ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Ինչ հիասքանչ երեկո է»

«Ինչ հիասքանչ երեկո է»
30.05.2017 | 01:31

Մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության տոնի երեկոն եզրափակեց «Ավրորա» մրցանակաբաշխությունը: «Ավրորայի», որ տևելու է 8 տարի՝ 2015-2023-ին` խորհրդանշելով Ցեղասպանության 8 տարիները, երկրորդ մրցանակը ևս շնորհվեց Ցեղասպանություն վերապրածների անունից՝ Շառլ Ազնավուրի ձեռքով: Անցյալ տարվա մրցանակակիր Մարգարետ Բարանկիցեն, որ ներկա էր արարողությանը, համակող ու լուսավոր խոսք ուղղեց դահլիճին՝ սկսելով «Ինչ հիասքանչ երեկո է» բառերով: Նա ասաց, որ մրցանակը փոխեց Բուրունդիի փախստականների կյանքը, հույս տվեց նրանց՝ «Մենք կարող ենք երազել, փոխվել և ապրել»: The Washington Post-ի լրագրող, գրող Դեյվիդ Իգնատիուսը, որ նորից վարում էր երեկոն, հաճախ էր հիշում հայկական ծագումը: Այս տարի ևս Նոբելյան մրցանակակիրների ժյուրիի ընտրությամբ «Ավրորային» հավակնում էին Սոմալիում Խաղաղության և մարդու իրավունքների «Էլման» կենտրոնի հիմնադիրներ Ֆարթուն Ադանն ու Էլվադ Էլմանը, «Նուր» կրթական համակարգի զարգացման կազմակերպության նախագահ Ջամիլիա Աֆղանին, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան, Սիրիայում դաշտային հոսպիտալի բժիշկ Մուհամադ Դարվիշը (նա չէր կարողացել գալ), Կոնգոյից վիրաբույժ-գինեկոլոգ, դոկտոր Դենիս Մուկվեգեն:

Մրցանակը ստացավ Թոմ Քաթինան, որ անցյալ տարի էլ թեկնածուների թվում էր և չէր կարողացել Հայաստան գալ: Վիրաբույժ և կաթոլիկ միսիոներ Քաթինան տարիներ շարունակ պատերազմող Սուդանի Նուբա լեռներում միակ վիրաբույժն է, որ տարեկան 1000 վիրահատություն է անում ու օրական 400 հիվանդի ընդունում: Թոմ Քաթինան ստացավ 100 հազար ԱՄՆ դոլար պարգև՝ շարունակելու գործունեությունը, և 1 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: «Այստեղ ես զգում եմ ինձ, ասես, տանն եմ, ընտանիքիս հետ, իմ սիրելի խոհանոցում: Շնորհակալություն այդ ջերմության համար»,- ասաց Թոմ Քաթինան ու հիշեց անցյալից մի պատմություն. «Մի անգամ մենք վրաններում էինք հիվանդների հետ, երբ լսեցինք ռմբակոծության ձայներ: Բոլորս դուրս ցատկեցինք ու թաքնվեցինք հողի փոսի մեջ: Այդ պահին իմ առաջին միտքն էր՝ մի՞թե նրանք չեն հասկանում, որ սա հիվանդանոց է, որ ռմբակոծում են ողջ մարդկանց: Ինչ-որ պահի ես հասկացա, որ իրենց համար միևնույն է: Իրենց համար միևնույն է, որ այստեղ մարդիկ են, որ թաքնվում են փոսի մեջ ու վախենում են: Ես հասկացա, որ մեր խնդիրը հենց այդ է՝ որոշ մարդիկ թքած ունեն մյուսների կյանքի վրա: Դա շատ կարևոր դաս էր ինձ համար: Ես հասկացա, որ իմ կյանքը հավասար է Նուբա լեռներում ապրող յուրաքանչյուրի կյանքին, ես նույնն եմ, ինչ իրենք, ու ինչ-որ մարդիկ ցանկանում են սպանել բոլորիս»: Գուցե հենց այդ պահը պարգևատրվեց մրցանակով: Իսկ երեկոն իսկապես հրաշալի էր՝ զուսպ, տպավորիչ, խորիմաստ: Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը և ամբողջ թիմը աշխատել էին բարձր մակարդակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Կգտնվեն մարդիկ, որ հարցնեն՝ մեզ ի՞նչ Բուրունդին, Սուդանը, Կոնգոն: Մեր երկրում էլ կան սոված երեխաներ, որ երազում են հաց ու կրթություն: Կան: Բայց դա չի նշանակում, որ առավոտից հաջորդ առավոտ պիտի ողբանք նրանց ու երկրի դառը ճակատագիրը: Բարեգործությունն ուրիշին քո ավելորդը տալը չէ, այլ՝ քեզ անհրաժեշտը, որի կարիքը նա ևս ունի: «Ավրորան» գոնե աշխարհում պատրանք է ստեղծում, որ Հայաստանը քաղաքակիրթ պետություն է, որտեղ հասկանում են մարդու ու կյանքի արժեքը: Չգիտեմ ինչու՝ Շառլ Ազնավուրի դեմքին նայելիս ինձ նաև թվաց, որ Թալեաթը, Էնվերը, Ջեմալն ու թուրք բոլոր մարդասպանները այդ երեկո սպանվեցին, ու մենք մեր հոգուց դեն ենք նետում նրանց ծանր դիակները:

Դիտվել է՝ 20984

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ