Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի և ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ։
Նալբանդյանը և Նուլանդը գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակից և կարևորել են 2015-ի հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնությունը։ Անդրադարձ է կատարվել հայ - ամերիկյան տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին, կարևորվել է մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։ Մտքեր են փոխանակվել Առևտրի և ներդրումների հայ - ամերիկյան խորհրդի առաջիկայում նախատեսված առաջին հանդիպման վերաբերյալ։ Նուլանդի խնդրանքով Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը։ Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությունը։ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնել խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ մասնակցության համար։ Հայաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նալբանդյանը ներկայացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նուլանդը խոր մտահոգություն է հայտնել լարվածության աճի կապակցությամբ և ընդգծել հրադադարի պահպանման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, Միջին Արևելքի զարգացումներին, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Հայաստանի ԱԳ նախարարի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ - սերբական հարաբերությունների ընդլայնման, ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահության առաջնահերթությունների իրականացման, ԵԱՀԿ-ի օրակարգի հարցերի։ Նալբանդյանն ու Դաչիչը արձանագրել են, որ հայ - սերբական երկկողմ հարաբերությունները կայուն զարգանում են։ Այդ առումով անդրադարձ է արվել Երևանում և Բելգրադում դեսպանությունների բացմանը, մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը, ուղիղ չվերթների հաստատման հարցերին։ Քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ համատեքստում նախագահության աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը խոր մտահոգություն է հայտնել հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ և կարևորել հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումը։ Նալբանդյանը նշել է, որ չնայած Մինսկի խմբի եռանախագահների բազմաթիվ կոչերին և հորդորներին՝ Բաքուն չի հրաժարվում իր ապակառուցողական կեցվածքից և սադրանքներից։