Առողջապահության նախարարության վերջին լայնածավալ ասուլիսից անմիջապես հետո հանրապետությունում էականորեն կրճատվեց վերին շնչուղիների հիվանդությունը, այդ թվում` H1N1 տեսակի գրիպը։ Ըստ նախարարության տվյալների, հունվարի 11-ին հանրապետության տարբեր հիվանդանոցներում բուժվում է 855 հիվանդ, որոնցից 77-ը վերակենդանացման բաժանմունքներում են. 11-ը` ծանր վիճակում, որոնցից 4-ը` H1N1 ախտորոշմամբ։ Հաջորդ օրը` հունվարի 12-ին, այսինքն, նախարարության հրավիրած լայնածավալ ասուլիսից անմիջապես հետո, բախտի բերմամբ, թե պատահմամբ, կտրուկ նվազեց հիվանդների թիվը` կազմելով 799։ Կարելի է եզրակացնել` եթե մեկ ասուլիսով հնարավոր էր կանխել վարակի տարածումը, ապա լավ կլիներ, որ այն ավելի վաղ կազմակերպվեր, ինչի արդյունքում գուցե մարդկանց կյանքեր փրկվեին։ ՈՒ եթե այդպես է, լավ կլինի լայնածավալ ասուլիսներն «օգտագործել» որպես դեղամիջոց ամենատարբեր վարակների դեպքում։ Առողջապահության նախարարության այս նոր քաղաքականությունը հասկանալի է` միտված է երկրում խուճապ չառաջացնելուն, սակայն արդյո՞ք դրանով խնդիրը կլուծվի։
Ինչևէ, ստեղծված իրավիճակում մասնագետները բաժանվել են երկու խմբի. մի կողմում նախարարությունն է, որը երկու շաբաթից ավելի է` բացառում է համաճարակը, իսկ մյուս խմբում ընդգրկված են պրակտիկ բժիշկները և փաստում ու հիմնավորում են համաճարակի առկայությունը։ Հարց` ո՞ր դեպքում է, որ վարակը համաճարակ է գնահատվում, և որո՞նք են դրա առաջացման պատճառները։
Ըստ առողջապահական միջազգային կառույցների տվյալների, եթե բնակչության հինգ տոկոսը հիվանդ է, ապա իրավիճակը գնահատվում է համաճարակային։ Նույն աղբյուրի տվյալներով, համաճարակի պատճառներն են սանիտարահիգիենիկ կանոնների խախտումները, ինչպես նաև հաշվի են առնվում վարակի փոխանցման դինամիկան, վարակի ծագման բնույթն ու փոխանցման ակտիվությունը և հիվանդության ընկալունակությունը տեղի բնակչության շրջանում։ ՀՀ-ի բնակչությունը 2 մլն 977 հազար է, որից հունվարի 11-ի դրությամբ հոսպիտալացվել է 855 հիվանդ։
«Երկրում համաճարակ չկա։ Խուճապի մատնվելու կարիք չկա, սակայն զգոնության կոչ ենք անում բոլորին»,- հունվարի 11-ի ասուլիսում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը։ Գուցե և համաճարակ չկա, բայց փաստ է, որ հիվանդության ծավալներն ավելանում են, և հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով։ Եթե անգամ H1N1 վարակի համաճարակ չկա, այնուամենայնիվ, գրիպի դեպքերը ծանր ելքով գնալով ավելանում են։ Եթե սրան էլ գումարենք այն փաստը, որ սուր շնչառական հիվանդությունների վարակը տարածվում է օդակաթիլային եղանակով, ապա պարզ է, որ սրա դեմ պետք է լայնամասշտաբ աշխատանքներ իրականացնել։ Եթե անգամ H1N1-ի համաճարակ չկա, ապա չպետք է բացառենք, որ այս գրիպները բացասաբար են ազդում քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց վրա, որոնց թիվը Հայաստանում փոքր չէ։ Ինչից ելնելով կարող ենք ասել, որ այսօրվա իրավիճակը կարող է ծանր անդրադառնալ մեր բնակչության առողջության վրա։
Գաղտնիք չէ, որ հիվանդների թվի աճը միշտ էլ պայմանավորված է եղել սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Այս խնդիրը կանխելու համար է, որ մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում և մանկապարտեզներում երկարացվեցին ձմեռային արձակուրդները։ Լավ, բայց չէ՞ որ հիվանդներն ու վարակակիրները միայն երեխաները չեն։ Պետական պաշտոնյաները բնակչությանը հորդորում են պահպանել սանիտարահիգիենիկ պայմանները։ Համոզված ենք, որ այն կմնա որպես հորդոր։ Հաշվի առնելով հայկական մտածելակերպը, անհրաժեշտ է ոչ թե հորդորներով, այլ օրենքի ուժով սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել։ Լավ կլիներ, որ նույն առողջապահության նախարարությունը, ելնելով բնակչության առողջության պահպանման առաջնահերթությունից, գործատուներին ստիպեր հիվանդ աշխատողներին արգելել աշխատանքի ներկայանալ։ Նաև ոչ թե սպասել, որ բնակիչն իր գանգատներով դիմի պոլիկլինիկա, այլ տեղամասային բժիշկներն իրենք պարտադիր շրջայցեր կատարեն։ Չենք ժխտում, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը անձամբ գրեթե ամեն օր լինում է հիվանդանոցներում վիճակը տեղում վերահսկելու համար, սակայն չմոռանանք առողջապահության նախարարության կարգախոսը` ավելի հեշտ է կանխել, քան բուժել հիվանդությունը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ