ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015-ի ամփոփիչ մամլո ասուլիսում

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը 2015-ի ամփոփիչ մամլո ասուլիսում
02.02.2016 | 21:59

2015-ին արտաքին գործերի նախարարությունը նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և հանձնարարականների հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված երկրի արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, պետության զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, արտերկրում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերին համահունչ նախաձեռնությունների իրականացմանը, արտերկրում մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայկական դիվանագիտությունը շարունակել է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, միջազգային իրազեկվածության բարձրացման, ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղություններով:
2015-ին դիվանագիտական ներկայացուցչությունների ջանքերով կամ մասնակցությամբ հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել ողջ աշխարհում:
Տարին նշանավորվել է մի շարք պետությունների ղեկավարների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հատուկ հայտարարությունների և բանաձևերի ընդունմամբ:
Առանձնահատուկ կարևորություն է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոս I-ի՝ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում անցկացրած հատուկ պատարագը և նրա կարևորագույն ուղերձը, ինչը համաշխարհային հնչեղություն է ստացել:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում միջոցառումներին մասնակցել են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի, Սերբիայի նախագահները, մի քանի տասնյակ երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ։ Մի շարք պետությունների ղեկավարներ իրենց երկրներում մասնակցել են Մեծ եղեռնի հիշատակի միջոցառումներին։
Արտգործնախարարությունն իր կարևոր ներդրումն է ունեցել ապրիլի 22-23-ին Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման և անցկացման աշխատանքներում։
Հայաստանի նախաձեռնությամբ մարտի 27-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որը վերահաստատում է, որ ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերը հանդիսանում են կանխարգելմանն ուղղված քայլերի լուրջ խոչընդոտ: Բանաձևով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային նաև առաջարկվել է «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման» կոնվենցիայի ընդունման օրը՝ դեկտեմբերի 9-ը, սահմանել որպես ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր, ինչը և հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևով:
Աշխարհի բոլոր մայր ցամաքներում հեղինակավոր լրատվամիջոցները հզոր տեղեկատվական և իրազեկման ալիք են բարձրացրել, հազարավոր հրապարակումներ և հաղորդումներ են եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
2015-ին Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Նոր թափ են ստացել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ու Արցախ-Ադրբեջան շփման գծում, այդ թվում՝ մեծ տրամաչափի զինատեսակների կիրառմամբ, ինչը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, ներառյալ քաղաքացիական բնակչության շրջանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարվա ընթացքում իրենց հրապարակային հայտարարություններում հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ չսրելու իրավիճակը հակամարտության գոտում, վերահաստատելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, իրականացնելու վստահության ամրապնդման միջոցներ, ընդունելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, զերծ մնալու բանակցային միակ ձևաչափ հանդիսացող Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերը քննադատելուց և հարգելու նրանց մանդատն ու ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը, դադարեցնելու բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը։
Ադրբեջանն արհամարհել է համանախագահների՝ իրեն ուղղված վերոհիշյալ կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրմանը, ինչի պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման միջոցների վերաբերյալ միջազգային հանրության աջակցությունը վայելող եռանախագահների առաջարկություններն իրականություն դարձնելու գործում:
Դեկտեմբերի 19-ին շուրջ մեկ տարվա դադարից հետո Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ադրբեջանի կողմից հակամարտության գոտում իրավիճակի սրման պայմաններում գագաթնաժողովի օրակարգը կենտրոնացած էր լարվածության նվազեցման վրա: Հանդիպումը կրկին ցույց տվեց, որ Ադրբեջանի դիրքորոշումը հակասում է ոչ միայն Հայաստանի, այլև համանախագահների մոտեցումներին:
2015-ի հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար` այդ ինտեգրացիոն ձևաչափում բարենպաստ պայմաններ ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման տեսանկյունից։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերին ընդունված որոշման համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2016-ի փետրվարից չորս տարի ժամկետով կնախագահի Հայաստանի կողմից առաջադրված Տիգրան Սարգսյանը:
2015-ի սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը՝ շարունակելով հանդես գալ այդ կառույցում որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից։ Մոսկվայում դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահի գլխավորությամբ կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Կառույցում Հայաստանի նախագահության ընթացքում՝ սեպտեմբերին Նյու Յորքում, իսկ դեկտեմբերին Բելգրադում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումները՝ նվիրված արտաքին քաղաքականության համադրման հարցերին։
ՌԴ-ի հետ դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդումը շարունակել է առանցքային տեղ զբաղեցնել արտաքին քաղաքականության օրակարգում: Երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մոտ մեկ տասնյակ հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում: Տարվա ընթացքում շարունակվել են ինտենսիվ փոխայցելություններն ու հանդիպումները խորհրդարանների ղեկավարների, վարչապետների, արտգործնախարարների, ճյուղային գերատեսչությունների ղեկավարների մակարդակներով։ Տեղի են ունեցել միջկառավարական, միջխորհրդարանական, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովների նիստերը, Երևանում կայացել է Հայ-ռուսական չորրորդ միջտարածաշրջանային համաժողովը։
Շարունակել է ակտիվորեն զարգանալ բարեկամական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ: Մայիսի 5-7-ին կայացել է ՀՀ նախագահի այցը ԱՄՆ: Նախագահը ներկա է գտնվել Վաշինգտոնի ազգային մայր տաճարում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը, որին մասնակցել է նաև ԱՄՆ փոխնախագահը:
Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման պայմանավորվածությունը: Մայիսի 7-ին ստորագրվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:
ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է շարունակել զբաղեցնել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։
Նախագահ Սարգսյանը մայիսին մասնակցել է Ռիգայում Արևելյան գործընկերության չորրորդ գագաթնաժողովին: Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկն այցելել է Հայաստան: Հունվարին ԵՄ կենտրոնակայանում կայացել է Հայաստան - Եվրոպական միություն խորհրդի նիստը։
Ապրիլին Հայաստանի ԱԳ նախարարը Լյուքսեմբուրգում մասնակցել է ԵՄ և Արևելյան գործընկերության արտգործնախարարների, մայիսին՝ Բրատիսլավայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների հանդիպումներին, հունիսին` Մինսկում, և նոյեմբերին` Թբիլիսիում Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումներին:
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ԱԳ նախարարը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն ազդարարել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։
Բարձր մակարդակի փոխայցելություններ և հանդիպումներ են եղել եվրոպական երկրներում՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իտալիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Չեխիա և այլն:
Նշանակալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
Վրաստան են այցելել ՀՀ նախագահը, վարչապետը։ Փոխայցելություններ են կատարել խորհրդարանների ղեկավարները։ Կայացել են հայ-վրացական տարբեր մակարդակների շուրջ երկու տասնյակ փոխայցելություններ և հանդիպումներ:
Տարին բավական ակտիվ է եղել Իրանի հետ երկկողմ բարձրաստիճան այցերի առումով: Առաջընթաց է արձանագրվել առևտրատնտեսական փոխգործակցության բնագավառում, Թեհրանում և Երևանում անցկացվել են հայ-իրանական գործարար համաժողովներ:
Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի արձանագրվել: Փետրվարի 16-ին նախագահ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:
Հայաստանը գործնական մասնակցություն է ունեցել ԱՊՀ կառույցներում ծավալվող գործընթացներին, քայլեր է ձեռնարկել ԱՊՀ մասնակից պետությունների հետ ձևավորված ավանդական կապերի զարգացման նպատակով:
Հայաստանը շարունակել է ընդլայնել հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ։
Մարտին կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան։ Նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպմանը կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ընդունվել է նախագահների համատեղ հռչակագիր, ստորագրվել են շուրջ մեկ տասնյակ փաստաթղթեր։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Չինաստան, որի ընթացքում կայացել է հանդիպում Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանի հետ։
Զարգացել են հարաբերությունները Ճապոնիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի հետ:
Հունվարի 1-ից Երևանում սկսել է գործել Ճապոնիայի դեսպանությունը: Հայաստան է այցելել Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարարը:
Հոկտեմբերին տեղի է ունեցել Ինդոնեզիայի առաջին պաշտոնական պատվիրակության այցը Հայաստան՝ խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորությամբ։
Աշխատանքներ են տարվել արաբական ավանդական բարեկամ պետությունների հետ փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Օրակարգում շարունակել են առանցքային տեղ զբաղեցնել սիրիահայության անվտանգության, սիրիահայությանը օժանդակություն ցուցաբերելու, Սիրիայի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը: Միջազգային տարբեր հարթակներում Հայաստանը հետևողականորեն բարձրացրել է Մերձավոր Արևելքում ծայրահեղականների կողմից բռնությունների հետևանքով ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման խնդիրը, շեշտել պաշտպանության նպատակով և ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերը միավորելու կարևորությունը։
Հայաստանը քայլեր է ձեռնարկել լատինաամերիկյան պետությունների հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:
Տարբեր ծրագրերի շրջանակներում շարունակվել է փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ։
Հայաստանն իր նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացին։ Սեպտեմբերին ՀՀ նախագահը մասնակցել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած խաղաղապահության հարցերով գագաթնաժողովին։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:
Հայաստանը շարունակել է ակտիվ աշխատանքները ՄԱԿ-ի կառույցներում: Մեծ ուշադրություն է հատկացվել ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՍԾՏՀ-ում, միջազգային և տարածաշրջանային այլ կառույցներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը։
2015-ին Հայաստանը եղել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ամենաակտիվ անդամներից մեկը: Հոկտեմբերի 10-11-ին Երևանում անցկացվել է Ֆրանկոֆոնիայի արտգործնախարարների 31-րդ համաժողովը, որին մասնակցել են անդամ և դիտորդ 80 երկրների 500 ներկայացուցիչներ:
Հոկտեմբերի 24-25-ին Երևանում անցկացվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) շրջանավարտների 3-րդ միջազգային համաժողովը, որին մասնակցել են 40 երկրներից Հայաստան ժամանած 400-ից ավելի շրջանավարտներ:
Ջանքեր են գործադրվել միջազգային տնտեսական կառույցների և ֆինանսական հաստատությունների հետ կապերի զարգացման, տարբեր պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, հայկական արտադրանքի արտահանման համար նոր շուկաների բացահայտման, օտարերկրյա ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական և զբոսաշրջային հնարավորությունների ներկայացման ուղղություններով: Նախաձեռնվել և անցկացվել են տարբեր պետությունների հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների նիստեր, գործարար ֆորումներ, հայկական արտադրանքի ցուցադրություններ:
ԱԳՆ-ն համակողմանի աջակցություն է ցուցաբերել տարբեր երկրների հետ միջխորհրդարանական կապերի զարգացմանը։ Կարևոր տեղ է հատկացվել ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքներին:
ՀՀ նախագահի՝ Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության վարման գործում պետական մարմինների գործունեությունը համակարգելու վերաբերյալ հրամանագրի համաձայն՝ արտաքին գործերի նախարարությունը համակարգել է Հայաստանի պետական կառավարման մարմինների արտաքին կապերը: Մեծ ուշադրություն է հատկացվել Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում սփյուռքի նախարարության նախաձեռնություններին։ Կարևոր աջակցություն է ցուցաբերվել մշակույթի նախարարության գործունեությանը՝ ուղղված հայկական մշակույթի ներկայացմանը, արտերկրում գտնվող հայկական մշակութային ժառանգության պահպանմանը և տարբեր պետությունների հետ մշակութային համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:
Արտաքին քաղաքական գերատեսչության ուշադրության կենտրոնում են եղել արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ճգնաժամային իրավիճակներում հայտնված քաղաքացիների օժանդակության հարցերը: Տարվա ընթացքում ԱԳՆ հյուպատոսական վարչության և հյուպատոսական հիմնարկների կողմից սպասարկվել է շուրջ 137000 քաղաքացի: Փոփոխություններ են կատարվել գործող իրավական ակտերում, որոնցով կանոնակարգվել և առավել դյուրացվել են քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունները: ԱԳՆ իրավասության շրջանակներում շարունակվել է աջակցության ցուցաբերումը սիրիահայերին, լիբանանահայերին և իրաքահայերին:
2015-ին ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են 80 իրավական ակտերի նախագծեր:
2015-ին ՀՀ նախագահը կատարել է 20 օտարերկրյա այց: Հայաստան է այցելել 4 պետության ղեկավար: ԱԺ նախագահը կատարել է 7 այցելություն, Հայաստան են ժամանել 7 երկրների խորհրդարանների նախագահներ, ՀՀ վարչապետը կատարել է 12 փոխայցելություն։ ԱԳ նախարարը կատարել է 34 օտարերկրյա այց, Հայաստան է այցելել 35 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:
Շարունակվել են աշխատանքները Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման, մեր երկրի հեղինակության ամրապնդման ուղղությամբ: ՀՀ նախագահը և արտաքին գործերի նախարարը մի քանի տասնյակ հարցազրույցներ են տվել աշխարհի հեղինակավոր լրատվամիջոցների, հրավիրել մամուլի ասուլիսներ, դասախոսություններ են կարդացել քաղաքագիտական կենտրոններում և համալսարաններում:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ