Սեպտեմբերի 5-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ռուսաստանը և ես» հաղորդաշարի շրջանակում հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Աննա Սոուսին ի թիվս հետխորհրդային տարածքի այլ նախագահների ու վարչապետերի, որ այլևս չեն պաշտոնավարում: Հարցազրույցի ամբողջական տեքստը հասանելի կլինի հոկտեմբերին կամ նոյեմբերին: Մինչ այդ «Ազատությունը» հրապարակել է մի քանի հարցերի պատասխաններ: «Կվերադառնա՞ք մեծ քաղաքականություն» հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է. «Երբեք մի՛ ասա, երբե՛ք» և մանրամասնել. «Դա թերևս ամենից շատ քննարկվող և ինձ համար ամենից փակ թեման է: Ես ինձ հիանալի եմ զգում այն կարգավիճակում, որ հիմա ունեմ, սակայն դժվարանում եմ ասել` ապագայում այդ ամենը ինչ զարգացում կունենա: Չեմ ուզում որոշակի հստակություն մտցնել այս հարցում, և առաջին հերթին այն պատճառով, որ այդ հստակությունը չկա: Անձնական ցանկություն` վերադառնալ, մտնել այդ ամենի մեջ, կրկին վերցնել պատասխանատվության այդ բեռը, չկա, սակայն միշտ էլ կան որոշակի հանգամանքներ»: Ռուսական ՀԷՑ-ի շուրջ բողոքի ցույցերին ու ընկերությունը ազգայնացնելու մասին հայտարարություններին անդրադառնալով՝ երկրորդ նախագահը պնդել է. «Եթե տնտեսական դաշտում ընդհանուր դրությունն այնքան էլ լավ չէ, բնականաբար, սակագների անգամ ոչ մեծ բարձրացումը էականորեն ազդում է ցանկացած քաղաքացու բյուջեի վրա, և մարդիկ այս առումով արդարացիորեն վրդովվում են: Սակայն դրա պատճառները կարող են լինել և ծառայությունները կարգավորողի գործողությունները, և ընկերության անարդյունավետությունը, և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում էներգակիրների շուկայում: Պետք է մարդկանց բացատրել և ոչ թե մեղքը ուրիշի վրա բարդել»:
Ի՞նչ է պետք, որ հայերը չարտագաղթեն հարցին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ իր նախագահության տարիներին այլ իրավիճակ էր, մարդիկ ավելի շատ վերադառնում էին, քան հեռանում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Մինչև «Ազատությանը» տրված ՀՀ երկրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը ամբողջությամբ կհրապարակվի, ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանը մեկ այլ հարցազրույց կտա՝ անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին ու «ընթացիկ պահի» առանձնահատկություններին: Նրա հերթական խոսքը, թերևս, ավելի շուտ կհնչեր, բայց երկրորդ նախագահը սպասում էր երրորդ նախագահի Մոսկվա այցին ու ՌԴ նախագահի հետ հանդիպման հետևանքներին: Իսկ հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, նաև սահմանադրական բարեփոխումների նպատակն ու հետևանքներն են քննարկվելու: