Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ... (Հ.Թ.)
ՈՒշադրություն
Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելը կամ համարձակությունը նրա մասին խոսելու Հայաստանի սահմաններից դուրս համարվում է աններելի քայլ և արժանանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն կողմից պատժի՝ աշխատանքից հեռացում (և կամ մեծահոգաբար հորդորել սեփական դիմումի համաձայն հեռացում):
Սա ձևակերպվում է որպես միակ լուծում , քանի որ հակառակ դեպքում կհամարվի Գերատեսչության կողմից ընկրկում, իսկ առանց խոնարհումի և քծնանքի գործելը նախադեպային բնույթ կկրի. շատերի մոտ համարձակություն կծնվի: Վերջինս կարծես այդքան էլ լավ բան չէ:
Կեղծ բարեպաշտության և քաղաքավարության քողի ներքո արդեն ամիսներ շարունակ իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված:
Սակայն վստահ եմ, որ Հովհ. Թումանյան թանգարանի բացառիկ նվիրյալ աշխատակիցների թիմային ու ներդաշն գործելու շնորհիվ շարունակվելու է Հայաստանում և նրա սահմաններից դուրս, անգամ աշխարհի հեռավոր անկյուններում, հայ մարդուն և օտարին հաղորդակից դարձնելու առաքելությունը էն Անհուն աշխարհին, որ կոչվում է Թումանյանական խոսքի, մտքի աշխարհ: Քանի որ ամենուր այն ընդունվել է իբրև լույսի, ճշմարտության, հումանիզմի և իմաստնության ձգտման մի ճանապարհ: Եվ այդ ճախրանքը ոչինչ և ոչ մեկը չի կարող կասեցնել:
ՀՀ ԿԳՄՍ որոշ պաշտոնյաների՝ սեփական անգործությունը քողարկելու համար նման գործելաոճ որդեգրելը միայն ժպիտ է առաջացնում:
Նմանը չունեցող գայլուկը գործեց իր ճիգերի ամբողջ ուժով: Եվ քանի որ կարողություններից շատ էր ճիգը, վրիպումների մի ողջ շղթա հյուսեց:
Հարգելի՛ տիկին նախարար
Zhanna Andreasyan խնդրեմ հնարավորություն տվեք Ձեզ հետ հանդիպումների և բաց զրույցների՝ առանց միջնորդների:
Ճշմարտությունը երբեք չի կորչում: (Հ.Թ.)
Անի ԵՂԻԱԶԱՐՅԱՆ