ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»

«Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»
17.10.2017 | 01:09

«Մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումն ավարտվեց. որևէ կոնկրետ պայմանավորվածություն չունենք, այսպես ասած, խնդրի լուծման տարբերակների մասին: Բայց պայմանավորվել ենք, որ միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, առաջնագծում զոհեր չունենալու համար: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք: Տա Աստված, որ միշտ այդպես կարծի: Նա էլ շատ լավ է հասկանում խնդրի բարդությունը, բնականաբար, ես էլ, բայց խնդիրն այնպիսին է, որ հեշտ լուծում երբեք չի լինելու: Սակայն մի հարցում էլ ուզում եմ, որ բոլորդ վստահ լինեք` մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշում և իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- Ժնևում ՀՀ դեսպանատանը շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Իսկ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին ու առանձնազրույց ունեցել: Հրապարակված լուսանկարներից երևում էր, որ նախագահների տրամադրությունը բավական բարձր էր: Հանդիպումից հետո հայտարարություն տարածեցին, որում մասնավորապես ասված էր. «Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկար դադարից հետո կայացած ուղղակի բանակցությունների առթիվ: Նրանք պատրաստակամ են կողմերի հետ շարունակելու միջնորդական աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցային կարգավորման ուղղությամբ: Որպես հաջորդ քայլ՝ համանախագահները մոտ ապագայում աշխատանքային քննարկումներ կանցկացնեն նախարարների հետ»:


Հանդիպումից հետո եղել է նաև Արցախի ԱԳՆ-ի արձագանքը. «Համոզված ենք, որ բանակցային գործընթացի առաջմղման հիմքերից մեկն է 1994 և 1995 թթ. համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրագործումը, որոնք, մասնավորապես, վերաբերում են միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրմանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակազմի ընդլայնմանն ու դիտարկման կարողությունների ավելացմանը։ Կարծում ենք՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ձեռք բերելու ճանապարհին ևս մեկ քայլ պետք է դառնա լիարժեք ձևաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 9794

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ