Խորհրդարանական երկրում ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել
18.02.2020 | 11:54
Արդեն փաստել էինք, որ խորհրդարանական ընդդիմությունը, մասնակցելով ՍԴ-ի գործող կազմը լուծարելու վերաբերյալ հարցի քննարկմանը, ըստ էության, լեգիտիմացրել էր այդ գործընթացը՝ իշխանության ջրաղացին ջուր լցնելով։ Սակայն դրանից հետո խորհրդարանական ընդդիմությանը ոչ պակաս կարևոր փորձություն էր սպասում՝ ցույց տալու, թե որքան «իրական» ընդդիմություն են ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն գործող իշխանության համար։ Պարզվեց, որ այս հարցում էլ նրանք հավատարիմ մնացին իրենց անողնաշար կեցվածքին։ Ի՞նչ դիրքորոշում են այսօր այդ ուժերը հանրաքվեի վերաբերյալ որդեգրել։ Հստակ «այո» կամ «ոչ» չեն ասել հանրաքվեի անցկացմանը, ավելին, չեն էլ հայտարարել բոյկոտի մասին, որը ևս քաղաքական դիրքորոշում է։ Քաղաքական գործընթացները ենթադրում են մասնակցության այս երեք ձևը (համենայն դեպ, մինչ այս եղած քաղաքական իրական գործընթացներում դեռ այլ բան չի հորինվել), սակայն Հայաստանում քաղաքականությունը վաղուց իր «ուղեծրից» դուրս է եկել ու դժվար է ասել՝ երբևէ կվերադառնա՞, թե՞ ոչ։
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայտարարել են, որ չեն մասնակցի այս գործընթացին։ Ի՞նչ ասել է՝ չմասնակցել, դա ո՞րն է։ Եթե բոյկոտն է, պիտի ուղիղ ասել, եթե «ոչն» է՝ առավել ևս։ Այսինքն, այդ ուժերն իրենց ընտրազանգվածին ի՞նչ են ասում, ինչպե՞ս են ուղղորդում։ Իմա՝ հանրաքվեի օրը տնից դուրս չգա՞ք, ականջներդ փակե՞ք, լեզուներդ էլ ատամների հետևու՞մ պահեք։ Ինչպե՞ս պիտի նրանք իրենց դիրքորոշումը բացատրեն, հիմնավորեն։ Ի վերջո, քաղաքական տրամաբանությունը նաև հստակություն է պահանջում. չմասնակցելը դեռ չի նշանակում բոյկոտել։ Այս անհոդաբաշխ, լղոզված հիմնավորումից գոնե իրենք մի բան հասկանու՞մ են ու արդյոք դա իր ենթատեքստում այլ բան չի՞ նշանակում։ Արտաքինից իբր փրկել դեմքը, բայց, ինչպես ասում են, «տակից» աշխատել իշխանության օգտին։ Ահա սա՞ է մեր խորհրդարանական ընդդիմության հասկացած «չմասնակցությունը»։
Մինչդեռ եթե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտարարեին բոյկոտի մասին, պետք է «հանրաքվեի բոյկոտի» միասնական շտաբ ձևավորեին, դիմեին իրենց համախոհ արտախորհրդարանական ուժերին ու միասնաբար հանրաքվեն բոյոկտելու կոչ անեին ժողովրդին։ Այսինքն, այդ ուղղությամբ քարոզչություն իրականացնեին։ Իսկ այս պարագայում այդ ուժերն այն նույն ծառայությունն են մատուցում իշխանություններին, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք՝ այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ թե բոյկոտում է, այլ պարզապես չի մասնակցում այդ գործընթացին։ Դրանից շատ չանցած՝ 2017-ին, «Ելքը»՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, հայտնվեց խորհրդարանում։
Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների առնչությամբ պատմական փոքր էքսկուրս անենք, հիշենք 2003-ին և 2005-ին ընդդիմության գործելաոճը։ Խորհրդարանական ընդդիմադիր «Արդարություն» դաշինքն առաջնորդում էր սահմանադրական փոփոխությունների 2003-ի «ոչի» և 2005-ի «բոյկոտի» շտաբները, որոնց ղեկավարը դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էր։ 2003-ի փոփոխությունները չընդունվեցին, իսկ 2005-ի հանրաքվեն ժողովրդի շրջանում ստացավ «ուրվականների» հանրաքվե անունը, որովհետև բնակչության մեծամասնությունը, ըստ ընդդիմության, բոյկոտել էր այն, իսկ իշխանությունը կեղծիքներով էր հանրաքվեն անցկացրել։
Հավարտ նշենք, որ Հայաստանի ԱԺ-ի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընդդիմությունը ոչ մի դիրքորոշում չունի երկրում կատարվող այնպիսի էական գործընթացի վերաբերյալ, ինչպիսին է հանրաքվեն։ Այլ կերպ ասած, ընդդիմությունը «ոչինչ չանելու» դիրքորոշում է որդեգրել։ ՈՒ սա այն դեպքում, որ Հայաստանը համարվում է խորհրդարանական երկիր։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ