ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Հայաստանի Հանրապետությունը 26 տարեկան է

Հայաստանի Հանրապետությունը 26 տարեկան է
21.09.2017 | 13:23

Այսօր` սեպտեմբերի 21-ին, ողջ աշխարհի հայությունը նշում է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նիստում:
ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան 1991 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում անցկացվեց ԽՍՀՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցելու իրավունք ունեցող 2 056 758 քաղաքացիներից 2 042 627-ը (94,39 %) Հայաստանի անկախությանը «այո» ասացին։ Դեմ էր ընդամենը 10 հազար մարդ կամ 0,46 տոկոսը:


1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգևորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:
Սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:


Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի 14-ին: 1991-ին 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Դիտվել է՝ 1960

Մեկնաբանություններ