Երեկ Հայաստանի երրորդ հանրապետությունը նշեց առաջինի 100-ամյակը: Սարդարապատում: Այսօր արդեն տոնն անցյալ է, մինչդեռ պետականության վերականգնման փաստը արժանի է գնահատման ու արժևորման շատ ավելի մեծ ընդգրկումով, քան շքերթն ու ելույթները, շնորհավորանքներն էին: Առավել ևս, որ առաջին հանրապետությունը 2 տարվա կյանք ունեցավ ու երկրորդի ժամանակ արգելված էր հիշել ու իմանալ` շատ երկար ժամանակ: Երրորդ հանրապետությունը պարտավոր էր անցած 30 տարում, բացի առաջին հանրապետության գործիչներից մի քանիսի գրքերի տպագրությունից, դասեր քաղել Առաջին հանրապետության պարտությունից ու իմաստավորել իր պատմությունը: Ընդունեք, որ դեռ չենք էլ մոտեցել այդ խնդրին: ՈՒ ընդհանրապես անցյալ դարասկզբից մեզ համար կարևորում ենք միայն ցեղասպանությունը, մինչդեռ ինչպես ենք զոհվելուց շատ ավելի կարևոր է հասկանալ` ինչպես ենք ապրել: Իհարկե, Առաջին հանրապետության օրը միանգամայն այլ կլիներ, եթե չնախորդեին ապրիլյան իրադարձությունները, բայց դա միայն ձևի ու անձանց առումով, իսկ բովանդակային տարբերություններ, ցավոք, չէին լինելու: Մեզ անընդհատ պակասում է ժամանակը` իրադարձությունների մեջ խորանալու ու իմաստը հասկանալու, արդյունքներն ու հետևանքները ըմբռնելու համար: Կամ էլ մենք ընտելացել ենք մակերեսով սահելուն ու դա ենք համարում ճիշտ: Առաջին հանրապետության 100-ամյակի գլխավոր խնդիրը պետք է լիներ մեր ինքնանույնականացման մակարդակը պարզելը, մեր արժեհամակարգը ձևակերպելն ու առաջ գնալու ճանապարհները որոշելը: Այս ընթացքով դա կմնա 200-ամյակին:
Երեկ Սարդարապատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն շնորհավորական, այլև ծրագրային ելույթ է ունեցել: Բնական են նրա ելույթի շեշտադրումները` 100 տարի առաջ էլ ժողովուրդը որոշեց, որ պիտի հաղթի ու հաղթեց, 100 տարի հետո էլ որոշեց, որ պիտի հաղթի ու հաղթեց: Բայց այդ դեպքում հարց է առաջանում` ինչու՞ Առաջին հանրապետությունը պարտվեց և ի՞նչ է լինելու երրորդ հանրապետության հետ 2 տարի հետո: Հերոսական հաղթանակների հիշատակումն այս առումով երաշխիք չէ: Ոչ էլ պաթետիկ հաստատագրումներն են երաշխիք, որ 2018-ի ապրիլ-մայիսին հայ ժողովուրդը տարավ իր հերթական փառահեղ հաղթանակը՝ սեփական իշխանությունը հաստատելով սեփական հայրենիքում: Շատ է շտապում վարչապետը` հայտարարելով, որ հայրենիքում այլևս ժողովրդի իշխանությունն է հաստատված: Եվ` անշրջելի: Հաղթանակի հեշտությունը դեռ չի նշանակում, որ հաղթանակը պահելն էլ հեշտ է լիելու: Ընդամենը խոստումներ են, որ «Այլևս երբեք, այլևս երբեք ոչ ոք չի համարձակվի բռնանալ ժողովրդի կամքի վրա, այլևս երբեք որևէ մեկը չի համարձակվի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքի, վարչական հարկադրանքի կամ որևէ այլ միջոցով: Հայ ժողովրդի վերածնունդն ու թռիչքը կասեցնելու, ժողովրդի հույսն ու լավատեսությունը կոռուպցիայի ու ամենաթողության մեջ խեղդելու ցանկացած փորձ, ցանկացած փորձ կարժանանա ջախջախիչ հակահարվածի: Եվ Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Սարդարապատում Առաջին հանրապետության տոնակատարությանը ԱԺ նախագահի ու պատգամավորների բացակայությունը խիստ ցուցադրական էր: Որքան էլ զարմանալի է` ոչ Արա Բաբլոյանի, այլ` Նիկոլ Փաշինյանի կողմից: ԱԺ նախագահին չհրավիրելը քաղաքական ակցիա է, որի իրականացման այլևայլ հնարավորություններ կային: Տոնը համապետական է և չհարգել պետականության ինստիտուտները, մեղմ ասած, վայել չէ` ինչ վերաբերմունք էլ այդ ինստիտուտների նկատմամբ ունենաս: Սա իսկական վենդետա է` քաղաքական ու բարոյական, որի իմաստը բնավ էլ խորհրդարանի լուծարումը սկսելը չէ կամ պատասխանը ՀՀԿ-ի հայտարարություններին, որ արտահերթ ընտրություններին դեմ է: Իսկ արտահերթ ընտրությունները կոնկրետացե՞լ են ամիս-ամսաթվով: Ի վերջո` ընդդիմությունը դեմ լինելու համար է: Հայաստանում` միշտ է այդպես եղել: Թավշյա հեղափոխությունը պահանջում էր հարգանք օրենքի ու քաղաքական, պետական ինստիտուտների նկատմամբ, վստահություն ու հավատ: Եթե ԱԺ-ն այլևս դուրս է պետական կառավարման համակարգից, ու՞մ է Նիկոլ Փաշինյանը ներկայացնելու իր կառավարության ծրագիրը: