ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

«Տեղեկանքը երաշխիք է, որ քաղաքացու իրավունքներն առանց խոչընդոտելու իրականացվեն»

«Տեղեկանքը երաշխիք է, որ  քաղաքացու իրավունքներն առանց  խոչընդոտելու իրականացվեն»
11.07.2012 | 12:07

Հունիսի 1-ից սոցիալական քարտերը փոխարինվեցին հանրային ծառայության համարանիշերով, որոնք տրամադրում է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը։ Այդ փոփոխությունն ասպարեզ է նետել ի՞նչ անել, ո՞ւմ դիմել և նման այլ հարցեր։ Դրանք պարզաբանելու ակնկալիքով էլ զրուցեցինք ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության պետ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։


-Մենք ևս կարևորում ենք խնդրի առնչությամբ քաղաքացիների իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված գործընթացը։ Ընդգծեմ, որ ընթացակարգերում գրեթե ոչինչ չի փոխվել։ Ինչ ձևաչափով աշխատում էր «Նորք» վերլուծական տեղեկատվական կենտրոնը, նույն ընթացակարգով աշխատում են և ոստիկանության անձնագրային ծառայությունները։ Սա նշանակում է, որ ընդամենը փոխվել է լիազոր մարմինը` տեղը։ Տեղեկանքների համար ներկայացվող փաստաթղթերի ցանկը շատ պարզ է` դիմումը և անձը հաստատող փաստաթղթի` անձնագրի պատճենը։ Տեղեկանքները երկուսն են` հանրային ծառայության համարանիշ ստանալու և դրանից հրաժարվելու վերաբերյալ։ Դուք գիտեք, որ կան քաղաքացիներ, ովքեր, իրենց դավանանքից ելնելով, խուսափում են հանրային ծառայության համարանիշ ունենալուց, ինչի պատճառով և հրաժարվում են նույնականացման քարտեր ձեռք բերելուց։ Իրենց իրավունքներն այլ ոլորտներում իրականացնելու համար նման դեպքերում քաղաքացիները դիմում են հանրային ծառայություն` համարանիշ չունենալու մասին տեղեկանք ստանալու։ Փաստաթղթերի հանձնումից հետո անձնագրային ծառայության աշխատակիցը քաղաքացուն անմիջապես պետք է տրամադրի հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանք։ Եթե անգամ քաղաքացու փաստաթղթերը լիարժեք չեն, անձնագրային ծառայության աշխատակիցն իրավունք չունի դիմումը չվերցնելու։ Այն վերցվում է և քաղաքացուն տրվում է մեկ աշխատանքային օրվա ժամկետ` փաստաթուղթը լրացնելու համար։ Այս նորամուծությունն արվել է քաղաքացիների վստահությունը համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով։ Ինչ վերաբերում է հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանքին, ապա այդ դեպքում նույնպես պահանջվում է դիմում, անձնագրի պատճենը, սակայն տեղեկանքը, ըստ գործող կարգի, կտրվի հաջորդ օրը։ Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմումները ներկայացնում են ծնողները` երեխայի ծննդյան վկայականի հետ։
-«Նորք» կենտրոնում սոցիալական քարտ չունենալու դեպքում մի քանի տեղեկանքներ էին տրվում` բանկային, հարկային գործարքների, աշխատավարձ, նպաստ ստանալու և նման այլ դեպքերի համար։ Անձնագրային ծառայությունը նո՞ւյնպես տրամադրելու է այդ տեղեկանքները, թե՞ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը բավարար է բոլոր ոլորտներում ներկայացնելու համար։
-Իրազեկ չեմ Ձեր նշած տեղեկանքների մասին, սակայն այս դեպքում խոսքը բացառապես հանրային ծառայության համարանիշի մասին է, ինչը նույն սոցքարտի համարն է։ Եվ որևէ այլ փաստաթուղթ տալու լիազորություն մեզ վերապահված չէ։
-Այսինքն, եթե քաղաքացուն տրվում է հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը, ապա այն ազատ կարող է ներկայացվել այլ ոլորտներում` լուծելով բոլոր հնարավոր խնդիրները։
-Այո, հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը բացառում է քաղաքացու` այլ ծառայություններ մատուցելուց հրաժարվելու դեպքերը կամ նրա իրավունքների սահմանափակումը։ Այսինքն, տեղեկանքը երաշխիք է, որ քաղաքացու իրավունքներն առանց խոչընդոտելու իրականացվեն։
-Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ իմ ծանոթներից մեկը վերջերս դիմել էր զբաղվածության կենտրոն, որտեղ նրանից պահանջել էին ոչ միայն Ձեր նշած տեղեկանքը, այլև որ դրանում գրանցված լինի, թե որտեղ է ներկայացվելու` ի՞նչ գործարքի համար է տեղեկանքը։
-Մեր քաղաքացիները պետք է հստակ իմանան, որ ցանկացած պետական մարմին կամ պաշտոնյա կարող է պահանջել միայն այնպիսի փաստաթուղթ, որը պահանջելու լիազորությունը նա ունի։ Շատ լավ կլինի, որ մեր քաղաքացիները միշտ ճշտեն` ի՞նչ իրավասության շրջանակներում են իրենցից տվյալ փաստաթուղթը պահանջում. դրանից վտանգ չկա։ Երկրորդ, մենք տրամադրում ենք տեղեկանք հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին, ավելի բան մենք չենք տալիս։ Եվ ոստիկանություն ուղղորդելուց առաջ մեր գործընկեր բոլոր պետական կառույցները պետք է իմանան, որ ոստիկանությունը որևէ այլ տեղեկանք, բացի նշված համարանիշ ունենալու կամ չունենալու մասին, չի տրամադրելու, և քաղաքացիներից ավելորդ փաստաթղթեր չպահանջեն։
-Փաստորեն, չի բացառվում, որ պետական կառույցը կարող է և տեղյակ չլինել կատարված փոփոխությանը։
-Չեմ բացառում։ Վերջին հաշվով օրենքը, ակտերը նոր են ուժի մեջ մտել` հուլիսի 1-ից։ Եվ, կարծում եմ, իրավական իրազեկման կարիք ունեն բոլորը։
-Դուք նշեցիք, որ անչափահաս երեխաների դեպքում դիմումը ներկայացնում են ծնողները։ Նորածինների դեպքում ծննդյան վկայականի հետ կարո՞ղ են ստանալ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքը։
-Ըստ գործող կարգի, ծնողը` երեխայի օրինական ներկայացուցիչը, դիմում է անձնագրային ծառայությանը համարանիշ ստանալու կամ չստանալու համար։ Ի վերջո, համարանիշ ունենալ- չունենալը քաղաքացու ընտրության հարցն է։ ՈՒզում եմ նշել մեկ բան. ըստ կարգի, հանրային ծառայության համարանիշը ենթակա է ամրագրման ոչ միայն նույնականացման քարտում, այլև անձը հաստատող այլ փաստաթղթերում։ Խոսքը, մասնավորապես, քաղաքացիություն չունեցող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի և օտարերկրացիների կացության քարտերի մասին է։ Տեղեկացնեմ, որ հանրային ծառայության համարանիշը բառացիորեն ոչ թե ամրագրվելու է, այլ տրվելու է տեղեկանքի ձևով։ Այսինքն, թող չզարմանան, եթե այդ համարանիշն ամրագրված չլինի վերը նշված փաստաթղթերում. օրենքով ամրագրել ասվածը ենթադրում է այդ տեղեկանքի տրամադրումը։
-Հանրային ծառայության համարանիշ ունենալու կամ չունենալու մասին դիմումներն ո՞ւմ անունով են հասցեագրվում։
-Դիմումը գրվում է կա՛մ անձնագրերի և վիզաների վարչության պետի, կա՛մ էլ ըստ հաշվառման վայրի անձնագրային ծառայության պետի անունով։ Հանրային ծառայության համարանիշ ստանալու համար քաղաքացին պետք է հաշվառված լինի բնակչության հաշվառման ռեգիստրում։ Դա քաղաքացու պարտականությունն է, որը կարգավորված է օրենքով։ Որպեսզի տեղերում խնդիրներ չառաջանան, նախապես խնդրում եմ մեր քաղաքացիներին` լուծել իրենց հարցերը պետռեգիստրում։ Ի դեպ, հաշվառման վայրը փոխելը և մեզ չներկայացնելը հունիսի 1-ից համարվում է վարչական իրավախախտում, ինչը տուգանվում է 3000 դրամի չափով։


Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հ. Գ.- Նյութը պատրաստ էր, երբ Գյումրիից բողոքներ ստացանք, որ դիմում են անձնագրային ծառայությանը սոցիալական քարտերը հետ վերադարձնելու համար, սակայն անձնագրային ծառայությունից ուղարկում են սոցապ նախարարություն։ Նախարարությունն էլ իր հերթին մերժում է քաղաքացիների դիմումները` ուղարկելով նրանց անձնագրային ծառայություն։ ՀՀ ոստիկանությունից ճշտեցինք, որ սոցիալական քարտերի հետվերադարձման խնդիրը կարգավորված չէ նոր օրենքով։ Նկատենք, որ մինչ հանրային ծառայության համարանիշի մասին օրենքի ներմուծումը քաղաքացիներն իրավունք ունեին ոչ միայն հրաժարվելու, այլև հետ վերադարձնելու իրենց սոցիալական քարտերը` հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված «Խղճի ազատության» դրույթը, որի համաձայն էլ Սահմանադրական դատարանը որոշում էր կայացրել չպարտադրել սոցիալական քարտերը։ Երկու` սոցքարտից հրաժարվելու կամ դրանք հետ վերադարձնելու դեպքերում գործում է դիմումի հստակ ձև առ այն, որ քաղաքացին, ելնելով խղճի ազատության սկզբունքներից և իր դավանանքի պատճառով, հրաժարվում է կամ էլ հետ է վերադարձնում սոցիալական քարտը։ Հանրային ծառայության համարանիշերի դեպքում սոցքարտի, ինչպես նաև համարանիշի հետվերադարձման խնդիրը լուծված չէ, ինչը հակասում է Սահմանադրական դատարանի որոշմանը և չի բխում Սահմանադրության պահանջներից։ Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, ոստիկանությունն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ միասին սկսել է աշխատել այդ բացը լրացնելու ուղղությամբ, և կառավարության առաջիկա նիստերից մեկում այն պետք է ներկայացվի։ Հուսով ենք, որ հայրենի ոստիկանությունը կհարգի իր քաղաքացու սահմանադրական իրավունքը։

Դիտվել է՝ 6593

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ