7-րդ գումարման Ազգային ժողովն ամեն անգամ յուրովի է ապացուցում՝ նման որակի խորհրդարան հայոց պատմության մեջ, իրոք որ, չի եղել: Իհարկե շատ կցանկանայինք, որ խոսքը դրական որակի մասին լիներ, ինչպես հաճախ սիրում է նշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց, ցավոք, մատուցվող տեսարանները դրա մասին չեն վկայում: Հերթական թոք-շոուն հայրենի օրենսդիրում բեմադրեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: Դասականի ասած՝ «կուլտուրական» երկու մարդ հայհոյանք հնչեցրին երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից՝ չկաշկանդվելով, որ նույն դահլիճում նաև կանայք կան: Չնայած՝ նրանք երբեք էլ առանձնապես կնամեծար չեն եղել: Գենդերային հավասարության, հասարակությունում կնոջ դերի բարձրացման մասին զօրուգիշեր խոսող, մինչև խորհրդարանում հայտնվելն այդ թեմաների հանրահռչակման համար «գրանտներ» ստացող իշխանական պատգամավորներից որևէ մեկը համարձակություն չունի քննադատելու ընդդիմադիր պատգամավորի հասցեին վիրավորական ռեպլիկ հնչեցրած ԱԺ փոխխոսնակին: Դեռ ավելին՝ դահլիճում նստածները քմծիծաղով զմայլվում էին նրա մտքի փայլատակումներով: Ազգային ժողովի փոխնախագահի կռիվը, պարզվում է, միայն Էդմոն Մարուքյանի հետ չէ: Խորհրդարանում «տրյապկաների» մասին ասքը կարդալուց հետո իր իսկ տան բակում մենամարտել է «ԱդեկվաԴ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանի հետ: Քննությունը, հուսանք, ցույց կտա, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, հետևաբար, զերծ մնալով մեղավորներ փնտրելուց, արձանագրենք միայն՝ պարոն Սիմոնյանն էմոցիաները դույզն-ինչ զսպելու կարիք ունի: Ոչ միայն նա, խորհրդարանականների մի մասը, որ մեկը մյուսի հետ լեզվակռվի մրցույթի են դուրս եկել, ունի դրա անհրաժեշտությունը:
«Նմանատիպ բանավեճերն ու թեժացումները, ինչ-որ առումով, նորմալ են,- «Իրատեսի» հետ զրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը,- Աշխարհի շատ երկրներում քաղաքական այնպիսի բանավեճերի ականատեսն ենք լինում, ինչից հետո պատգամավորներն իրար ծեծում-ջարդում են»: Նորմալ չէ, բայց, այո, քաղաքական գործիչներն էլ միս ու արյունից են, երբեմն պոռթկում են, բղավում, միմյանց վրա բաժակ շպրտում, հարվածում: Բայց եթե այլ երկրներում այդ ամենի հիմքում քաղաքական բանավեճ է, «իզմերի» հակասություն ու գաղափարների բախում, մեզ մոտ քստմնելի լեզվակռիվ է ընդամենը: Նոր, բարձր որակի Ազգային ժողով, պարոնայք, չունենք մենք: Քանի դեռ ձեզանից շատերը չեն հասկացել, թե ինչ բան է քաղաքականությունն ու մանդատը, չեն հասկացել, որ Facebook-ում «թույն» գրառումներ անելը վերլուծական մտքի դրսևորում չէ, որակ չի լինելու: Մեծամասնության ներկայացուցիչները, որ սրբորեն են պահում 7-րդ գումարման խորհրդարանի ոսկե կանոնը, այն է՝ մի մարդու նման ծափ տալ Փաշինյանի «ասֆալտին փռելու, թաթիկները կտրելու ու ծնոտներին խփելու» մասին ելույթները, պետք է հասկանան կամ գուցե սովորեն, որ ընդդիմադիրների՝ հաճախ սադրող ելույթների նկատմամբ զսպվածություն պետք է ցուցաբերեն: Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ամեն մի ելույթից հետո ՀՀԿ-ականները նրանից հաշիվ պահանջեին ու նիստերը լեզվակռվի վերածեին: Համոզված եմ՝ առաջիկայում նոր կատակերգությունների պակաս չի լինի կրկեսի վերածված օրենսդիրում, բայց երբեմնի թիմակիցներին միմյանց հետ հաց կիսելու հանգամանքը, գոնե դույզն-ինչ, պետք է կաշկանդի, եթե, իհարկե, դա նրանց համար չափանիշ է:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ