ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի հանդիպումը

Լևոն Տեր-Պետրոսյանի և Բակո Սահակյանի հանդիպումը
04.05.2016 | 01:38

Երեքշաբթի օրը Ստեփանակերտում կայացավ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը: Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող հարցեր: Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում: Մոտ մեկ ժամ տևած առանձնազրույցին Տեր-Պետրոսյանի հետ Ղարաբաղ մեկնած Հայաստանի Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը չի մասնակցել, լրագրողներին հայտնեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: Նա փոխանցեց, որ Հայաստանի առաջին նախագահը Ստեփանակերտում հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահի, վարչապետի, պաշտպանության բանակի ղեկավարության հետ, այդ հանդիպումներին Արարքցյանը մասնակցել է: Բակո Սահակյանի հետ առանձնազրույցից հետո «Ազատության» հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկել, Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց. «Գիտեք այսօրվա մեզ հուզող բոլոր հարցերը, բնականաբար՝ էդ հարցերի շուրջ էին խոսակցությունները: Գիտեք նաև և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների մտահոգությունները, հաստատակամությունը, վստահությունը: Էնպես որ, ես կարծում եմ՝ իշխանությունները հանգիստ, զուսպ անում են այն, ինչ պահանջում է այսօրվա իրավիճակը»: Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասել է, որ Բակո Սահակյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպմանը «տարբեր խնդիրներ են քննարկվել, իհարկե, առանձնակի շեշտադրում է եղել վերջին զարգացումներին, հատկապես՝ ապրիլի 2-5-ի պատերազմի ընթացքին և դրա հետևանքներին»: «Նախագահ Սահակյանը կարևորել է մեր համախմբվածությունը, ընդգծելով, որ հենց հայրենիքի համախմբվածությունը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հանդիսանում է մեր բոլոր հաղթանակների հիմքը»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Դիտվել է՝ 2272

Մեկնաբանություններ