Դենվեր – 2016թ-ի Ապրիլի 22-ին, Ուրբաթ օրը, ողջ Կոլորադոյից համայնքի անդամներն ու ակտիվիստները կմիանան Կոլորադոյի Նահանգային Օրենսդիրներին, Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան Շրջանի ներկայացուցիչներին և Կոլորադոյի Հայեր կազմակերպությանը` ոգեկոչելու Հայոց Ցեղասպանության 100+1 ամյա տարելիցը Դենվերում գտնվող նահանգի Կապիտոլիումում: Նույն օրը, Հայ Դատի հանձնախումբը կանցկացնի Կոլորադոյում Հայ Դատի օր նախաձեռնությունը, որը հնարավորություն կընձեռի համայնքի անդամներին հանդիպելու նահանգի օրենսդիրներին և մասնակցելու խորհրդարանի շենքում նախատեսված ձեռնարկներին: «Ուրախ ենք, որ նման հարթակ ենք առաջարկում Կոլորադոյի մեր հաստատուն համայնքին` նրանց համար անմիջական կապ ստեղծելով իրենց ներկայացուցիչների հետ: Արցախի անվտանգության հարցը, և Ալիևի շարունակվող անվերահսկելի ատելությունն ու պատերազմի մղումը որպես առաջնահերթություն ունենալով, այժմ քան երբևէ չափազանց կարևոր է, որ խաղաղության ձայները Ադրբեջանին հաշվետու դարձնեն պատերազմում գործած հանցագործությունների և հրադադարի շարունակական խախտման համար», հայտնել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան Շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: «Մեր նախաձեռնած Հայ Դատի Օրը ձեռնարկի նպատակն է տեղեկացնել մեր օրենսդիրներին ամերիկահայ համայնքի համար կարևորություն ունեցող հարցերի մասին, միաժամանակ` լիցքավորել մեր ակտիվ անդամներին: Նրանք կվերադառնան իրենց տեղային համայնքներ լավագույնս տեղեկացված և նոր հմտություններով, մնալով ներգրավված քաղաքական հարցերում` հետամուտ լինելու մեր հավաքական հարցին և մեր համայնքների զարգացմանը: Մենք խրախուսում ենք նահանգում մեր համայնքի բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչներին արձանագրվելու և միանալու Հայոց Ցեղասպանության 100+1 ամյակի ոգեկոչման արարողություններին, և Հայ Դատը ներկայացնելու Կոլորադոյի նահանգային խորհրդարանում», հավելել է Ասատրյանը: Օրվա ձեռնարկների ընթացքում տեղի կունենան քննարկումներ համայնքի հետ, Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողություններ Ներկայացուցիչների Տանը և Ծերակույտում, հանդիպումներ օրենսդիրների և անձնակազմի աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում, Հայ Դատի Օրվա մասնակիցներն իրենց ներկայացուցիչներին կտեղեկացնեն Արցախի մասին, կպատմեն Կոլորադոյի պատմության հպարտ էջերից մեկի մասին, երբ օգնություն է ցուցաբերվել Հայոց Ցեղասպանության ընթացքում բնաջնջվող հայերին, և կներկայացնեն ամերիկահայ համայնքին հետաքրքրող հարցեր, այդ թվում` Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված պատերազմական ավերիչ հանցագործությունների, և Արցախի ինքնորոշան իրավունքի մասին: Համայնքը կարող է արձանագրվել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արևմտյան Շրջանի կայքում: Առավել մանրամասների համար կարելի է գրել հետևյալ էլ. փոստին` simon@ancawr.org, կամ զանգահարել 818.862.26.22 հեռախոսահամարին: Հաջորդող Կիրակի օրը, Ապրիլի 24ին, Հայոց Ցեղասպանության 100+1 ամյակի ոգեկոչման արարողություն տեղի կունենա Կոլորադոյի Նահանգային Խորհրդարանի Հիշողությունների Այգում ժամը 12.30ին, ինչին կհետևի Հայ Առաքելական եկեղեցու երկու աթոռների համատեղ արարողությունը Դենվերի Ֆըրսթ Բափթիստ եկեղեցում: 1982թ-ից սկսած, Կոլորադոյի Հայեր կազմակերպությունն ամեն տարի անցկացրել է զոհերի ոգեկոչման արարողություն խորհրդարանի տարածքում: «Անցյալ տարի կայացած 100 ամյակի ոգեկոչման ձեռնարկին, նահանգապետ Ջոն Հիքենլուփերը միացավ Կոլորադոյի Հայեր կազմակերպության ղեկավարներին և համայնքին` մասնակցելով առաջին անգամ Ամերիկայի խորհրդարանի շենքում տեղադրվող խաչքարի բացմանն ի հիշատակ մարդկության դեմ իրականացված բոլոր հանցագործությունների զոհերի: Խաչքարը, Ադրբեջանի կողմից 2005թ-ին Ջուլֆայում ոչնչացված միջնադարյան 2000 տապանաքարերից մեկի կրկնօրինակն է: Ցավոք, այս տարվա ոգեկոչման արարողությունը ներառելու է նոր զոհերի, որոնք են ԼՂՀ Թալիշ քաղաքի տարեց հայ քաղաքացիները, ում դեմ ադրբեջանական ուժերը իրականացրել են պատերազմական հանցագործություն` 2016թ-ի Ապրիլին տեղի ունեցած չորսօրյա պատերազմի ժամանակ», նշել է Կոլորադոյի Հայերի կազմակերպության նախագահ Սոնա Հադեշյանը: Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի մասին առավել տեղեկությունների համար այցելեք մեր կայք` ancawr.org , կամ հետևեք մեզ Ֆեյսբուքում` ANCA Western Region, Ինսթագրամում և Թուիթերում` ANCA_WR: Հայ Դատի Հանձնախմբի Արևմտյան Շրջանը, ամենամեծ և ամենաազդեցիկ կազմակերպությունն է Արևմտյան Ամերիկայում: Համագործակցելով ցանցային գրասենյակների, մասնաճյուղերի, աջակիցների ու համախոհ կազմակերպությունների հետ, Հայ Դատի հանձնախումբը ողջ երկրում արծարծում է ամերիկահայ համայնքի շահերը բազմաթիվ հարցերի շուրջ: