«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ամանորի մաղթանք-«թուքումուր» լրագրողներին

Ամանորի մաղթանք-«թուքումուր» լրագրողներին
30.12.2015 | 11:06

ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ տարեվերջյան ընդունելությունների ժամանակ երկրի իշխանության երեք ճյուղերի ղեկավարները (ՀՀ նախագահ, ԱԺ խոսնակ և կառավարության ղեկավար) խիստ ընդգծված խոսեցին որոշ «չկայացած» լրատվամիջոցների, ավելի ստույգ՝ լրագրողների մասին: Կողքից նայողի համար գուցե նրանց «փաստարկները» խիստ համոզիչ թվան, բայց իրականությունն այլ բան է հուշում: Այսօր Հայաստանում եզակի լրատվամիջոցներ կան, որ այս երեք իշխանություններից գոնե մեկի կողմից չեն ուղղորդվում: Նրանց «սնում», «աճեցնում» և հովանավորում են հայտնի իշխանավորներ` հարմար առիթի դեպքում էլ որպես զենք օգտագործում իրենց քաղաքական հակառակորդների դեմ:

Հիմա վերադառնանք ամանորյան ուղերձներին ու հասկանանք, թե իշխանության երեք ճյուղերն այդ ինչ են պահանջում լրագրողներից, երբ հենց իրենց անմիջական ազդեցությամբ է այդպիսի տխուր պատկեր ստեղծվել: Երկրի նախագահն ասում է. «Մենք, իհարկե, կարող ենք տարբերվող կարծիքներ ունենալ այսօրվա մեր լրագրության բովանդակության, խորության, անաչառության մասին, կարող ենք համաձայնության գալ կամ չգալ կարելիի և անթույլատրելիի սահմանների մասին, կարող ենք մերժել որևէ սահմանի գոյությունն ընդհանրապես: Կան, չէ՞, նաև մարդիկ, որ այսպես են կարծում, բայց սա արդեն քննարկման այլ թեմա է»: Հարց է ծագում, իսկ ե՞րբ լրագրության բովանդակությունը, խորությունը, անաչառությունն այսքան ձևախեղվեցին: Երբ ոմանք սկսեցին օրումեջ ներիշխանական ինտրիգներ «սարքել», և դա սեփական ջանքերով «հրամցնել» որոշ լրատվամիջոցների: Հիմա միայն լրագրողնե՞րը մեղավոր դարձան:
Որպես երկրի երկրորդ դեմք Գալուստ Սահակյանն ավելի «խորացրեց» խնդիրը: «Որպես հասարակության հետ անմիջականորեն շփվող, չափազանց կարևոր է, որ լրագրողը զերծ լինի ամբոխահաճությունից, որ լրագրող ասելիս չհասկացվի պարզապես ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ, որ առավելագույնս հավասարակշռված ու սթափ վերաբերմունք դրսևորվի հասարակական կարծիքի ձևավորման հանդեպ, որ տեղեկատվություն մատուցելիս օբյեկտիվությունը չզոհաբերվի օպերատիվությանը, իսկ շտապ լրատվությունը՝ հերքվող շտապողականությանը: Որովհետեւ սխալ կամ ոչ օբյեկտիվ լրատվությունը երբեմն կարող է նմանվել ծանր հետևանքներ ունեցող բժշկական սխալի»,- ասում է խոսնակը: Լրագրողը սոսկ «ձայնագրիչին հմտորեն տիրապետող ու ձայնագրություն սղագրող անձ» է դառնում այն ժամանակ, երբ դա իշխանության «քիմքին» է հաճելի, այսինքն` ասուլիս կազմակերպել, բայց արգելել լրագրողին սուր հարցեր հնչեցնել, տաբու սահմանել որոշ հարցերի բարձրաձայնման համար: Եվ ընդհանրապես սահմանել սեփական չափորոշիչները իրենց ենթակայության տակ «գործող» ԶԼՄ-ների համար: Այ այստեղ պետք է փնտրել զուտ «դիկտաֆոն» ծառայող լրագրողներին, որոնք, բնականաբար, իրենց մեղքով չէ, որ հայտնվել են այդ կարգավիճակում:
Ամեն օրը մամուլի հրապարակումներով սկսող գործադիրի ղեկավարն էլ իր պատկերացումներով «պահանջված» լրատվամիջոցների «սահմանումն» է տվել: «Այսօր՝ տեղեկատվական բազմազան հոսքերի մեր ժամանակներում, ավելի քան պահանջված են այն լրատվամիջոցները, որոնց պրոֆեսիոնալիզմից, անաչառությունից և նաև քաղաքացիական խիզախությունից է կախված, թե ինչպես են հանրությանը ներկայացվում այս կամ այն փաստը, իրադարձությունը։ Միշտ չէ, որ ես համաձայն եմ եղել ու համաձայն եմ այս կամ այն լրատվամիջոցի որոշ հրապարակումների հետ, որոնք չեն եղել անաչառ և փաստարկված։ Այո, երբեմն նաև դառնություն եմ ապրել, երբ հանդիպել եմ հստակ ուղղորդված և որևէ փաստից զուրկ հրապարակումների և ոչ միայն ինձ առնչվող»,- խոստովանել է Հովիկ Աբրահամյանը` երկրի նախագահի և ԱԺ նախագահի «որակումներին» ավելացնելով սեփականը, իր «ապրածը»: Կառավարության ղեկավարը հստակ նշում է այն, ինչ վերևում նշեցինք, այո, մամուլը հաճախ պատվեր է կատարում: Միայն թե խոսքը կիսատ է թողնում, այ եթե ասեր նաև, թե ովքեր են քաղաքական դաշտի մամուլի «խոշոր» պատվիրատուները, խոսքն ամբողջական կդառնար: Փոխարենը վարչապետը բացում է «փակագծերը»: «Պրոֆեսիոնալ և սեփական աշխատանքին պատասխանատվությամբ վերաբերվող մամուլը, իրապես, հզոր ուժ է։ ՈՒժ, որը նաև կարող է անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ»: Հարց` եթե պրոֆեսիոնալ է, ինչպե՞ս կարող է առանց հստակ ուղղորդման, պատվերի «անմեղին դարձնել մեղավոր, իսկ մեղավորին՝ անմեղ»: Երևի ինչ-որ բան շփոթե՞լ է պարոն վարչապետը, թե՞ առավելագույնս անկեղծ է եղել:
Այնպես որ, ինչ ցանել եք, այն էլ հնձում եք: Մեղավորներ նախ փնտրեք ձեր մեջ, ձեր շրջապատում: Մի՜ աղտոտեք այն միջավայրը, որը նախ և առաջ կոչված է հանրության խոսափողը լինելու: Մինչև չձերբազատվեք մամուլի հանդեպ ունեցած ձեր իրական պատկերացումներից, պահանջներից, իրավիճակը չի փոխվի: Իհարկե, այնպես չէ, որ ԶԼՄ-ների այսօրվա վիճակի համար մեղավոր են միայն իշխանությունները: Ավելին, հաճախ որոշ լրատվամիջոցներ «գերազանցում» են պատվիրատուի սպասելիքները` իրենց անվայել գործելակերպով լրագրողին դարձնելով «առքուվաճառքով» զբաղվող, պատվերներ կատարող անդեմ, անսկզբունք «գործիք»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1715

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ