ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Եվ առաջին նախագահը խոսեց, նորից

Եվ առաջին նախագահը խոսեց, նորից
07.05.2016 | 13:15

Ավելի ճիշտ՝ գրեց, այս անգամ ԼՂՀ ճանաչման օրինագծի վերաբերյալ: Ու գրեց. «Կասկածից վեր է, որ միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է Ղարաբաղի անկախությունը։ Այսպիսի համոզում արտահայտելու հիմք է ծառայում այն պարագան, որ աշխարհը, հանձինս Մինսկի խմբի համանախագահության եւ անձամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների, արդեն իսկ ճանաչել է հանրաքվեի միջոցով ինքնորոշվելու Ղարաբաղի ժողովրդի իրավունքը»։ Եվ ուշադրություն հրավիրեց ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Մարկ Թոների մայիսի 5-ի հայտարարության վրա. «ԱՄՆ-ը, միջազգային հանրության մնացյալ անդամների հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվելու է համընդգրկուն կարգավորման կոնտեքստում»։ Հրավիրելը՝ հրավիրեց, բայց չասաց, որ Մարկ Թոները համը հանել է ու նրա հետ հաստատ համաձայն չէ, օրինակ, ԱՄՆ-ի Հավայի նահանգը, որ մարտին ճանաչեց ԼՂՀ անկախությունը: Ու Հավային ԱՄՆ միակ նահանգը չէ, որ ճանաչել է ԼՂՀ անկախությունը: Փոխարենը Լևոն Տեր-Պետրոսյանը բացատրեց համընդգրկուն կարգավորումը՝ «Մինսկի խմբի համանախագահության կողմից Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված պլանը, որում եւ ամրագրված է հանրաքվեի միջոցով Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման, այն է՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը»։ Ու նորից չասաց, թե քանի տարի կա այդ պլանը և բացի անկախ պետություն ունենալու իրավունքից ուրիշ ի՞նչ սկզբունքներ են հավասար քննարկվում ԵՍՀԿ ՄԽ մակարդակում և քննարկվող սկզբունքներից Ադրբեջանը հատկապես ո՞րն է առանձնացնում՝ շրջանցելով մյուսները: Չասաց նաև, որ ապրիլի սկզբին իրավիճակ է փոխվել, որ շփման գծի ողջ երկայնքով հարձակվելով՝ Ադրբեջանը միակողմանի խախտեց 1994-1995-ի զինադադարը: Եվ՝ խախտեց խիստ գիտակցաբար, անթաքույց ու հրապարակավ՝ փաստացի դուրս գալով բանակցային գործընթացից ու Մինսկի խմբի գործունեությունը անվավեր հայտարարելով: Ու այդ ամբողջ ընթացքում ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Ռուսաստանի լռությունը՝ մինչև այն պահը, երբ զոհերի աննախադեպ թվի ճնշման տակ /տարբեր գնահատականներով՝ 800-1000/ ու հասկանալով, որ բլից կրիգը կարող է շրջվել իր դեմ, հաշտություն խնդրեց Մոսկվայի միջոցով: Հետո, իհարկե, ուրացավ նաև այդ քայլը: Պարզապես Լևոն Տեր-Պետրոսյանը խոսքի մարդ է, և երբեք ոչինչ չի ասի ի վնաս Ռուսաստանի, նույնիսկ եթե փաստերը ու իրադարձությունները իրենք են տալիս իրենց բնութագիրն ու դրսևորում պատճառահետևանքային կապը: Լինելով խոսքի մարդ՝ նա կարող է մոռանալ ինչ է ասել ինքը, բայց չի կարող մոռանալ՝ ինքը ինչ է խոստացել, իսկ ինքը 2008-ին հրապարակավ հայտարարել է ԼՂՀ ճանաչման հնարավորությունների մասին: 2016-ին, սակայն, նա այլ կարծիք ունի և գտնում է, որ «Հայաստանն իր գործողություններով (խոսքը մասնավորապես Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչելու գաղափարի մասին է) ոչ թե պետք է շեղվի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից, այլ ընդհակառակը, ամբողջապես ներգրավվի Մինսկի խմբի բանակցային գործընթացում եւ կառուցողաբար ձգտի հասնել իր նպատակին, քանի որ, ինչպես արդեն նշվեց, այդ գործընթացի օրակարգում քննարկվող փաստաթուղթը պարունակում է Ղարաբաղի անկախության ձեռքբերման անհրաժեշտ իրավական հիմքերը»։ Ու գնահատելի համարի, որ «Հայաստանի իշխանությունները, Ղարաբաղի ղեկավարության համամտությամբ, ողջամտորեն խուսափեցին որոշ խորհրդարանականների անհաշվենկատ նախաձեռնությանը տուրք տալու գայթակղությունից»։


Նախ՝ օրինագիծը խորհրդարանում դեռ չի քննարկվել, իրավիճակը փոխվում է անընդհատ և բոլորովին հայտնի չէ, թե ԱԺ-ն ի վերջո ինչ որոշում կընդունի՝ ելնելով իրավիճակից և իրադարձությունների զարգացման տրամաբանությունից: Ինչու՞ է Հայաստանի առաջին նախագահը ինքն իրեն դարձնում ՌԴ արտաքին գործերի նախարարի ոչ պաշտոնական տեղակալն ու նրա փաստաբանը՝ շարադրելով փաստեր, որ Լավրովը, կարծես, «մոռացել է» ասել, կամ թողել է հետո ասելու:

Միանշանակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փայլուն գիտնական է, հրաշալի կարողանում է ռազմավարություն կառուցել, բայց մարտավարությունը նրա ուժեղ կողմը չէ: Նա առաջարկում է Ղարաբաղի անկախության անհրաժեշտության հիմնավորման չափազանց կարեւոր մեկ այլ կռվան՝ միջազգային իրավունքի բնագավառում վերջին տասնամյակների ընթացքում ակտիվորեն մշակվող, այսպես կոչված, «անջատում հանուն փրկության» (remedial secession) դոկտրինը: Այո, իբրև հավելյալ դիվանագիտական փաստարկ, շատ էլ տեղին է, բայց երբ թշնամին արդեն գլխատել է քո զինվորներին, երբ սպանել է քո երեխաներին ու ծերերին ու դիակապտության անժխտելի փաստեր թողել մարտի դաշտում, ռազմավարությունդ պիտի համարժեք լինի, ոչ թե քեզ տանի տեսական հաղթանակների դաշտեր: Ինչ-որ տեղ՝ ժամանակի ու տարածության մեջ: Աշխարհը գործառնում է փաստերով, ոչ թե տեսական հնարավորություններով: Որպեսզի աշխարհը սկսի համարժեք գնահատել Հայաստանի ու Արցախի կամքը, պետք է դուրս գալ Մոսկվայի ձգողականության դաշտից: Իսկ որ ԼՂՀ ճանաչումը Մոսկվայի պլանների մեջ չի մտնում, վկայեց ՌԴ նախագահի մամլո քարտուղարի ակնթարթային արձագանքը, որ իրենք տեղյակ չեն ոչնչից ու հարցը Մոսկվայի հետ չի քննարկվել, ամրապնդեց Լավրովն ինքը, որ այդ իրավիճակում իր միակ խնդիրը համարեց Բաքվին հանգստացնելը, թե հայերը դուրս չեն գա պայմանավորվածությունների շրջանակից, չվախենաք:

Ի՞նչ պայմանավորվածություններ են, ուրեմն, եղել: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանին այդպես տագնապել է Մարկ Թոները, ով-ով, ինքը փայլուն գիտի հրապարակային ու իրական քաղաքականության տարբերությունները՝ մեկ, և երկրորդ՝ Թոները վաղը նույն հաջողությամբ կարող է այլ հայտարարություն անել՝ ելնելով իրադարձությունների զարգացումից, եթե Վաշինգտոնը տեսնի, որ Երևանը շեղվել է Մոսկվայի պլանից: Եվ՝ երրորդ՝ այս պատերազմը հիբրիդային է ու ռազմականից պակաս կարևոր բաղադրիչ չէ հոգեբանական հարձակումը: Բաքուն այսօր ադրբեջանցիների ոգին բարձրացնում է Ղարաբաղում իր «ջախջախիչ հաղթանակով», թեպետ չի կարողանում բացատրել, թե ում և որտեղ է ջախջախել: «Հաղթանակի» էյֆորիայի մեջ այդ մանրամասները կորչում են դեռ: Հայաստանում քաղաքական ու տեղեկատվական դաշտը, հակառակը, խորանում է մանրամասների մեջ ու անտեսում գլխավորը՝ Բաքուն պարտվել է բոլոր առումներով: Ռազմական խնդիրները չլուծեց՝ մեկ, դեռ մարտին Ալիևը Վաշինգտոնում հրաժարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հանդիպել, այսօր Մամեդյարովը համարյա ցնծության արցունքն աչքերին ասում է, որ առաջիկայում եվրոպական ինչ-որ մայրաքաղաքում նրանց հանդիպելու է: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն էլ հաստատում է, որ առաջիկայում հանդիպում է նախապատրաստվում, բայց չի ճշտում ժամկետն ու ձևաչափը։

Ու՝ ի՞նչը շարժման մեջ դրեց համատարած «ոչ»-ի մեջ ինքնամեկուսացած Բաքվին: Ի՞նչը ստիպեց բանակցելու պատրաստակամություն հայտնել: Իսկապես խուճապը, որ Հայաստանը կճանաչի ԼՂՀ-ն և չի լինի միակ երկիրը: Ու հիմա առաջին նախագահը հրապարակավ դրվատում ու կոչ է անում դիվանագիտական հետքայլ անել՝ վախեցնելով ռազմական հետևանքներից: Բայց այդ հետևանքները արդեն կան ու հետևանք չեն լինելու ԼՂՀ ճանաչման կամ ԼՂՀ չճանաչումը չի կանխելու, եթե Ալիևը որոշի արկածախնդրությանը տրվել ամբողջովին՝ վտանգելով նաև իր իշխանությունը: Սա մեծ, չափազանց մեծ խաղ է, որտեղ Հայաստանն իրավունք չունի անկապ զինաթափվել: Տարածաշրջանի խաղաղությունը կամ պատերազմը այլևս միայն Մոսկվան չի որոշելու՝ սա է գլխավորը, որից պետք է օգտվել, ոչ թե Գոգոլի Չիչիկովի պես ոչինչ չանել՝ հանկարծ մի բան դուրս չգա՝ սկզբունքով: Կուռ, տրամաբանված ու հրաշալի մտածողություն ունի ՀՀ առաջին նախագահը, բայց՝ երեկվա օրվա մեջ, այսօրը նոր մտածողություն ու նոր ելքեր է պահանջում՝ հին զենքերը չեն աշխատում, նորի ճանապարհը փակել չի կարելի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԼՂՀ ճանաչման օրինագիծը չի կարող և չպետք է հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրն ունենա խորհրդարանում: Բովանդակային առումով համեմատությունը գուցե համարժեք չէ, բայց փաստացի նույն սկզբունքն է՝ սպասենք ուրիշները վավերացնեն, սպասենք՝ ուրիշները ճանաչեն՝ հետո մենք: Իսկ ո՞վ է, ի վերջո, տերը: Ո՞վ է հարցի լուծման նախանձախնդիրը: Ինչքա՞ն պիտի Հայաստանը շախմատ խաղա սևերով՝ իրեն վերապահելով միայն պատասխան խաղի իրավունք: Սևերով էլ հաղթում են, սպիտակներն էլ պարտվում են: Շախմատում: Բայց քաղաքականության մեջ ամեն ինչ շախմատի հետ չի նույնանում: Խաղն ու կյանքը տարբեր են, ժամանակն է գործելու:

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ