ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

ԵԽԽՎ. օր առաջին ու երկրորդ՝ գնահատում է հայկական պատվիրակության ղեկավարը

ԵԽԽՎ. օր առաջին ու երկրորդ՝ գնահատում է հայկական պատվիրակության ղեկավարը
12.10.2016 | 09:25

Հոկտեմբերի 10-ից Ստրասբուրգում սկսվել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որին մասնակցում է նաև ԱԺ պատվիրակությունը: ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ և ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին խնդրեցի աշխատանքային երկու օրվա իր գնահատականը տալ.


-ԵԽԽՎ նստաշրջանի երկու օրերը անցան լարված աշխատանքային մթնոլորտում: Խնդիրը ոչ միայն ավարտվող հերթական քաղաքական տարին է, որ ինքնին ամփոփումներ է թելադրում, այլև կան համաեվրոպական մի շարք հարցեր, որոնք լուծումներ չեն ստացել դեռ և իբրև համաեվրոպական կառույց՝ ԵԽԽՎ-ն չի կարող դրանք անտեսել: Անցած երկու օրերին ուշադրության կենտրոնում է եղել Թուրքիան՝ ընթացիկ դեբատի քննարկման թեմա է առաջադրվել հեղաշրջման փորձը Թուրքիայում՝ իր հետևանքներով: Մինչ այդ՝ ԵԽԽՎ հյուրն է լինելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որ, բնականաբար, փորձելու է որոշակիորեն փոխել քննարկման ընթացքն ու շեշտադրումները: Եթե հիշում եք՝ նախորդ նստաշրջանում ևս Թուրքիայի հարցը քննարկվել է, հնչել են շատ լուրջ հարցադրումներ և միայն ջանքերի գերլարումով Թուրքիայի պատվիրակությանը հաջողվեց հետաձգել մոնիտորինգի գործընթացի վերականգնման հարցը: ԵԽԽՎ լիագումար նիստում որոշում ընդունվեց 2017-ին անդրադառնալ խնդրին՝ նայած իրադարձությունները ինչ ընթացք կունենան: Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ և ԵԽԽՎ-ում պասիվ դիրքեր ունեցած պատվիրակները հասկացան, որ հունիսյան նստաշրջանում մակերեսային են վերաբերվել խնդրին, որը իրենց պատկերացրածից շատ ավելի լուրջ է:

Արդեն 60-ից ավելի հերթագրվածներ կան ելույթների համար, նաև մեր պատվիրակության անդամները, որ իրենց վերաբերմունքն են արտահայտելու Թուրքիայում այսօր ծավալվող իրադարձություններին և դրանց համապատասխանությանը համաեվրոպական արժեհամակարգին: Հիշեցնեմ, որ հեղաշրջումից հետո Թուրքիայում եղան ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը, որ ամբողջապես իր աջակցությունը հայտնեց Թուրքիայի նախագահին ու կառավարությանը, և գլխավոր քարտուղար Թորբորն Յագլանդը, որ կոչ արեց սահմանները չանցնել և հեղաշրջման հետևանքների վերացման գործընթացը հակաժողովրդավարական քայլերով աչքի ընկնող գործողությունների չվերածել:


Նստաշրջանի օրակարգում են նաև ԵԽԽՎ անդամ երկրներում կատարված ընտրությունների դիտորդական առաքելությունների զեկույցները՝ Բելառուս, Հորդանան, Մարոկկո, Վրաստան, Ադրբեջանի հանրաքվեն, որ ամփոփում են տարեկան ընտրական ցիկլը:
Կարևոր խնդիրներից մեկն է ՌԴ պատվիրակության ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցությունը: Այս հարցում ևս տարակարծություն կա՝ մի խումբ երկրների ներկայացուցիչներ կարծում են, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է վերադառնա ԵԽԽՎ: 47 երկրների խորհրդարանականների հանդիպման հարթակ լինելով՝ կառույցը պետք է նպաստի երկխոսության միջոցով խնդիրները լուծելուն և Ռուսաստանին հնարավորություն տա մասնակցելու գործընթացին՝ ներկայացնելով իր խնդիրներն ու տեսակետները: Բայց կան նաև հակառակ կարծիքն ունեցողները, որ կարծում են՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն, քանի դեռ չի փոխվել ՌԴ քաղաքականությունը:


ՈՒզում եմ նշել, որ ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի վրա կարևոր ազդեցություն ունեցավ Իտալիան՝ Միլանի դատախազությունը քննություն սկսեց ԵԽԽՎ նախկին պատվիրակ Լուկա Վոլոնտեի գործով, որը մեղադրվում է Ադրբեջանից երկու միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ: Հարցը վերաբերում էր Գերմանիայի պատվիրակության ղեկավար Շտրասերի զեկուցին՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին: Զեկույցը գրվեց, բայց նստաշրջանը մերժեց և 4-5 տարի անց անպատասխան մնացած հարցերը կարծես պատասխանվում ու պարզաբանվում են:


Երեկ ԵԽԽՎ հյուրն էր Ֆրասիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որ իր ելույթում ուշադրություն դարձրեց հատկապես ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայի խնդրին և իր երկրի վճռականությունը հայտնեց ահաբեկչության դեմ պայքարում մինչև վերջ գնալու համար: Նրան մեկ տասնյակից ավելի հարցեր ուղղվեցին, որոնց Ֆրանսուա Օլանդը հանգամանալից պատասխանեց:
ՈՒզում եմ առանձնացնել նաև փոխնակ մայրերի վերաբերյալ քննարկումները, որ շատ լուրջ հարցեր են բարձրացնում՝ առողջապահական, բարոյական, իրավական, ֆինասական ու կրոնական:


Օրավարտին քննարկվելու են Պանամյան փաստաթղթերը՝ հայտնի օֆշորային գործը, որի քննարկմանը մի քանի տասնյակ հերթագրվածներ կան: Ադրբեջանը նորից հայտնվելու է քննադատության կիզակետում՝ Ալիևների ընտանիքի օֆշորային սկանդալում ներգրավվածության պատճառով: Մեր պատվիրակության երեք անդամներ՝ Մհեր Շահգելդանը, Նաիրա Կարապետյանը և Միքայել Մելքումյանը ևս պատրաստվում են ելույթներ ունենալ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իբրև օրվա ամփոփում՝ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին չէի կարող չհարցնել՝


-Հոկտեմբերի 10-ին ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստը վարում էիք Դուք, ի՞նչ զգացողություններ կային և ի՞նչ տարբերություն զգացիք ԵԽԽՎ-ի ու ԱԺ նիստերի միջև:
-Այնպես չէր, որ այդ դահլիճում առաջին անգամ էի՝ տասնյակ ժամեր եմ անցկացրել ու մի քանի տասնյակ քննարկումների եմ մասնակցել, բազմաթիվ ելույթներ եմ ունեցել՝ զեկույցներ եմ ներկայացրել, բանավիճել եմ, հարցեր եմ տվել ու հարցերի պատասխանել, ներկայացրել եմ իմ ղեկավարած կոմիտեի զեկույցները և կարծիքներ հնչեցրել դրանց մասին: Այնպես որ՝ արտառոց չէր, պարզապես մի քիչ անսովոր զգացողություն էր՝ ԵԽԽՎ լիագումար նիստերի դահլիճը նոր ռակուրսով ընկալելու առումով: Իսկ ԱԺ նիստերի հետ ոչ համադրել, ոչ հակադրել չեմ ուզում: Կարծում եմ՝ ավելի կարևոր է, թե ինչպես ես վերաբերվում քո աշխատանքին, քան ինչ մեծության դահլիճում ես նախագահում: Իսկ ոճի առումով՝ զգացի, որ չեմ կարողանում սոսկ նիստ վարել՝ համարյա մեխանիկորեն, առանց տեղի ունեցողի նկատմամբ վերաբերմունքի սեփական վերաբերմունքն արտահայտելու:

Դիտվել է՝ 2186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ