«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

REGNUM` մի սադրանքի պատմություն

REGNUM` մի սադրանքի պատմություն
12.11.2015 | 23:41

Մոսկվայում անցկացվում են Արցախի օրեր: Սխրա՞նք է: Այո: Համարյա ինչպես բարոն Մյունհաուզենը պատերազմ էր հայտարարում ու մինչև կեսօր հաղթում էր: Արցախյան օրերի բացման առիթով Regnum լրատվական գործակալության շենքում, որ առաջ «Дождь» հեռուստաընկերությանն էր պատկանում, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մամլո ասուլիս է տվել և, ըստ գործակալության՝ ասել է. «Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգտագործվել ՌԴ ռազմատիեզերական ուժերի հակաահաբեկչական գործողությունների համար Սիրիայում»՝ ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Մոսկվայում՝ Արցախի օրերին նվիրված մամլո ասուլիսում: «Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային ահաբեկչության դեմ պայքարին»՝ վստահեցրել է Բակո Սահակյանը՝ հղում անելով Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական պայքարի պատմությանը: «Երբ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնվի, Լեռնային Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ինֆրակառույցի օգտագործման հարցով համագործակցությունը»՝ ասել է ԼՂՀ նախագահը՝ ըստ գործակալության: Նա ճշտել է, որ օդանավակայանում ժամանակակից տեխնիկա է տեղակայված, որ անհրաժեշտ է բարձրտեխնոլոգիական ավիացիայի պահանջները բավարարելուն: Բակո Սահակյանի կարծիքով՝ Ստեփանակերտի օդանավակայանը չի զիջում «Շերեմետևոյին» կամ «Զվարթնոցին»:

Մի քանի ժամ անց միայն ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հերքել է գործակալության ապատեղեկատվությունը՝ yerkir.am-ին ասելով, որ
REGNUM գործակալության մոսկովյան գրասենյակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի կողմից ընդամենը հարց է հնչել ՝ Արցախը պատրա՞ստ է Ստեփանակերտի օդանավակայանը տրամադրել ռուսական օդուժին ահաբեկիչների դեմ պայքարի համար, նախագահն էլ պատասխանել է՝ մենք գրեթե ամեն օր առնչվում ենք ահաբեկչության հետ, որովհետև Ադրբեջանն ահաբեկչական պետություն է, երկիր, որն ամեն օր դիմում է թե քաղաքական, թե ռազմական, թե լրատվական ահաբեկչության: Դավիթ Բաբայանը՝ շեշտել է, որ օդանավակայանի տրամադրման կամ չտրամադրման մասին նախագահը ոչինչ չի ասել: Հարցի հետ կապված որևէ առաջարկ չի եղել նաև Ռուսաստանի կողմից: Դավիթ Բաբայանը, սակայն, չի նշել մի կարևոր փաստ՝ հարցը, որի պատասխանը աղավաղվել է, հնչեցրել է հենց Regnum-ի լրագրողը: Այսինքն՝ ինչ էլ պատասխաներ ԼՂՀ նախագահը, գործակալությունը հրապարակելու էր «իր» պատասխանը: Ինչու՞: Ի՞նչ նպատակ ուներ գործակալության բացահայտ սադրանքը: Նվազագույնը՝ Լեռնային Ղարաբաղը արձանագրել իսլամական ահաբեկիչների թիրախների ցանկում: Սինայի թերակղզում ռուսական օդանավի պայթյունից հետո նման հարցերը ստանում են առանձնահատուկ կարևորություն: Ռուսական խաղաղապահների տեղակայումը ԼՂՀ-ում Մոսկվայի համար դարձել է իդեա ֆիքս՝ տեղեկատվական պատերազմն աշխարհի դեմ ռուսական լրատվամիջոցները արդեն վաղուց տարածում են նաև Հայաստանի վրա: Հիշեք՝ տարեսկզբին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությանը հաջորդած «լուսաբանումները», հավելեք ամռանը «էլեկտրամայդանի» իրադարձությունները: Երկու դեպքում էլ ռուսական լրատվամիջոցները բացահայտ սադրանքների էին դիմում՝ Հայաստանում իրավիճակ ապակայունացնելու համար: Իսկ հիմա ուղղակի նվեր են տալիս ԻՊ-ին ու Ադրբեջանին, և այդ «նվերը» տեղեկատվական պատերազմի դասական օրինակ է՝ տեղեկատվական ահաբեկչություն, որի հետևանքները բոլոր դեպքերում ու միշտ շատ ավելին են լինում ու ավելի մեծ շրջանակ են ընդգրկում, քան հետո հաջորդած կամ չհաջորդող հերքումը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Սա այն դեպքն է, որ ոչ միայն բացատրություն պիտի տա գործակալությունը, այլև արտաքին գործերի նախարարությունը: ՌԴ: Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունները նման իրավիճակներում գերադասում են իրենց վերապահել օլիմպիական հանդարտության իրավունք՝ մինչև իրավիճակն ինքնըստինքյան հանգուցալուծվի: Դա կոչվում է դիվանագիտական ճկունություն կամ դիվանագիտական դադար վերցնելու ունակություն: Ցավոք, այդ «դադարները» այնքան երկար են, որ դրդում են պարբերական ու անպատասխան սադրանքների:

Դիտվել է՝ 1088

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ