«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Հանգստացեք» և հանգիստ թողեք

«Հանգստացեք» և հանգիստ թողեք
13.11.2015 | 12:07

Կա աշխարհում սքանչելի մասնագիտություն՝ ապացուցել, որ ամենահայտնի ճշմարտությունները բոլորովին էլ ճշմարտություն չեն, ընդհանրապես չեն եղել, չկան, չեն լինելու, կամ՝ ճիշտ հակառակը: Ոչ մի նշանակություն չունի ոչ իրականությունը, ոչ իրականության բովանդակությունը, կարևորը այդ պահի մեկնաբանությունն է, որ բնորոշում է այդ պահի քաղաքականությունը: Այդ սքանչելի մասնագետները կոչվում են դիվանագետներ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցից հետո սկսված խոսակցություննրը, որ ՀՀ իշխանությունների հետ Լավրովը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները Ադրբեջանին հանձնելու հարցը։ Մարիա Զախարովան առանց այլևայլության ասել է, որ նախարար Լավրովը հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել հայաստանցի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։ «Ես ավելին չեմ կարող ասել, բացի այն, ինչ նշվել է այդ հայտարարությունում։ Կարծում եմ՝ կարիք չկա սրել իրավիճակը։ Տեղեկատվություն ստանալու համար դիմեք առաջին աղբյուրին՝ նախարարի հայտարարությանը, որը տեղադրված է ՌԴ ԱԳՆ կայքէջում։ Կարող եմ ասել, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում սերտ կապեր է պահպանում ինչպես հայկական կողմի, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ։ Մեր դիրքորոշումը կարգավորման հարցում անփոփոխ է։ Մենք դա բազմիցս ենք վերահաստատել։ Հուսով եմ, որ մեր որդեգրած դիրքորոշումը կհանգստացնի հայաստանյան լրատվամիջոցներին»,- ասել է Զախարովան։ Այսինքն՝ չի ասել ոչինչ:

ՈՒ եթե ավելին ասել չէր կարող, ինչո՞ւ էր խոսում, արժի՞ մատնացույց անել ՌԴ ԱԳՆ կայքէջը: Նկատեցի՞ք, որ Մարիա Զախարովան միայն հղում է անում իրենց «դիրքորոշմանը», որը անփոփոխ է ու բազմիցս վերահաստատված, բայց չի ասում՝ ո՞րն է այդ դիրքորոշումը, որը պիտի «հանգստացնի» հայաստանյան լրատվամիջոցներին: Թեպետ «հանգստացնել» պետք է ոչ թե հայաստանյան լրատվամիջոցներին, այլ՝ ռուսաստանյան: Համենայն դեպս՝ հաստատ «Կոմերսանտը» հայկական չէ: ՈՒ գուցե հենց ռուսական լրատվամիջոցներին ռուս դիվանագետները «հանգստացնեն», իսկ մեզ հանգիստ թողնեն իրենց «տեղեկատվությունների» բացահայտ ապատեղեկատվությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հակառուսական անգերազանցելի քարոզչություն Հայաստանում միշտ վարել են ռուսական լրատվամիջոցներն ու դիվանագետները, քաղաքական ու փորձագիտական շրջանակների «ականավոր» դեմքերը: Նրանց «ականավոր» լինելը իսկապես ական լինել է, որը այդպես էլ չի ընկալվում ոչ պատվիրված արդյունքներով սոցհարցումներում, ոչ պատվիրված մեկնաբանություններում, ոչ առաջ, ոչ հիմա:

Դիտվել է՝ 1263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ