ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

«Թող գալիք սերունդները միայն գրքերից իմանան ցեղասպանությունների մասին»

«Թող գալիք սերունդները միայն գրքերից իմանան ցեղասպանությունների մասին»
25.04.2016 | 12:59

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երկրորդ գլոբալ ֆորումում հնչեցին բազմաթիվ տեսակետներ և հայտարարություններ, որոնք դեռ պետք է վերլուծվեն և գնահատվեն: Ապրիլյան իրադարձությունների պարտադրանքով՝ ֆորումը դարձավ հարթակ, որտեղ քննարկվում էր ոչ միայն ցեղասպանությունը իբրև մարդկության դեմ հանցագործություն, որ պարտադիր հարուցում է փախստականների հարց, այլև մերօրյա ցեղասպանությունների շարունակումը կանխելու անհրաժեշտությունը:

Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ֆորումում ելույթ ունենալով՝ արձանագրեց, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» հերթական գլոբալ ֆորումի անցկացումը վկայում է, որ ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ մեծագույն եւ ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի: Աշխարհը դեռեւս պարտք ու ասելիք ունի այդ հանցագործության վկաներին` նախեւառաջ հայոց ցեղասպանությունը վերապրածներին, հոգու եւ սրտի ասելիք, արդարության ու ճշմարտության պարտք: «Անկախ նրանից, թե ինչ տեսքով եւ որ` իրավական, թե բարոյական դաշտում պետք է վերադարձվի այդ պարտքը, անկախ նրանից, թե որտեղ եւ ինչ լեզվով պետք է հնչի հոգու եւ սրտի խոսքը, միեւնույն է, արդարությունը պահանջում է, ժամանակը` պարտադրում»՝ նշեց Աժ փոխնախագահը:


Նրա գնահատականով՝ ցեղասպանության վկաները կենդանի հիշողություն են` կապված առաջին հերթին 1915-ի հայոց ցեղասպանության անպատժելիությունից ծնված հաջորդ`Հոլոքոստի, Ռուանդայի, Դարֆուրի, հիմա նաև՝ Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող ցեղասպանությունների հետ, եւ կենդանի հիշեցում` ցեղասպանությունների անթույլատրելիության ու պատժի անխուսափելիության մասին: «Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված եւ իրականացված ցեղասպանությունից հրաշքով փրկված, բռնի տեղահանված մեր հայրենակիցները, ցեղասպանությանը զոհ գնացած անմեղ նահատակների սերունդներն այսօր ապրում են բոլոր մայրցամաքներում՝ որպես տարբեր երկրների քաղաքացիներ` ԱՄՆ-ից Կանադա, Բրազիլիայից Արգենտինա եւ Ուրուգվայ, Իտալիայից մինչեւ Ռուսաստան եւ Հնդկաստան, Ֆրանսիայից մինչեւ Ավստրալիա եւ Սինգապուր, Եգիպտոսից մինչեւ Երուսաղեմ ու Քուվեյթ, Սիրիայից մինչեւ Իրան եւ Իրաք ու այլուր: Մինչդեռ նրանք պիտի ապրեին իրենց ծննդավայրում՝ սեփական հողի վրա, 1915 թվականին իրենց եւ բախտակից ժողովուրդների` ասորիների, եզդիների, հույների հանդեպ իրականացված ցեղասպանության հետեւանքով նրանք զրկվեցին հայրենիքից: Ցեղասպանության վկաների հիշողության դաշտն աստիճանաբար ավելի ընդգրկուն է դառնում` շնորհիվ այն երկրների ու կառույցների, որոնք քաղաքական ու քաղաքացիական խիզախություն եւ պատասխանատվություն են դրսեւորում` ճանաչելով եւ դատապարտելով հայոց ցեղասպանությունը, որոնք գիտակցում են, որ 20-րդ դարասկզբին մարդկության դեմ իրագործված մեծագույն հանցագործության չդատապարտումով ճանապարհ է բացվում նոր ցեղասպանությունների համար: Ցեղասպանության` որպես մարդկության դեմ հանցագործության դատապարտումը պետք է դառնա պարտք ու պատասխանատվություն քաղաքակիրթ մարդկության համար, բայց նախևառաջ՝ Թուրքիայի, որ այսօր նույն ձեռագրով փորձում է լուծել քրդերի հարցերը»:


Հերմինե Նաղդալյանն անդրադարձավ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային. «Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով՝ Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով փոխել ստատուս քվոն տարածաշրջանում, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ի՞նչ ստացվեց՝ հայտնի է բոլորին: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց իր բլից կրիգը, այլև՝ ձախողվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում: Նաև հասցրեց ժամանակի մեջ չփոխվող իր «ստորագրությունը» թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով էր տիրել: Ադրբեջանական բանակի եւ նրա կազմում կռվող վարձկանների ձեռքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական բնակչության, այդ թվում` երեխաների ու ծերերի սպանությունը, ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների խոշտանգումներն ու անարգումները, ընդհուպ մինչեւ անդամահատում: Սա ձեռագիր է, որն անպատժելիությունից ոգեւորված, սկիզբ է առնում 1915-ից` Օսմանյան Թուրքիայից եւ շարունակվում մեր օրերում: Ադրբեջանն իրեն հավասար հարթության մեջ դրեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը»:


Անցյալ տարի համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցին միլիոն ու կես նահատակների սրբադասեց և արդեն այս տարի ամբողջ աշխարհի հայ առաքելական եկեղեցիներում ապրիլի 24-ին չհնչեց հիշատակի պատարագ, այ կատարվեց է բարեփոխոսության աղոթք: Հերմինե Նաղդալյանի գնահատմամբ՝ դա ոչ միայն եկեղեցական ծիսակատարության փոփոխություն է. «Ամենակարևոր ձեռքբերումը՝ մենք դադարել ենք հայոց ցեղասպանությանը վերաբերվել որպես ողբերգություն, որ մեզ ստիպում է ապրել սպանվածի, բռնաբարվածի ու կողոպտվածի, ունեզրկվածի բարդույթով: Հայաստանի Հանրապետությունը, որ այս տարի սեպտեմբերին նշելու է իր անկախության 25 տարին, այլևս պետական մակարդակով հնարավորություն տվեց խոսել պահանջատիրության մասին, հնարավորություն տվեց հաղթահարել ցեղասպանվածի բարդույթը ու խոսել վերածնվածի ձայնով: Ու դա լավագույն պատասխանն է անցյալ, ներկա ու ապագա բոլոր թալեաթներին, էնվերներին ու ջեմալներին»:


Նա անդրադաձավ աշխարհի բոլոր ցեղասպանությունների պարտադիր հետևանք՝ փախստականներին խնդրին՝ արձանագրելով. «Ո՞վ, եթե ոչ հայերս իրական ասելիք ունենք այս թեմայով: Հարյուր տարի ու ավելի: Եվ ես չեմ կարող չանդրադառնալ Սիրիայի պատերազմից հայրենիքում ապաստանած մեր հայրենակիցներին: Նրանք, որ հարյուր տարի առաջվա ցեղասպանության վերապրածների ժառանգներն էին, հարկադրված էին նորից գաղթել՝ թողնելով իրենց երկրորդ հայրենիք դարձած Սիրիան, տունն ու աշխատանքը, շատերը՝ հարազատներին, ու ապաստան որոնել Հայաստանում: Երբ սիրիական պատերազմի անմիջական մասնակից Թուրքիան Եվրամիության հետ քաղաքական առևտրի ու շանտաժի հարց է դարձնում փախստականներին, հազար անգամ նվազ հնարավորություններ ունեցող Հայաստանը ընդունում ու առանց բարձրագոչ հայտարարությունների հնարավորինս բնակարանով ու աշխատանքով ապահովում է՝ նրանց համարելով ոչ թե փախստական, այլ՝ հայրենակից, յուրային, հարազատ, որ դժվարին վիճակում է»:


Ելույթն ավարտելիս՝ Աժ փոխնախագահը հիշեցրեց անցյալ տարի հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում ընդունված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը՝ «իրապես համահայկական փաստաթուղթ, որ ոչ միայն ամփոփում էր անցած հարյուրամյակում ցեղասպանության գիտակցման, ճանաչման ու դատապարտման անցած ճանապարհը, այլև ձևակերպում էր մեր անելիքները: Տարողունակ ու համապարփակ այդ փաստաթղթին անդրադառնալով՝ մենք այսօր կարող ենք փաստել, որ շարժվել ենք համահայկական Հռչակագրի ուղենիշներով ու ունենք հաջողություններ: Նշեմ միայն, որ Հայաստանի շնորհիվ ՄԱԿ-ում դեկտեմբերի 9-ը ամրագրվեց ցեղասպանությունների դեմ կանխարգելման և ցեղասպանության զոհերի իրավունքների պաշտպանության միջազգային օր: Բայց ճանապարհը շարունակվում է և կարևորագույն հարցերը դեռ սպասում են իրենց լուծման ժամանակին: Ուստի, ևս մեկ անգամ վերահաստատենք ՝ մենք տերն ենք «Հիշում եմ պահանջում» կարգախոսի, հանուն առավել հզոր Հայրենիքի` ազատ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության, անկախ Արցախի առաջընթացի ու զորացման, աշխարհասփյուռ հայության գործուն համախմբման, համայն հայության դարավոր նվիրական նպատակների իրականացման: Ես վստահ եմ, որ մանուշակագույն մեր անմոռուկներն աշխարհին այսօր ասում են ավելին, քան՝ անցած տարի, և եկող տարի ասելու են ավելին՝ քան հիմա, որովհետև մենք բոլորս համատեղ անում ենք մի կարևոր աշխատանք, որի արդյունքները ավելի տեսանելի է դարձնելու ժամանակը: Շնորհակալ եմ ֆորումի բոլոր մասնակիցներին և հավարտ ուզում եմ բոլորիս անունից բարձրաձայնել ՝ «Հիշում եմ և պահանջում», բարձրաձայնել «Այլևս երբեք»՝ վստահ, որ սրանք միայն կարգախոսներ չեն, այլ անցյալի ու ապագայի պատմություն: Ես շատ եմ ուզում, որ ինչպես ՀՀ նախագահն ասաց՝ գալիք սերունդները միայն գրքերից իմանան ցեղասպանությունների մասին»:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ եզրափակելով «Ավրորա» մրցանակաբաշխությունը՝ Ջորջ Քլունին շատ անկեղծ ասաց. «Մենք պատվում ենք այն 1.5 մլն կյանքերը, որոնք նահատակվեցին 101 տարի առաջ` ողբերգությունը իր անվամբ կոչելով` ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հիտլերն ասել էր` «Ո՞վ է հիշում այսօր հայերին»: Ահա պատասխանը` ամբողջ աշխարհը, ահա թե ով»: Բայց Ջորջ Քլունին չասաց ու չէր էլ ասելու, թե հիշելուց հետո աշխարհը ե՞րբ է սկսելու պահանջել: «Հիշում եմ և պահանջում եմ»-ը այսօր դեռ մեր խնդիրն է, բայց կլուծվի, երբ դառնա սկզբունքային հարց միջազգային ասպարեզում՝ ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համակարգում:

Դիտվել է՝ 996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ