Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Արմեն Սարգսյան. Հնարավոր չէ առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ

Արմեն Սարգսյան. Հնարավոր չէ առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ
01.03.2018 | 21:13

ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը խորհրդարանում իր ծրագրային ելույթը սկսեց՝ հարգանքի տուրք մատուցելով «Մարտի 1-ի» զոհերի հիշատակին:
Նախագահի թեկնածուն շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, ՀՀԿ և ՀՅԴ խմբակցություններին առաջադրման ու աջակցության համար, «Ծառուկյան» խմբակցությանն ու կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ կրկին աջակցության համար, «Ելք» խմբակցությանը՝ նրանց հետ հանդիպման, պրոֆեսիոնալ ու ազատ քննարկման համար, Ամենայն Հայոց կաթողիկոսին, վարչապետին, Արցախի Հանրապետության նախագահին և այլն:

«Այդ հանդիպումներն ինձ համար շատ կարևոր էին՝ որոշում ընդունելու համար»,-
ասաց նա և հավելեց, որ հանդիպել է նաև պարզ ու բաց մարդկանց հետ, որոնք իր համար շատ կարևոր ու արժեքային էին: «30 տարի առաջ մեկնարկած ազգային- ազատագրական շարժումը յուրահատուկ էր, որի մասին ոչ ոք չէր լսել ու չէինք էլ տեսել: Բոլորիս երազանքն այդ ժամանակ մեկն էր, բոլորս մարտնչում էինք Արցախի ժողովրդի պայքարի համար: Բոլորս խորհրդային էինք, բայց ունեինք երազանք և դեռևս չկայացած հանրապետության քաղաքացի էինք: Պայքարը սկսվեց Արցախի ժողովրդի ազատագրման ու պաշտպանության համար, հետո վերածվեց ՀՀ անկախության ու պետականության ստեղծման»,- շեշտեց նախագահի թեկնածուն:
Արմեն Սարգսյանը կարևորեց արցախյան հաղթանակը, նշեց, որ մենք պետք է հպարտ լինենք դրանով, իսկ առաջին հպարտության առիթը Հայոց բանակն է:


«Բանակ, որ իր տեսակով ու չափով, քանակով չի զիջում շատ եվրոպական երկրների բանակների, որոնց պետական բյուջեները տասնապատիկ շատ են: 26 տարիները մեր բոլորի տարիներն են, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև Արցախի ժողովրդի ու սփյուռքի, այնպես որ, կարծում եմ, հաջորդ 26 տարիները մենք պետք է անցկացնենք՝ հիշելով մեր այդ հաղթանակի մասին: Այսօր մենք կանգնած ենք նոր իրողությունների առջև՝ սահմանադրական բարեփոխումների իրականացման, այդ փոփոխությունները շատ պատմական են»,- հայտարարեց նա:


Արմեն Սարգսյանը նշեց, թե 30 տարիների ընթացքում կառուցեցինք հայրենիք, որը 26 տարի առաջ գուցե ավելի արդար էր: «Հանրությունը շատ ավելի քիչ էր բևեռացած հարուստի և աղքատի. այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ, բայց նաև բևեռացված, և հաջողությունների և դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը բոլորիս խնդիրն է»,-ասաց նա և հույս հայտնեց, որ հաջորդ 26 տարիներին երկիրը կկառուցեն՝ հիշելով և չմոռանալով այն հաջողության բանալին, որ հայտնաբերել են Արցախյան շարժման տարիներին՝ նաև չմոռանալով այն սխալները, որոնք արել են։ Ըստ Արմեն Սարգսյանի՝ հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, եթե իրավական համակարգը հասարակության առջև հաշվետու չէ: Ըստ նրա, անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է:
«Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ պետք է անհանդուրժող լինենք, պետք է թույլ չտանք, որ այդ վիճակը խաթարի մեր միասնությանը»,- ասաց նա: Ըստ Սարգսյանի՝ կարևոր է պայքարը անընդունելի երևույթների նկատմամբ: «Կոռուպցիան ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, մարդու իրավունքը դարձնում է առքուվաճառքի առարկա»,- շեշտեց նա: Նախագահի թեկնածուի համոզմամբ՝ անհրաժեշտ է քաղաքական կամք՝ գնահատելու ու ամրագրելու կառավարության վերջին տարիների բարեփոխումները: Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաև քաղաքացիական հասարակության անհրաժեշտությանը և հայտարարեց թե քաղաքացի լինելը բացարձակ արժեք է: Նա խոսեց արտագաղթի մասին և նշեց, թե արտագաղթը կանխարգելելու, մարդկանց երկրին կապելու բազմաթիվ միջոցներ կան:


«Այն նեգատիվ երևույթները, որոնք մենք պետք է հաղթահարենք՝ կոռուպցիայից մինչև անհանդուրժողականություն, և այլն, բավարար չեն լինելու։ Կան դրական քայլեր, որոնց մեծ մասը նույնիսկ մեծ ներդրում կամ պետական որոշում չի պահանջում. ինչու՞ չենք կարող մենք մեր հայրենասիրությունը կիրառել այսօր, ոչ թե ապրիլին, այլ շաբաթ- կիրակի այցելենք Գյումրի, Վանաձոր, Արցախ՝ մեզ հետ տանելով սփյուռքի մեր հայրենակիցներին»,- ասաց նա:
Ամփոփելով իր ելույթը՝ ՀՀ չորրորդ նախագահի թեկնածուն շեշտեց. «Լինելով Սահմանադրության սահմաններում՝ աշխատելու եմ իմ ողջ անկեղծությամբ ու ազնվությամբ: Լինելու եմ մեկը, որը ոչ միայն ՀՀ նախագահի պարտականություններն է կատարելու, այլև նախ և առաջ լինելու քաղաքացի այս երկրում, փորձելու եմ ոչ միայն այս խորհրդարանի, այլև ՀՀ քաղաքացիների նախագահ լինել, նաև ներկայացնելու ինչ-որ իմաստով արցախահայության շահերը և լինելու ոչ թե իրական, այլ բարոյական աջակցությունը կրող նախագահ, փորձելու եմ ամեն ինչ անել՝ դառնալու համար հսկա սփյուռքահայության նախագահ՝ նպատակ ունենալով իրականացնել ազգային միասնականությունը և դարձնել մեր երկիրը մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ նախագահ ունեցող ազգ: Փոքր պետություն՝ համաշխարհային ազգ. վստահ եմ, որ եթե մեր քայլերը ճիշտ կատարենք, 21-րդ դարը մերն է լինելու»,- ասաց Սարգսյանը:

Դիտվել է՝ 3880

Մեկնաբանություններ