբ, որովհետև, հանդիպումներ ունենալուն զուգահեռ, բավական սուր քննադատում են կառավարության որոշ ներկայացուցիչների: Ընդհանուր առմամբ, դաշտում վերադիրքավորման գործընթաց է սկսվել, ու կախված նրանից, թե ինչպիսի օրակարգ կստեղծվի հանրային հարթակներում, դրա համար էլ կուսակցությունները, ուժերն ու անհատները կակտիվանան, կնախաձեռնեն որոշակի գործընթացներ կամ կփորձեն քաղաքական կշիռ ու հեղինակություն ձեռք բերել:
-«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից Արման Բաբաջանյանն օրեր առաջ հայտարարել է խմբակցությունից դուրս գալու որոշման մասին: Խոսակցություններ կան, թե «Իմ քայլի» այն պատգամավորները, որ համակարծիք չեն խմբակցության ընդհանուր դիրքորոշման հետ, օրինակ, «Ամուլսարի» հանքավայրի շահագործման առնչությամբ, նույնպես դուրս կգան խմբակցությունից ու «ֆիկտիվ» նոր խմբակցություն կստեղծեն:
-Դեռ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ես բազմիցս նշել եմ, որ պառլամենտի ներսում ֆրակցիոնիզմ տեղի կունենա, ինչ-որ ուժեր բաժանումների կենթարկվեն: Դրանք կարող են լինել ֆորմալ՝ հրապարակային կամ ոչ ֆորմալ տարբերակով՝ ներքին ընդդիմություն ձևավորելով: Այսօր տեսնում ենք այնպիսի դրսևորումներ, երբ իշխող թիմում կա ընդգծված տարակարծություն ոչ միայն կարևոր, այլև երկրորդական թեմաների վերաբերյալ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում նման իրավիճակ ունենք մեկ պատգամավորի մասով: Չեմ բացառում, որ այլ խմբակցություններում ևս նման իրավիճակ ստեղծվի արդեն մի շարք պատգամավորների մասով: Սա մի դեպքում նորմալ է, մյուս կողմից՝ փոքր-ինչ տարօրինակ, քանի որ եթե մանդատ ես ստացել համամասնական ցուցակով, ապա թիմի հետ անհամաձանության դեպքում առավել տրամաբանական է, որ մանդատը վայր դնես, քան թե խմբակցությունից դուրս գաս: Ինչևէ, սա քաղաքականություն է, ուր կարող են լինել փոխզիջումներ անգամ անհնարինի շուրջ:
-Տեսակետ կա, թե իշխանությունը ցանկանում է սահմանադրական փոփոխություններ անել, որպեսզի երկարաձգի իր կյանքը, համամի՞տ եք:
-Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն վաղուց կար: Գործող սահմանադրությանը երբևէ դրական վերաբերմունք չեմ ունեցել: Քանի դեռ Հայաստանում կուսակցություններն ինստիտուցիոնալ առումով կայացած չեն, չկան գաղափարական կուսակցություններ, մեր երկրում խորհրդարանական համակարգ ներդնելը վտանգավոր է, իսկ քաղաքական զարգացումները հեռանկար չեն խոստանա ո՛չ պետությանը, ո՛չ հասարակությանը: Քանի դեռ չունենք դասական իմաստով կայացած կուսակցություններ, ներկայացուցչության ու դեմոկրատիայի հիմնական սկզբունքները խախտվելու են: Սահմանադրական փոփոխության օրակարգ անկասկած կա. թեև տեսակետներն այդ հարցի վերաբերյալ տարբեր են: Եթե մի քանի բաղադրիչի փոփոխություն է լինելու, իսկ ընդհանուր բաղադրիչները մնալու են նույնը, արդյունավետ կառավարման առումով խնդիրներ կունենանք, ու պետությունը կարող է կանգնել կառավարման ու քաղաքական տարաբնույթ ճգնաժամերի առջև: Եթե խոսքը ֆունդամենտալ փոփոխությունների մասին է, պետք է նախ հասկանալ դրանց տեսլականը, ապա նոր միայն կարծիք հայտնել: Այս հարցի վերաբերյալ հավանաբար դեռ շատ քննարկումներ կլինեն, սակայն նշենք, որ բազմակարծությունն ու քաղաքական գաղափարների մեծ սպեկտրը միշտ չէ, որ նպաստելու են ճշմարտությանն ու առավել արդյունավետ տարբերակների ի հայտ գալուն: Քաղաքական ուժերը առավելապես իրենց շահերից դրդված են այս կամ այն տարբերակին կողմ կամ դեմ լինելու: Դա, ինչ-որ առումով, օբյեկտիվ է, քանզի քաղաքականության մեջ շահերը միշտ դոմինանտ են: Մյուս կողմից, պետությունը մարտահրավերների առաջ է կանգնած ու պետք է այնպիսի մոդել ներկայացվի, որն այդ խնդիրների լուծման հնարավորություն ընձեռի: Մենք այսօր փաստացի չունենք կայացած քաղաքական դաշտ, ունենք մեծ խնդիրներ քաղաքական ու կառավարչական հակակշիռների հետ կապված, հետևաբար հնարավոր բարեփոխված սահմանադրությունն իր մեջ պետք է արտացոլի նմանօրինակ և մի շարք այլ կարևորագույն հիմնահարցերի լուծման բանալիներ:
-Քաղաքական օրակարգին հիմնականում ակտիվություն են հաղորդում Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող դեպքերը, թվում է, օրակարգային այլ հարց չունենք։ Ինչու՞ է այդպես, ինչու՞ քաղաքական ուժերը գաղափարապես չեն հագեցնում օրակարգը։
-Գաղափարական պայքարի սնանկությունը, կուսակցության չկայացածությունը, հասարակության բևեռացվածությունը հանգեցնում են նրան, որ շատ հարցերի շուրջ տեղի է ունենում այնպիսի երկխոսություն, որն իրականում շատ անձնավորված է, էմոցիոնալ, սուբյեկտիվ, ճամբարային: Բացի այդ՝ ունենք PR ու մանիպուլյացիոն գործընթացներ, որոնք պետությանը, հասարակությանը քաղաքական ամրություն չեն տալիս: Մեզ մոտ գաղափարների մրցապայքար գոյություն չունի, պետությունը և քաղաքական համակարգը տեղում դոփում են՝ խեղդվելով առօրյա, ոչ էական, հաճախ արհեստական օրակարգերի մեջ: Սա նոր խնդիր չէ, բայց քանի որ այս իշխանությունը բավական հավակնոտ ծրագրեր է մատնանշել, որոնց պետք է լուծումներ տա, ուստի ավելի արդյունավետ ու նպատակասլաց պետք է լինի: Քաքաղաքական դիսկուրս չունենք նաև այն պատճառով, որ կենցաղային խնդիրները նետվում են հանրային օրակարգ, քննարկման թեմա են դառնում անգամ անկարևոր հարցերը` կապված առանձին անձերի հագուստի, կենցաղի ատրիբուտների և այլնի հետ, հանրությունն էլ դա դիտարկում է «սևեր-սպիտակներ» տարանջատման ներքո, մինչդեռ մենք ճգնաժամի մեջ ենք, ու օրակարգը բացառապես պետք է կազմված լինի պետության առջև ծառացած մարտահրավերներին լուծում տալու մեխանիզմներից:
-Ի՞նչ շեղումներ եք նկատել իշխանությունների կողմից, որ անթույլատրելի եք համարում:
-Հեղափոխականությունը ենթադրում է առավելապաշտական խոստումներ, ոգեղենություն, փրկչի դերում են դիտարկվում նոր իշխանությունները և կոնկրետ անձինք: Անգամ այն խնդիրները, որ քաղաքացին իր մասով պետք է լուծի, դրվում են գործող իշխանություններին ուսերին, այդ առումով նրանց գործն օբյեկտիվորեն ծանրանում է: Մյուս կողմից, այն հավակնոտ ծրագրերը, որ առաջարկվում են նախընտրական փուլում, իշխանություն դարձած կարգավիճակում դառնում են բարդ լուծելի, քանզի պարզվում է, որ դրանք կապված են մի շարք այլ հանրային նշանակության խնդիրների հետ: Միաժամանակ հասարակությունը խնդիրների լուծման արագություն և արդյունավետություն է ակնկալում և, չտեսնելով դա, սկսում է դժգոհել, սկսվում է գործող իշխանությունների բարձր վարկանիշի անկման անխուսափելի գործընթացը: Դրան նպաստում են նաև մրցակից քաղաքական թիմերը: Այս բարդ իրավիճակում, երբ առկա են բազմաթիվ նոր ու կուտակված հարցեր, ռեգիոնալ գործընթացների ազդեցությունը, Արցախյան հարցի շուրջ անորոշությունը ոչ շահեկան միջավայր են ստեղծում իշխանության կառավարման արդյունավետության համար, ուստի պետք է կարողանա առավելագույնս իր շուրջը կոնսոլիդացնել մասնագիտական բարձր որակի կադրային ռեսուրս և ճգնաժամային դիրքերից մոտենա երկրի կառավարմանը:
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ