Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, հունվարի 18-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ ԵՄ պատվիրակությունը գլխավորել են ԵՄ խորհրդի նախագահությունը ներկայացնող Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կունդերսը և Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը: ՀՀ պատվիրակության կազմում էին ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը։ Նիստում, որ նախագահել է Էդվարդ Նալբանդյանը, քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ անցյալ տարեվերջին մեկնարկած բանակցությունների, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, ԵՄ-ի՝ Հայաստանին տրամադրվող աջակցության հարցերը։ «2015-ը առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Մենք ականատես եղանք բարձր մակարդակի այցելությունների, ինտենսիվ և կառուցողական երկխոսության, երկկողմ հանդիպումների, տարբեր ոլորտներում ՀՀ-ԵՄ համաձայնագրերի վերաբերյալ բանակցությունների: ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական շրջանակի բանակցությունների նախորդ ամսվա մեկնարկը մեր հարաբերություններում նոր էջ է: Հավատացած ենք, որ նոր համաձայնագիրը կարտացոլի մեր երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և փոխշահավետ համագործակցության համար կսահմանի նոր ուղենիշներ»,- ասել է Նալբանդյանը: Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա, հաշվի առնելով Հայաստանի պարտավորություններն այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ԵՄ հետ գործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, մարդկային շփումների խթանումը։ Նա նշել է, որ 2014-ի հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - ՀՀ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը, որ հնարավորություն կտա ապագայում հասնելու Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից` կողմերի միջև ստորագրված Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցել ԵՄ տարբեր գործակալությունների հետ։ Նա Խորհրդին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ողջ աշխարհում տեղի ունեցած միջոցառումները, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին, ԵՄ երկրներին` Ցեղասպանության հարցում սկզբունքային մոտեցման համար: Նալբանդյանը տեղեկացրել է ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում Հայաստանի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ և երախտագիտություն հայտնել ԵՄ երկրներին` ՄԱԿ-ում հայկական նախաձեռնություններին սատարելու համար։ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:
«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։ Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման համար։ Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ Հավարտ նիստի Էդվարդ Նալբանդյանը և Բերտ Կունդերսը մամլո ասուլիս են տվել: