ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստ

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստ
22.01.2016 | 00:07


20-21 հունվարի, 2016 թ. Ստրասբուրգ
Եզրափակիչ հայտարարություն և առաջարկություններ


Համաձայն Գործընկերության և համագործակցության համաձայնագրի 83-րդ հոդվածի` Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը
1. ողջունում է 2015-ի դեկտեմբերի 7-ին ԵՄ-Հայաստան բարձր մակարդակի բանակցությունների մեկնարկը` նկատի ունենալով նոր` համապարփակ շրջանակային համաձայնագիրը, որը կներառի քաղաքական, տնտեսական և ոլորտային համագործակցությունը: Հիշեցնում է, որ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (ԽՀՀ) դեռևս 2015-ի մարտին առաջարկել էր օգտագործել մտքերի փոխանակության ընթացքում ձեռք բերված փորձը՝ հաստատելու համար իրավականորեն պարտավորեցնող համաձայնագրային նոր հիմք, որպեսզի այն փոխարինի 1999-ի Գործընկերության և համագործակցության հնացած համաձայնագրին,
2. վկայակոչում է Ասոցացման համաձայնագրի (ԽՀԱԱԳ) բանակցությունների ընթացքում կատարված աշխատանքը՝ հավատացած լինելով, որ այդ բանակցությունների տեխնիկական արդյունքը, որն այն ժամանակ ի պահ էր տրվել` հետագայում հղում կատարելու համար, կդյուրացնի ԵՄ-Հայաստան ներկայումս վերսկսված բանակցությունների արագ ավարտը,
3. ակնկալում է նոր պայմանագրում տեսնել իրավունքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հանդեպ հստակ ամրագրված հանձնառություն, որը պետք է լինի պայմանագրի անկյունաքարը: Այնուհետև ընդգծում է, որ հարգանքն այս ընդհանուր արժեքների հանդեպ կարող է միայն ընդլայնել և հետագայում դյուրացնել համագործակցությունը բոլոր այլ ոլորտներում, որոնք ենթադրվում է, որ պետք է լինեն պայմանագրում, սկսած էներգետիկայի, տրանսպորտի կամ բնապահպանության ոլորտներից մինչև ներդրումները և առևտուրը: Հիշեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ GSP+ արտոնյալ առևտրային սխեմայում, իր մոնիտորինգային բարեփոխված ընթացակարգում` ԵՄ ընդլայնված դերակատարմամբ,
4. կարծում է, որ նոր, հավակնոտ ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիրը համատեղելի է Արևելյան գործընկերության առաջանցիկ տարբերակման մոտեցման հետ` հաշվի առնելով վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը: Հիշեցնում է, որ քաղաքացիների շարժունակության ակտիվացումն անվտանգ և լավ կառավարվող միջավայրում մնում է Արևելյան գործընկերության հիմնական նպատակը և ողջունում է Հայաստանի կողմից Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրի՝ ընդհանուր առմամբ լավ իրականացումը: Ընդգծում է, որ շարունակական և կայուն առաջընթացը վճռորոշ է վիզաների ազատականացման շուրջ երկխոսության հետագա շարունակման համար,
5. ընդգծում է ապագա համաձայնագրում ուժեղ խորհրդարանական ձևաչափի ներառման անհրաժեշտությունը՝ խրախուսելով օրենսդիրներին մշակելու ընթացակարգեր, որոնք թույլ կտան իրենց պատշաճ կերպով տեղեկացված լինելու բանակցային գործընթացի ժամանակ և լիարժեք ներգրավված լինելու դրա հետագա իրականացման ու մշտադիտարկման հարցերում,
6. հիշեցնում է ԵՄ-Հայաստան Մարդու իրավունքների ամենամյա երկխոսության մեծ կարևորությունն ու արժեքը՝ որպես բացառիկ ձևաչափ, որը թույլ է տալիս կառուցողական կերպով ուշադրությունը կենտրոնացնել այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են հիմնարար ազատությունները, ներառյալ հավաքների և ժողովների ազատությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը, իրավունքի գերակայությունը, շարժունակությունը, դատաիրավական բարեփոխումները, կոռուպցիայի դեմ շարունակական պայքարը, զանգվածային լրատվամիջոցների ազատությունը և պայքարը խոշտանգումների և անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ,
7. ողջունում է ազգային օրենսդրությունը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիային համապատասխանեցնելուն ուղղված ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս նախաձեռնված զգալի ջանքերը և ակնկալում խոշտանգումներից խուսափելու և անպատժելիության դեմ պայքարելու համար ներկայումս քննարկվող օժանդակ միջոցների հետագա առաջընթաց: Ողջունում է նաև Դատական օրենսգրքի վերանայումը և դատական համակարգի անկախության ամրապնդումը, մասնավորապես` Արդարադատության խորհրդի, ինչը նախատեսվում է սահմանադրական փոփոխություններով և ինչին աջակցել է Վենետիկի հանձնաժողովը: Ընդգծում է ԵՄ-ի կողմից ողջ աշխարհում ICC (Միջազգային քրեական օրենսգրքի) վավերացմանը տրվող կարևորությունը,
8. հաշվի է առնում դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները՝ հիշեցնելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված առաջին և երկրորդ կարծիքները և 2015-ի դեկտեմբերի 10-ի ԵՄ հայտարարությունը, որը հորդորում էր իշխանություններին թափանցիկ և լիարժեք հետաքննել ընտրական կեղծիքների վերաբերյալ հայտարարությունները,
9. ընդգծում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտարկման առաքելության կողմից նախկինում ներկայացված և գոյություն ունեցող առաջարկությունների լիարժեք իրականացումը բանալի է ողջ ընտրական գործընթացի հանդեպ վստահության բարձրացման համար և ակնկալում է, որ անհրաժեշտ փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են Ընտրական օրենսգրքին, կընդունվեն մինչև 2017 թվականի համապետական ընտրությունները,
10. ընդունում է, որ տարիներ շարունակ հայաստանյան բարեփոխումների գործընթացի և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման արդյունավետ իրականացմանն ուղղված Եվրոպական միության օժանդակությունը ծառայել է իր նպատակին: Ողջունում է 2015-ի դեկտեմբերի 16-ին ԵՄ-ի կողմից 30 միլիոն եվրոյի աջակցության նոր ծրագրի ընդունումը, որը միտված է բարելավելու հետագա ջանքերը՝ ուղղված աշխատանքային պայմանների, ֆինանսական կառավարման և ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության ոլորտներում հետագա ջանքերի ընդլայնմանը: Նշում է այն կարևոր դերը, որ քաղաքացիական հասարակությունը կարող է ունենալ հանրային կյանքի բոլոր ոլորտներում թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման, ինչպես նաև՝ EDIHR-ի (Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիք) կողմից ֆինանսավորվող ծրագրերի միջոցով GSP+ իրականացման մոնիտորինգի գործում, աջակցում և խրախուսում է Հայաստանի լիարժեք մասնակցությունը COSME և Horizon 2020 ծրագրերին,
11. խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով շարունակվող և մարդկային կորուստների, հրադադարի համաձայնագրի լուրջ խախտումների աճման կապակցությամբ, այդ թվում՝ ծանր հրետանու, ականանետների կիրառմամբ, որը շարունակաբար բերել է մարդկային զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծում է, որ չի կարող որևէ արդարացում լինել բոլոր կողմերի անմեղ քաղաքացիների մահվան դեպքերի և վիրավորների համար: Աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, ինչի ուղղությամբ բազմիցս կոչեր են արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիշեցնում է, որ Մինսկի խմբի համանախագահները սեպեմբերի 26-ին նշել են, որ Հայաստանը համաձայնել է քննարկել այդ մեխանիզմների մանրամասները՝ հորդորելով Ադրբեջանին վարվել նույն կերպ: ԵՄ-ից ակնկալում է առավել ակտիվ դերակատարում ունենալ վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցառումներին աջակցելու գործում, որոնց նպատակը խաղաղության, հաշտեցման և վստահության գաղափարների տարածումն է,
12. կարծում է, որ լարվածության աճը վերջին շրջանում, անկասկած, ապացուցում է, որ status quo-ն դարձել է անկայուն և որ չի կարող այլընտրանք լինել խաղաղ կարգավորմանը` համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի և միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների,
13. լիարժեքորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացին, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափն է, այս ուղղությամբ մեծապես խրախուսում է համաեվրոպական և այլ միջազգային կազմակերպություններին ու կառույցներին՝ համահունչ լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրենց տեսակետներում և բանաձևերում, որպեսզի այդկերպ նպաստեն հակամարտության խաղաղ կարգավորմանը, կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին՝ ստանձնելու քաղաքական առավել լայն հանձնառություն: Կոչ է անում Եվրոպական Միությանը փոխանակման և շարժունակության ծրագրերում ընդգրկել հակամարտության շրջաններից եկող ուսանողներին և ուսուցիչներին, ինչպիսին, օրինակ, Լեռնային Ղարաբաղն է, ինչպես նշված է 2015-ի մայիսի Բոլոնիայի հռչակագրում, և որն ընդունվել է նաև ԵՄ անդամ բոլոր պետությունների և Եվրոպական հանձնաժողովի կողմից,
14. ողջունում է 20 000 սիրիացի փախստականներ ընդունելու՝ Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը և Եվրոպական հանձնաժողովին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում դրական արձագանքել և աջակցել հայաստանյան իշխանությունների բոլոր այն դիմումներին, որոնք ուղղված կլինեն Հայաստանում սիրիացի փախստականների հետագա սոցիալական ինտեգրմանը,
15. վկայակոչում է 2015-ի ապրիլին Երևանում Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարելիցի միջոցառումները և ողջունում է ԵՄ կառույցների ու դրանց ղեկավարների մասնակցությունն այդ միջոցառումներին: Խրախուսում է բոլոր անդամ երկրներին և ԵՄ կառույցներին՝ հետագայում ևս օժանդակել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ նշելով, որ այդ հարցը վերջին տարիներին դարձել է բաց և հրապարակային բանավեճի առարկա հենց Թուրքիայում,
16. արձագանքում է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի 2015-ի հունիսի 10-ի կոչին, որում հորդորվում է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերություններն առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրությունների վավերացման և միակողմանի փակված սահմանի բացման միջոցով: Աջակցում է տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնություններին՝ համոզմունք ունենալով, որ դրանք կարող են վերջ դնել տարածաշրջանում որևէ երկրի մեկուսացմանը: Լիահույս է, որ նման զարգացումները կօգնեն հաղթահարել անցյալի ժառանգությանը և խիզախորեն առերեսվելու դրա հետ:
Ընդունված է 2016 թվականի հունվարի 21-ին:

Դիտվել է՝ 1137

Մեկնաբանություններ