Աշխարհի բոլոր քաղաքագետներին, վերլուծաբաններին, փորձագետներին չի հաջողվել ու դժվար թե երբևէ հաջողվի պարզել, թե, ի վերջո, ով է հաղթելու նախկինների ու ներկաների անվերջանալի պայքարում: Պարզ ու անվիճելի է, որ այդ պայքարից միակ տուժողը հասարակությունն է: Հեղափոխականների հայտարարություններով ոգևորված մարդիկ, որ սպասում էին, թե նախկինների հեռանալուց հետո ծորակներից մեղր է հոսելու, հավերն էլ ոսկե ձվեր են ածելու, հասկանում են՝ սպասումները չեն արդարանում: Իշխանությունն ունի դրա պատասխանը՝ մեղավորը նախկիններն են, որ տարիներով կեղեքել են երկիրը, թալանել են, գռփել են, հանցավոր են եղել և այլն: Սա, կարծում եմ, նորերին միայն բնորոշ չէ, քաղաքական պարզ հնարք է, որ օգտագործվել ու օգտագործվելու է բոլոր ժամանակներում:
Պատգամավորների օրինակով կարող եմ ասել՝ մանդատ ստացած երիտասարդները հեշտությամբ ու հարմար տեղավորվել են հների կարած կոստյումի մեջ ու դարձել այն, ինչ քննադատել են օրնիբուն: Հասարակությունից կտրվելու ու մարդկային պարզ հարաբերությունները շրջանցելու առումով բավական «առաջընթաց» ունեն նրանք: Իմքայլական պատգամավորներից շատերը, որ նախկինում այս կամ այն ձևաչափով չեն կաշկանդվել լրագրողների հետ զրույցներում, այժմ դժվարությամբ են շփվում հասարակությունն ու իշխանությունը կապող օղակի՝ լրատվամիջոցների հետ: Իսկ ամենազավեշտալին այն է, որ վերևից են նայում մեզ, ոմանք էլ` քթները ցցած, առանց բարևի, հպարտ կեցվածքով, քիչ չէ դժվարությամբ են համաձայնում հարցազրույց տալուն, դեռ մի բան էլ իրավունք են վերապահում նախապես ճշտելու՝ իսկ ի՞նչ հարցեր ենք տալու: Այո, սիրելիներս, իրավիճակ չի փոխվել. ինչպես նախորդ գումարման խորհրդարաններում, այնպես էլ այժմ լրագրողներս լավ գիտենք՝ ովքեր են պատրաստակամները, ովքեր՝ «ծլկողները», ովքեր` ջուր ծեծողներն ու ովքեր` լրագրողների հետ շփվելն իրենց պատվից ցածր համարողները: Իհարկե, բացառություններ միշտ կան, որոնք, ցավոք, նույն տրամադրվածությունն ու մարդկային կերպը չկորցնելու պարզ արվեստն իրենց գործընկերներին չեն փոխանցում:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ