Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Տավուշի մարզ: Առաջին կանգառը եղել է Պառավաքար համայնքը: Բնակիչների հետ հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սահմանային իրավիճակին և հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին, ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները սահմանամերձ համայնքների բնակիչների կողքին են և եկել են, որ տեղում ծանոթանան խնդիրներին: Կառավարությունը սոցիալական և հարկային արտոնություններ սահմանելով սահմանամերձ համայնքների բնակիչների համար փորձում է աջակցել նրանց և լուծել նրանց սոցիալական խնդիրները: Բնակիչները բարձրացրել են համայնքի որոշ հատվածներում գազիֆիկացման, ճանապարհի վերանորոգման, ոռոգման ջրի, մանկապարտեզի ներքին հարդարման, ուսանողների ուսման վարձերին վերաբերող խնդիրներ: Վարչապետը խոստացել է հարցերը քննարկել կառավարությունում և լուծումներ տալ: Պառավաքարից Հովիկ Աբրահամյանը մեկնել է Սևքար: Բնակիչները նշել են, որ հակառակորդի կրակահերթերի պատճառով համայնքում խուճապ չկա և ապրում են առօրյա կյանքով: Սևքարի համայնքապետը բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ համայնքի ջրագծի և մշակույթի տան վերակառուցման համար: Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ առաջիկայում էլ կսկսվեն Սևքարի դպրոցի հիմնանորոգման աշխատանքները:
Հաջորդ կանգառը Կոթին է եղել: Կոթեցիները կառավարության ղեկավարին շնորհակալություն են հայտնել հակառակորդի կրակահերթերի օրերին իրենց այցելելու համար և նշել, որ իրենց բարոյահոգեբանական վիճակը, ինչպես միշտ, բարձր է: Այնուհետև վարչապետը լսել է համայնքի բնակիչներին հուզող հարցերը, որոնք վերաբերել են վառելափայտով ապահովմանը, 27 հեկտար ցորենի արտերը կրակոցների հետևանքով չմշակելուն, ուսանողների ուսման վարձերին: Գործադիրի ղեկավարը խոստացել է անհրաժեշտ գումարներ տրամադրել վառելափայտի, չմշակված ցորենի դաշտերի փոխհատուցման համար: Վարչապետը համայնքապետին հանձնարարել է կառավարություն ներկայացնել Կոթիի ուսանողների ցանկը՝ նրանց ուսման վարձերի խնդրին ևս լուծում տալու համար:
Վարչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կրակահերթերի հետևանքով սահմանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: