Մայիսի 28-ին կնշենք Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը: Երևի առավելագույն նվերը ինքն իրեն Հայաստանը հոբելյանի առիթով արեց թավշե հեղափոխությամբ, որ քաղաքականից ու տնտեսականից բացի պիտի անպայման ունենա գաղափարական վերարժևորման նշանակություն: Արժեքային համակարգի ճշտման: Գուցե նաև ձևավորման, եթե հաշվի առնենք, որ ժողովրդավարությունը Հայաստանում ավելի շուտ ու ավելի շատ եղել է ձևական կամ խեղված բովանդակությամբ: Հիմա մենք անցումային փուլում ենք և միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր կլինի վերջանականապես գնահատել թավշե հեղափոխության արդյունքներն ու հետևանքները: Ընտրությունների կազմակերպումը կարևորագույն հարց է, որ պահանջում է ոչ միայն օրենսդրական, այլև տեխնիկական ու կուսակցական տարատեսակ խնդիրների լուծում: Ընտրական նոր օրենսգրքի փոփոխությունները, ըստ տեղեկությունների, արդեն սկսվել են և գլխավոր հարցի` ռեյտինգային ընտրակարգի հանման սկզբունքային համաձայնություն խորհրդարանում կա` բացառյալ ՀՀԿ-ն, որ առայժմ ԸՕ-ի փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում: Ընդհանրապես արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չի տեսնում: Հունիսից կսկսվեն ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ քաղաքական ուժերի հետ քննարկումները:
Կառավարությունը նրանց հանդիպելու ու փաթեթ մշակելու գործը հանձնարարել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանին։
Եթե ՀՀԿ-ի հետ ԸՕ-ն փոխելու համաձայնություն չստացվի, արդարադատության նախարարությունը կարող է ՍԴ հայց ներկայացնել ռեյտինգային ընտրակարգը հակասահմանադրական ճանաչելու համար` Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգը, իսկ ԸՕ-ի ռեյտինգայինը մեծամասնական է ըստ էության: Նոր իրավիճակում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար դա կլինի առաջին փորձությունը: Եթե նա համառի, ևս մեկ տարբերակ կա` հանրաքվեի դնել արտահերթ ընտրությունների հարցը: Առավել տրամաբանական ժամկետը` բոլոր աշխատանքները Հայաստանում ու միջազգային կառույցների հետ ավարտելու համար, աշունն է: Բայց օրենսդրականից բացի կա կուսակցությունների պատրաստ լինելու խնդիրը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կուսակցությունները կենդանության նշաններ են ցույց տալիս միայն ընտրությունների առիթով: Ֆինանսական նկատառումներից ելնելով` շատ կուսակցություններ, այդ թվում` ՔՊ-ն, մարզային կառույցներ չունեն, մինչդեռ դա պարտադիր պայման է: Գործող կառավարությունը կոալիցիոն է` փաստացի, թեպետ որևէ համաձայնագիր կամ հուշագիր ՔՊ-ի, ԼՎԿ-ի, «Հանրապետության», ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի միջև չի ստորագրվել:
Ընտրություններին այդ կուսակցությունները, ամենայն հավանականությամբ, կգնան միայնակ: Իհարկե, կլինեն նաև դաշինքներ, բայց այլ քաղաքական ուժերի միջև: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՕԵԿ-ը, Ազատ դեմոկրատները, դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվությունից` կմասնակցի նաև ՀԱԿ-ը, հարկավ` «Ժառանգությունը» ու ԵԾ-ն, կլինեն նաև այլ ուժեր, չի բացառվում նոր կուսակցությունների ստեղծումը` հների հաշվին, թեպետ կարճ ժամանակում դա հաջողության երաշխիքներ չունի: Հաջողության երաշխիքներ, ընդհանրապես, որևէ կուսակցություն կարող է չունենալ: Եթե արտահերթ ընտրությունները ազատ ու արդար անցնեն, իսկ դա պարտադիր պայման է, այլապես անիմաստ են դառնում, «բարեգործության» հաշվին մինչև հիմա խորհրդարան մտած ուժերը հազիվ կարող են 5 տոկոսը հաղթահարել, ուր մնաց 50+1 ձայն կամ բացարձակ մեծամասնություն ստանալ` ինչպես զրնգուն հայտարարում է ԲՀԿ-ն` պարոն Գագիկ Ծառուկյանի հաստատուն վարկանիշի հիման վրա: Թեպետ իր գործունեության ամբողջ ընթացքում ԲՀԿ-ն միայն ապացուցել է, որ իշխանության կցորդն է: Թավշե հեղափոխության հաղթանակից հետո էլ` կցվեց նոր իշխանությանը և հազիվ թե Հայաստանում գտնվի մեկ մտածող ու չբարերարված ընտրող, որ Գագիկ Ծառուկյանին համարի ընդդիմադիր, կամ ընդհանրապես` քաղաքական գործիչ:
ԱԺ մտնելու խնդրին բախվելու է նաև ՀՀԿ-ն, եթե մինչ այդ հաջողվի չեզոքացնել վարչական ռեսուրսները: Մարզպետների փոփոխությունը կարևոր հարց է` ընտրությունների նախապատրաստման առումով, բայց հաստատ հնարավոր չէ փոխել գերազանցապես ՀՀԿ-ական գյուղապետերին: Ճիշտ է` ոստիկանապետ Վալերի Օսիպյանն արդեն ասել է, որ շատ կցանկանար տեսնել, թե ինչպես են քրեական հեղինակությունները ընտրություններում փող բաժանում: Բայց ակնհայտ է, որ ոստիկանապետին կամ ոստիկաններին չեն հրավիրի այդ հույժ կարևոր գործընթացին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իր բարձր վարկանիշը պահելու համար Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները գերանհրաժեշտ է տնտեսական իրավիճակի կարգավորումը: Եվ` դեկապիտալիզացիայի օրենքի ընդունումը: Տասնամյակներով ձևավորված ապօրինի կապիտալը պաշտպանելու համար պետական համակարգը բովանդակազրկվել է` վերածվելով օլիգարխիայի շահերի պաշտպանության գործիքի: Մենաշնորհվել են ոչ միայն տնտեսությունը, այլև խորհրդարանը, կառավարությունը ու դատական մարմինները, ընտրությունները վերածվել` նշանակումների ըստ վճարի: Դեկապիտալիզացիայի օրենքի ընդունումով հնարավոր կլինի լուծել բիզնեսի ու իշխանության տարանջատման, սեփականության անձեռնմխելիության, ստվերից դուրս գալու ու կոռուպցիայի բացառման հարցերը:
Բիզնեսը պետք է դուրս գա ստվերից ու աշխատի մրցակցային պայմաններում: Կհաջողվի՞ լուծել այս խնդիրները, կարող եք համարել, որ արտահերթ ընտրություններից հետո կսկսվի Հայաստանի չորրորդ հանրապետությունը: