Այսօր ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, իրավաբան Կարեն Վարդանյանին սպանել են, իսկ դին թաքցրել ավտոտնակում: Մինչ այս ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է 1982 թ. ծնված Կարեն Վարդանյանը, որը մարտի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններ մեկշաբաթյա գործուղում մեկնելու նպատակով դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Մարտի 30-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի (Սպանություն) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, ՊՊԾ գնդի և ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում՝ մարտի 31-ին, ժամը 23.40-ին, Երևանի Տիգրան Մեծի և Երվանդ Քոչարի փողոցների խաչմերուկից, սպանություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման են ենթարկվել 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը, 35-ամյա Ա. Զ.-ն, 27-ամյա Հ. Վ.-ն, 56-ամյա Ա. Դ.-ն, իսկ ժամը 23.55-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղից բերման է ենթարկվել 43-ամյա Արթուր Միհրանյանը:
«Պարզվել է, որ մարտի 17-ին բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել և սպանել Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը, որից հետո Կարեն Վարդանյանի դին թաքցրել են Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Արթուր Միհրանյանը և Գևորգ Զոհրաբյանը ձերբակալված են: Քննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հայտարարությունում:
Հավելենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոանիսյանն օրերս հայտարարել էր, որ Կարեն Վարդանյանը մի քանի օրով անձնական բիզնես գործերով ուզում էր գնալ Դուբայ: «Մեկնելուց մի քանի օր հետո պարզվում է, որ ինքը նախկինում իր բնակարանը գրանցել է հարևանի անունով, որը շահել էր Կարենի վստահությունը: Կարենը 300000 դրամի չափով կալանքի խնդիր ուներ, որ այդ կալանքը բնակարանի վրա չտարածվեր, Կարենի անունից բնակարանի նվիրատվություն է ձևակերպվել հարևանի անունով, հարևանն էլ 22-ամյա երիտասարդ է: Կարենի մեկնելուց երկու օր հետո հարևանը գալիս ու Կարենի իրերը հանում է տնից՝ հայտարարելով, որ բնակարանը վերավաճառել է այլ անձի: Կարենը չի վերադառնում, չի պատասխանում ոչ մի գրածի, roaming-ում այդպես էլ չգրանցվեց: Կասկածում ենք, որ թրաֆիքինգ է եղել, որովհետև Կարենը բավականին միամիտ էր ու իրեն խաբելն այնքան էլ դժվար գործ չէր, թեև իրավաբանորեն գրագետ մարդ էր: Համոզված եմ, որ խարդախությունն առկա է, որովհետև նախկինում էլ էր խարդախության զոհ եղել: Իր հետ նույն տանը բնակվող ընկերն էլ վերջին անգամ Կարենին տեսել է օդանավակայան ճանապարհելիս»,-Aravot.am-ին հայտնել է Իոանիսյանը:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ