«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Գարեգին Բ-ի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Գարեգին Բ-ի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2016 | 12:41

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում համայն մեր ժողովրդին Հանրապետության տոնի առիթով: Այսօր տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումը, արդար հպարտությամբ հիշելով մայիսյան հերոսամարտերը Սարդարապատում, Ղարաքիլիսայում ու Բաշ Ապարանում, երբ միաբանված մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարով դիմակայեց թուրքական բանակին և համազգային հաղթանակով ապահովեց հայրենի հողում ապրելու, իր երկիրը շենացնելու աստվածշնորհ իրավունքը:


Տիրոջ առաջնորդությամբ հայրենասիրության նույն ջերմ զգացումով և անվեհեր ոգով այսօր մեր զավակները պաշտպանում են Հայաստանի և Արցախի սահմանները՝ իրենց սխրանքներով հիշատակի արժանի նոր էջեր հավելելով մեր պատմությանը: Մեր հայրենիքի ազատության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս զավակների ու սերունդների առջև պարտք ունենք, և այն մեր երկրի հզորացումն է, մեր ժողովրդի բարօրությունը, մեր պետականության ամրապնդումն ու ապահովությունը։


Հանրապետության տոնի այս նշանակալի օրը առ Աստված աղոթքով Բարձրյալի հանապազ զորակցությունն ենք հայցում հավատավոր մեր ժողովրդին՝ անկոտրում ոգով ու պատրաստակամ hանձնառություններով կերտելու մեր Հայրենիքի պայծառ, շեն ու բարօր ապագան: Թող Բարձրյալն Աստված անխաթար խաղաղություն պարգևի մեր երկրին և առատապես օրհնի Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»:

Դիտվել է՝ 1772

Մեկնաբանություններ