«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Բորդյուժան արթնացավ, որ հակասի Պուտինի՞ն

Բորդյուժան արթնացավ, որ հակասի Պուտինի՞ն
04.10.2015 | 22:52

ՀԱՊԿ-ի համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին՝ «Բաղրամյան» զորավարժարանում լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ավելի կոնկրետ՝ «Մեզ համար անընդունելի է, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են»: Սա նշանակում է, որ ՀԱՊԿ-ը արթնացել է, իզուր, կարող էր շարունակել անխռով քունը: Հայաստանը իսկապես ՀԱՊԿ-ի ոչ քաղաքական հայտարարությունների, ոչ ռազմական միջամտության կարիքը չունի: Եվ դա չէ գլխավորը, գլխավորը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին անհանգստացնում է, որ ՀԱՊԿ-ի խորհրդի, կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հայտարարությունները հարևան երկրի` Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: Եթե լրագրողները նրան ճիշտ են հասկացել ու ճիշտ են վերարտադրել նրա խոսքերը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վկայում է, որ Ալիևը Նազարբաևին չի լսում: Լուկաշենկոյին չի լսում: Ռահմոնին չի լսում: Պուտինին չի լսում: Ոչ մեկին չի լսում: Մանավանդ հիմա՝ Մերկելը լսում է, Օլանդը լսում է, Օբաման լսում է, Ալիևը չի լսում: ՈՒ՝ ի՞նչ: Դա խոսում է Ալիևի հզորությա՞ն, թե՞ ՀԱՊԿ-ի անզորության մասին: ՈՒ ընդհանրապես՝ ի՞նչ է անում սովորական մարդը, երբ նրան ինչ-որ բան անհանգստացնում է: Առաջին՝ փորձում է վերացնել անհանգստության պատճառը: Երկրորդ՝ եթե չի կարող անհանգստության պատճառը վերացնել, փորձում է իր պաշտպանությունը ամրացնել: Երրորդ՝ եթե ոչ առաջինը, ոչ երկրորդը չի կարողանում անել, մնում է հարմարվել: Ի՞նչ է անում բարձրաստիճան պաշտոնյան այդ դեպքում, որ միջազգային կառույց է ներկայացնում: Նիկոլայ Բորդյուժան, ակնհայտ է, ընտրել է երրորդ տարբերակը: Բայց այդ դեպքում սովորական մարդը գերադասում է լռել, իսկ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարություններ է անում: Փաստորեն: Հայտարարություններ, որ մղում են հակառակը մտածել:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ ե՞րբ և որտե՞ղ են հնչել ՀԱՊԿ-ի խորհրդի, կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների հայտարարությունները ուղղված Ադրբեջանին: ՈՒ հրապարակվե՞լ են:

Դիտվել է՝ 944

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ